...

Վիտալի Բալասանյա՛ն, ռազմի դաշտը քաղաքական արոտավայրի չվերածե՛ք

Վիտալի Բալասանյա՛ն, ռազմի դաշտը քաղաքական արոտավայրի չվերածե՛ք

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը «Առավոտ» օրաթերթի իր հայտնի հարցազրույցում, անդրադառնալով հայաստանյան երկու հասարակական կազմակերպությունների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելուն,  քաղաքական առումով  շատ վտանգավոր է համարել և ասել է. «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»։  Այնուհետև, շարունակելով միտքը, Արցախի հերոսը շատ ավելի զավեշտական բան էլ է ասել. «Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են...»: 

Իհարկե, մենք չենք կասկածում և հարգանքով ենք վերաբերվում, որ Վիտալի Բալասանյանը պատերազմի դաշտում  ռազմական հաջողություններ է ունեցել և Արցախի հերոս է դարձել, բայց պատերազմի դաշտն ու քաղաքական դաշտը տարբեր բաներ են, ինչը չի ուզում համառորեն ընդունել Արցախի հերոսը: Երբ  ռազմական գործիչը  քաղաքական խղճուկ կամ էլ քաղաքական գիտելիքների իսպառ բացակայության դեպքում քաղաքական մտքեր է արտահայտում, վերջում անհարմար բան է ստացվում: Վիտալի Բալասանյանն անտեղյակ քաղաքականությունից կամ պիտի լռեր կամ էլ գոնե խորհրդական ունենար և նոր ինչ-որ քաղաքական հարցերի մասին բարձրաձայներ, որ ստվերում չթողներ ռազմական հաջողությունները:

Ահա այսպես, Վիտալի Բալասանյանը հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունը համարում է անմիջական միջամտություն  Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը։ Մինչդեռ, ԼՂՀ «Ընտրական օրենսգրքի» 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ասվում է, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին: Իսկ վերը նշված կազմակերպությունները չեն աջակցում ո՛չ կուսակցության, ո՛չ դաշինքի և ո՛չ էլ թեկնածուների, ունեն նաև դիտորդական առաքելության փորձ:

Եթե ընտրությունները տեղի են ունենալու առանց կեղծիքների, ազատ ու արդար, ապա երկրի ղեկավարներն իրենք պիտի հրավիրեն շատ դիտորդների, իսկ դիտորդները լեգիտիմացնում են ընտրությունները: Ի՞նչպես  կարող են ժողովրդավարական երկրի ղեկավարներն ընտրությունների ժամանակ դեմ լինեն դիտորդների ներկայությանը:

ԼՂՀ-ում տեղի են ունեցել բազմաթիվ ընտրություններ, ընտրություններին ներկա են գտնվել բազմաթիվ տեղական և միջազգային դիտորդներ և անսասան են թողել  Արցախի թե՛ սուվերենությունը, թե՛ սահմանադրությունը, և ոչ մեկի մտքով չի անցել, որ դիտորդները կարող են միջամտել  ԼՂՀ սուվերենությանն ու Սահմանադրությանը: Ինքներդ էլ հասկանում  եք, որ դիտորդական առաքելությունը չի կարող վտանգ ներկայացնել Արցախի ո՛չ սուվերենությանը, ո՛չ էլ սահմանադրությանը: Արցախի հերոսի անհանգստությունը հիմնավորում չունի:  

Իսկ ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը,  որ «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպություններն եղել են իշխանաբռնազավթման գործիքներ, ապա սույնով Արցախի հերոսը հայտարարում է, որ 2018թ. Հայաստանի Հանրապետությունում իշխանազավթում  է տեղի ունեցել, իսկ 2018թ  Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել հանրության պահանջով, և ժողովուրդն է ձևավորել իր իշխանությունը:  Հայաստանում ոչ ոք չի կարող ասել, որ 2018թ. տեղի է ունեցել իշխանազավթում, իսկ թե Արցախի հերոսը որտեղից է ենթադրում, որ իշխանազավթում է տեղի ունեցել, անհասկանալի է: Վերջին քսան տարում առաջին անգամ ձևավորվել է լեգիտիմ իշխանություն, ինչը դուր չի եկել Արցախի հերոսին: 

Ջավահիր Այվազյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ