...

Արցախի հերոսը նաև ստախոս է

Արցախի հերոսը նաև ստախոս է

Ուժային երկու կառույցների ղեկավարներին պաշտոնանկ անելուց հետո  մեղադրյալ Քոչարյանի մերձավոր շրջապատը քուն ու դադար չունի, ինչը տարբեր դրսևորումներ է ունենում։ Գործի են դրել ողջ ռեսուրսները։

Տեսան, որ մեղադրյալ Քոչարյանի  երևանյան աջակիցների լայնածավալ քարոզչությունը լումայի արժեք չունեցավ, անցան ամենավտանգավոր սահմանը՝ Քոչարյանի  ձեռքով փակուղի տարած Ղարաբաղյան հակամարտության լուծումն են շահարկում։ Ղարաբաղի հերոս Վիտալի Բալասանյանը տարատեսակ մեղքերի մեջ  է մեղադրում ժողովրդի կողմից ընտրված Նիկոլ Փաշինյանին և հիմնական մեղադրանքն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Արցախի մասով, շարունակությունն է Տեր-Պետրոսյանի քաղաքականության՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»:

Ղարաբաղի հերոսի ասուլիսը վտանգավոր տարրեր է պարունակում։ Գեներալն այն բառապաշարով էր խոսում, որով խոսում էին 1998-ի պալատական հեղաշրջումից առաջ։ Իհարկե, իրենց համար Արցախի հարցը չալաղաջ թեմա է, երբ նեղն են ընկնում, հեչ որ չլինի կասեն՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Ղարաբաղը ծախում է։ Ինչպես երևում է, հիմա շատ նեղն են՝ մեղադրյալ Քոչարյանի համար պատասխան տալու ժամանակն է և պիտի շահարկեն Արցախի հարցը։ 

Մտածում ես, պատերազմի հերոսը կարո՞ղ է այսքան անամոթ սուտ ասել։ Պարզվում է, որ կարող է։ Դժվար է ասել, թե այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ասուլիսին հերոս Վիտալի Բալասանյանը հետևել է, թե ոչ։ Եթե հետևած լիներ, գոնե այս անամոթ  սուտը չէր ասի։  Լևոն Տեր-Պետրոսյանն  ասել է, որ մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի,  «Սերգո ջանը» լավ չի ապրելու։ «Սերգո ջանի» լավ ապրելուն չենք անդրադառնում, դա այլ խոսակցության թեմա է։ Պատերազմում հաղթած Զինված ուժերի գլխավոր հրամանատարն  ինչպե՞ս  կարող էր ասել Ղարաբաղը հանձնելու մասին, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի մտքին լիներ Ղարաբաղ հանձնել, ապա Ղարաբաղը հանձնելու ամենակարճ ճանապարհը պատերազմի ժամանակ էր, կարող էր հանգիստ հանձնել։ Նույնիսկ անիմաստ  է նման   անհեթեթությունը  մեկնաբանել։ Այո, շրջափակված և պատերազմող երկրում լավ ապրելը բացառվում է, և ստատուս քվոն պահպանելը միայն  և միայն ուժեղացնում է թշնամուն։ Իսկ ովքե՞ր են շրջափակված երկրում լավ ապրողները։ Նրանք, ովքեր քսան տարի է կերակրատաշտի մատույցներում են եղել և հիմա էլ կատաղի պայքար են մղում ռևանշի հասնելու համար։ Մեղադրյալ Քոչարյանն էլ էր հայտարարում, թե իր ղեկավարման տարիներին լավ էին ապրում։ Լավ ապրող երկրում ուսուցիչը 80 հազար դրամ չի ստանա և թոշակառուի համար էլ 50 հազար դրամը բարձր թոշակ չի համարվի։ 

Բարձր ենք գնահատում Վիտալի Բալասանյանի վաստակը Արցախյան պատերազմում և հարգանքով վերաբերվում նրա ռազմական  անցյալին։ Իհարկե, պատերազմն իր  բոլոր բաղադրիչներով դաժան բան է։ Չարիք է։ Պատերազմի դաժան բաղադրիչներից է  նաև այն, որ խաղաղ պայմաններում  պատերազմի հերոսն իր միջակ մտավոր կարողություններով, որ կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից, զբաղվում է քաղաքականությամբ և չարիք է դառնում հասարակության ու պետության համար։ Եթե պատերազմ չլիներ, ոչ ոք չէր իմանա, որ Ղարաբաղում կա Վիտալի Բալասանյան, և ինքն էլ  հանգիստ կզբաղվեր իր մտավոր կարողություններին համապատասխան գործով, բայց արի ու տես, որ հերոսն  իրեն թույլ է տալիս վարկաբեկել աշխարհահռչակ գիտնական, պետական ու քաղաքական գործիչ Լևոն-Տեր Պետրոսյանին և նենգափոխել խոսքը։ Մտածում է՝ հերոս է և իրեն ամեն ինչ կարելի է։ Իսկ  2012 թվականի Արցախի ընտրությունների նախաշեմին, որպես Արցախի նախագահի թեկնածու՝ Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքի  էջում ՀՀ ղեկավարներից միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ 1995 թվականին Արցախում արված լուսանկարն էր տեղադրել: Իսկ հիմա ի՞նչն է ստիպել հերոսին կարծիքը փոխել 180 աստիճանով։  Անչափ կարևորելով ընթերցողի կարծիքը, եզրակացությունը թողնում ենք ընթերցողին։ 

Վերջում մի փոքր մեզ նեղություն տանք և վերհիշենք։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդում Անդրեյ Սախարովին  լռեցնել էր փորձում կթվորուհին, կթվորուհուն թվացել էր, թե եթե ինքն էլ է նստած նույն դահլիճում, Անդրեյ Սախարովն էլ, ինքն իրավունք ունի։ Կթվորուհին այնքան էլ մեղավոր չէր, նա այնքանով էր մեղավոր, որ պատվեր էր կատարում։ Պարզապես կթվորուհին պիտի իր գործով զբաղվեր։ Հասարակությունը բազմաշերտ է լինում։ Սա ի միջի այլոց։ Թե՛ հասարակ մահկանացուներիս, թե՛ հերոսի համար անպատվաբեր բան է պատվեր կատարելը։ Յուրաքանչյուրս պիտի զբաղվենք այն գործով, որի համար կոչված ենք։ 

Դժվար է ասել, Վիտալի Բալասանյանի երկարաշունչ հարցազրույցներն ու  Ստեփանակերտի ասուլիսը, նույնիսկ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին մեղադրի Ղարաբաղը ծախելու մեջ,  կարո՞ղ են փոխել մեղադրյալ Քոչարյանին առաջադրված ծանրագույն  մեղադրանքի ծավալը։ 

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   6255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ