...

Վերահսկում են, որքան հնարավոր է

Վերահսկում են, որքան հնարավոր է

Հանրային սննդի օբյեկտներին, արտադրություններին և իրացման ցանցերին ուղարկվել են ուղեցույցներ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր ահազանգում են, որ արագ սննդի պատրաստման կետերում վաճառողները նույնիսկ ձեռնոցներ ու դիմակներ չեն օգտագործում՝ սնունդը շարունակում է հենց այդպես, բացօթյա դրված մնալ տաղավարների վրա, հակահիգիենիկ տեսքով: 

Հանրային սննդի օբյեկտներին, արտադրություններին և իրացման ցանցերին ուղարկվել են ուղեցույցներ, թե ինչպիսի ախտահանման աշխատանքներ պետք է կատարել և ինչ հաճախականությամբ: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում պարզաբանեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը փոխանցեց, որ մարտի 12-ին հանձնարարականներ ուղարկվել են հանրային սննդի կետերին և արտադրություններին, իսկ կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերելուց հետո ախտահանման աշխատանքների վերաբերյալ ցուցումներ ստացել են իրացման ցանցերը:

«Մենք ուղեցույցներն ուղարկել ենք, ցուցումները տվել ենք, իսկ ամեն խանութում ամեն ժամի մեր աշխատակիցները չեն կարող լինել: Վերահսկում ենք, որքան հնարավոր է: Մեր տեսուչներն անընդհատ այցելում են՝ ստուգումներ են կատարվում: Եթե բողոքներ լինում են, գնում ենք դրանց հասցեով: Մենք ունենք 25 000 տնտեսվարող և 10 000-ից ավելի իրացման ցանցեր, չենք կարող յուրաքանչյուրի կողքին մարդ կանգնեցնել, որ անընդհատ վերահսկի»,- ներկայացրեցին տեսչական մարմնից:

Այստեղ կարևորում են տնտեսվարողի պատասխանատվությունը: Պատկան կառույցի կողմից համապատասխան ուղեցույցներ ստացել են, մնում է, որ իրենք պատասխանատվություն դրսևորեն և պահպանեն սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

«Ունենք ստուգումների գործընթաց, որոնք չենք չեղարկել: Մեր գործառույթներն ամբողջությամբ այս պահին իրականացնում ենք»,- նշեց նա:

ՍԱՏՄ-ի թեժ գիծն այս օրերին զանգեր ստանում է, բայց այդ քանակը չես կարող համեմատել ֆեյսբուքի օգտատերերի կողմից հնչող ահազանգերի հետ: 

«Զանգերը վերաբերում են սննդամթերքի պահման պայմաններին, մակնշմանը: 3 ահազանգ եղել է սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ: Կոնկրետ զանգեր չեն եղել, որ վերաբերեն կանխարգելման միջոցառումներին: Դրանք ֆեյսբուքում են»,- ասաց ՍԱՏՄ ներկայացուցիչը:

Իսկ ինչ վերաբերում է բացօթյա առևտրին, ապա Երևանի քաղաքապետարանը հորդորում է չգնել փողոցում վաճառվող սննդամթերք: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: 

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ