...

Բալասանյանի թիրախը մարտի 1-ի վկաներն են

Բալասանյանի թիրախը մարտի 1-ի վկաներն են

Արդեն մի քանի օր է, ինչ հասարակությունը վրդովված, սակայն ավելի շատ զարմացած է Արցախի նախկին ԱԽՔ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների վրա: Շատերն են հարց տալիս՝ ի՞նչ իմաստ ունեն այս և նմանատիպ հայտարարությունները: Չէ՞ որ Բալասանյանը պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, իսկ նման հռետորաբանությամբ, այն է՝ Փաշինյանին վերացնելու պատրաստակամության մասին բարձրաձայնելով, հնարավոր լինի հաղթանակի ակնկալիքներ ունենալ թերևս միայն Ադրբեջանում: Մինչդեռ Բալասանյանը մասնակցում է Արցախի ընտրություններին: 

Ուրեմն ինչո՞ւ է Բալասանյանը ինքնաոչնչացնող հայտարարություններ անում: Նախ, թե՛ Բլասանյանը և թե՛ նրան «դուխ» տվողները գիտեն՝ պաշտոնաթող գեներալը չունի ոչ մի ռեալ շանս՝ հաղթելու ընտրությունները: Նա անգամ առաջին հնգյակում տեղ չի զբաղեցնելու: Այսինքն՝ այս կարգի հայտարարությունները չեն կարող վնասել նրա վարկանիշին, որովհետև հնարավոր չէ վնասել մի բանի, որը պարզապես չկա: Բալասանյանի հայտարարություններն ավելի շատ կապված են Երևանում տեղի ունեցող գործընթացների հետ:

Պուտինի այցից հետո նախկին ռեժիմը հասկացավ, որ Մարտի 1-ի դատավարությունը տեղի է ունենալու, և ՌԴ նախագահը ցանկություն չունի կոշտ միջոցներով այն վիժեցնելու: Նախկինում նրանք ունեին նման հույսեր, որ Ռուսաստանն ուլտիմատիվ կերպով կպահանջի Մարտի 1-ի դատավարության առնվազն սառեցում: Նրանք դա հասկացան թե՛ Բելլա Քոչարյանի հետ վեցրոպեանոց հանդիպումից և թե՛ Փաշինյանի հասցեին ուղղված շռայլ խոսքերից, որ ասեց Պուտինը: Իսկ հայտնի իրողություն է, որ նա շատ ժլատ է խոսքերի շռայլման հարցերում: 

Լրջագույն դաշնակցի կորստով են պայմանավորված նախկին ռեժիմի մի շարք ներկայացուցիչների վերջին ջղաձգումները և հիվանդությունների ի հայտ գալը: Բալասանյանի և մնացածի հայտարարությունների իրական հասցեատերերը Մարտի 1-ի վկաներն են: Ամեն դեպքում մարդկանց մոտ կա վախ, որ կարող է տեղի ունենալ ռևանշ, իսկ այդ դեպքում վկաների ճակատագիրը կանխորոշված է: Իսկ եթե անգամ չձգեն ռևանշի, կա թարմ դեպք՝ Հայկ Հարությունյանի խորհրդավոր ինքնասպանությունը: Բալասանյանի վերջին բեմելը նպատակ ունի ստեղծել վախի մթնոլորտ, այսինքն՝ մենք կանք, ուժեղ ենք և անգամ կարող ենք բարձրաձայն ասել, որ պատրաստ ենք ֆիզիկապես ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին: 

Վկաների հետ աշխատանքը, նրանց անվտանգության ապահովումը և ֆինանսական շահագրգռման բացառումը լրջագույն աշխատանք է պահանջում՝ հատկապես հաշվի առնելով նրանց չափազանց մեծ քանակը՝ շուրջ 800 հոգի:

Անցյալ տարի հայտնվեց մեկ քաղաքացի, որը հայտարարեց՝ իր ներկայությամբ Սաշիկ Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանը կրակել և հրազենային վիրավորում է հասցրել մեկ այլ քաղաքացու: Այդ վկայության հիման վրա մեղադրանք առաջադրվեց Սերժ Սարգսյանի եղբորորդուն: Մեկ տարի անց վկան հայտարարում է, որ ինքն առողջ չէ և չի հիշում, թե երբ ինչ է ասել: Այսինքն՝ Վանեցյանի ԱԱԾ-ն ձախողել է անգամ մեկ վկայի անվտանգությունը: Քանիսինն է ձախողել վերոհիշյալ ութ հարյուրից, ցույց կտա դատավարությունը:

Իշխանությունը պետք է չափազանց կոշտ արձագանքի Բալասանյանի հոխորտանքներին՝ ցուցադրելով, որ տիրապետում է իրավիճակին և վկաները վախենալու ոչինչ չունեն: Հակառակ պարագայում, դատավարության ժամանակ մեղադրող կողմին սպասվում են բազում տհաճ անակնկալներ:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ