...

Վարույթ է հարուցվել ՀՀ ազգաբնակչության դեմ

Վարույթ է հարուցվել ՀՀ ազգաբնակչության դեմ

Մեր տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմում կրած պարտության համար հերթով բոլոր զինվորականներին մեղադրելու գլխացավանքից խուսափելու նպատակով ՀՀ Քննչական կոմիտեն որոշել է առանձին վարույթ նախաձեռնել և միանգամից մեղադրանք առաջադրել ՀՀ ողջ ազգաբնակչությանը։ Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մեղադրական եզրակացության նախնական տարբերակը, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ազգաբնակչությունը ցուցաբերել է բացառիկ անփութություն և անտարբերություն, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։ Մասնավորապես․

  • ՀՀ ազգաբնակչությունը պատշաճ կերպով չի կատարել ՀՀ Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար, պահեստազորի շարքային Ն․ Վ․ Փաշինյանի հրամանը՝ նկուղներում և խորդանոցներում գտնել զինվորական համազգեստ և զրահաբաճկոններ, հավաքվել զինկոմիսարիատների մոտ, կազմել ջոկատներ, ընտրել հրամանատարներ, մեկնել առաջնագիծ և հաղթել։
  • ՀՀ ազգաբնակչության կողմից ձևավորված կամավորական ջոկատները չեն կիրառվել իրենց մարտական հնարավորությունները և իրենց վստահված ինքնաձիգներով կործանիչ հակահարված չեն հասցրել հակառակորդի զրահատեխնիկային, հեռահար հրետանուն և մարտական ԱԹՍ-ներին՝ այդպիսով խաթարելով Արծրուն Հովհաննիսյանի կողմից նախապես ներկայացված հաղթական ընթացքը։
  • ՀՀ ազգաբնակչության իգական սեռի ներկայացուցիչները ոչ միայն չեն կատարել Ա․ Հակոբյանի՝ կամավորական ջոկատներ ձևավորելու կոչը, այլև հանցավոր պասիվություն են ցուցաբերել «Էրատո» ջոկատի հերոսական լուսանկարները լայքելու գործում, ինչը բացասաբար է անդրադարձել բանակի մարտական ոգու վրա։
  • ՀՀ ազգաբնակչությունը «դավաճան» անվանելու առերևույթ սպառնալիքով և շանտաժով ՀՀ Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար, պահեստազորի շարքային Ն․ Վ․ Փաշինյանին ստիպել է անտեսել հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորությունը, ինչը հանգեցրել է մարդկային և տարածքային ահռելի կորուստների։
  • 2020 թ նոյեմբերի 10-ի եռակողմ փաստաթղթի հրապարակումից հետո ՀՀ ազգաբնակչությունը ցուցաբերել է հանցավոր անտարբերություն և միասնաբար դուրս չի եկել փողոց, ինչը ՀՀ Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար, պահեստազորի շարքային Ն․ Վ․ Փաշինյանին հնարավորություն կտար անմիջապես հրաժարվել այդ փաստաթղթից և կարճ ժամանակում արժանի հակահարված հասցնել հակառակորդին։

Այսպիսով՝ ՀՀ ազգաբնակչությանը մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի N հոդվածով (հինգհազարամյա ժողովրդին անհարիր պաշտոնեական անփութություն, որը հանգեցրել է առանձնապես ծանր հետևանքների)։ Որպես ազգաբնակչության խափանման միջոց ընտրվել է բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը, իսկ N հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափը սահմանվել է 7-10 տարի՝ գործող իշխանությունների պայմաններում»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   76030 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ