...

Վիրուսն ու դոլարը պարարտանյութի վրա են ազդել

Վիրուսն ու դոլարը պարարտանյութի վրա են ազդել

Պարարտանյութը թանկացել է

Գնաճը չի շրջանցել նաև պարարտանյութի շուկան: Հանրապետությունում և աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում որոշակի թանկացում է տեղի ունեցել պարարտանյութերի շուկայում:

Արժեքի բարձրացման վրա տարբեր գործոններ են ազդել: Բոլորն էլ, ըստ «Արտագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն տնօրեն Արթուր Կտրակյանի, օբյեկտիվ պատճառներով: 

Մի կողմից, փակ սահմանների դեպքում դժվարությամբ է կազմակերպվում Պարսկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից պարարտանյութերի ներկրումը: Պարարտանյութի ներկրմամբ զբաղվողը «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախատեսված ժամանակահատվածում չեն կարողացել ապրանք բերել տրանսպորտային միջոցների աշխատանքի պատճառով:

«Առաջ, եթե օրական բաց էին թողնում 100 բեռնատար մեքենա, հիմա վարորդներն ասում են, որ բաց են թողնում միայն 20 բեռնատար՝ ախտահանում էին մեքենաները և ընթացքը դանդաղում էր: Ճանապարհին բացի հայկական և վրացական մեքենաներից գումարվեցին նաև թուրքական մեքենաները, որոնք եթե առաջ այլ ճանապարհով էին գնում, վիրուսի հետ կապված սկսել են Լարսով գնալ: Հերթեր գոյացան: Տրանսպորտային ընկերությունը, որն ամսական, օրինակ, մի մեքենայով 5-6 անգամ գնում-գալիս էր, հիմա ամիսը մեկ անգամ է գալիս:

Ավտոմեքենաները մոտ 20 օր ճանապարհներին էին անցկացնում: Բացի այս, ՌԴ «Եվրոսիմ» ընկերությունը որտեղից պարարտանյութ ենք բերում, այնտեղ էլ 100 տոկոսով չեն աշխատել՝ աշխատանքի գրաֆիկները կրճատել էին, աշխատողներին՝ պակասեցրել»,- ներկայացրեց նա:

Լրացուցիչ ծախսերի տակ են ընկել

Ճանապարհների դժվարությամբ պայմանավորված՝ տրանսպորտային ընկերությունները բարձրացրել են իրենց ծառայության գները: Արթուր Կտրակյանը նշեց, որ բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները հերթերի մեջ կանգնած ստիպված լրացուցիչ ծախսերի տակ ընկան՝ սննդի և դիզվառելիքի համար:

«Պարարտանյութի ինքնարժեքը տրանսպորտային ընկերության ծախսերի հետ կապված բարձրացավ: Մի բեռնատար ամոնյակային պարարտանյութն արժի, օրինակ, 6000 դոլար, իսկ ավտոմեքենայի գինը մոտ 2500 դոլարի հասավ: Հաշվեք, թե ինքնարժեքի մեջ ինչքան տոկոս է կազմում ավտոմեքենայի ծախսը: Երբ ավտոմեքենայի ծախսը մեծանում է, հետևաբար, ինքնարժեքը բարձրանում է: Ուստի՝ թանկացավ նաև սիլիտրան»,- ասաց նա:

Պարարտանյութի գնի փոփոխության վրա այս ընթացքում դեր խաղաց նաև տարադրամի փոխարժեքը:

«Մենք գնում ենք միայն դոլարով, ռուսական ռուբլով իրենք չեն վաճառում: Դոլարը միանգամից, երբ 487-ից դարձավ 520, անդրադարձավ թանկացման վրա»,- նշեց գործարարը:

Այս ամենի հանրագումարի արդյունքում ամոնյակային պարարտանյութի մեկ պարկի արժեքը մանրածախ շուկայում հասել է մինչև 8500 դրամի: Վերջին օրերին, սակայն, գինը նվազել է: Մանրածախ առևտրի կետերում ամոնյակային պարարտանյութի գինն իջել է 7500 դրամի, մեծածախում՝ 7000:

Ուշացումով է ներկրվում

Վիրուսի պատճառով Պարսկաստանից որոշ ժամանակով պարարտանյութ չի մտել: «Արտագրո» ընկերության տնօրենի խոսքով՝ 3 ամսվա համար նախատեսված խմբաքանակը չեն կարողացել ներկրել, նոր են վերսկսել փոխադրումները: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի շրջանում պահանջարկն ավելացել է, և շուկան կանգնել է դեֆիցիտի վտանգի առաջ:

Պարարտանյութի շուկայում դեֆիցիտի առկայության մասին լուրերը հերքեց Էկոնոմիկայի փոխնախարարը: Նա վստահեցրեց, որ առկա է նաև վրացական պարարտանյութ, իսկ մեծածախ գները տատանվում են 7-8 հազար դրամի սահմաններում:

Երեկ Արենիի համայնքապետարանը գյուղատնտեսներին զգուշացրել է, որ պարարտանյութի շուկայում գների փոփոխության հետևանքով մեկ պարկ ազոտական պարարտանյութի վերջնական արժեք է սահմանվել 6850 դրամը։ 

«Վաճառողները, որոնք ուզում էին շուկան վերցնել, ստից մի հատ գին են ասում, որ մենք 6000 դրամով կտանք, որպեսզի ոչ մեկից չգնեն և կարողանան իրենք միայն շուկա պարարտանյութ բերել: Դա առևտրային խաղ էր: Ինքնարժեքը նույնիսկ այդքան չի կազմում: Վրացականը, եթե բերում են երկաթուղով, միգուցե ավելի էժան գին լինի»,- նկատեց Արթուր Կտրակյանը:

Գյուղատնտեսական ապրանքների առք ու վաճառք իրականացնող տնտեսվարողը հուսադրում է՝ հիմա վիճակը լավացել է՝ ճանապարհային ծախսերը կրճատվել են, պարարտանյութի արժեքն էլ վերադառնում է նախկին գնին:
Բայց դեռ շատ կա, որ հասնի նախորդ տարվա գներին:

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ