...

WikiLeaks. Եթե չլինեին Ռոբերտ Քոչարյանի ճնշումները, ՍԴ անդամները կբավարարեին ՀՀ առաջին նախագահի հայցը

WikiLeaks. Եթե չլինեին Ռոբերտ Քոչարյանի ճնշումները, ՍԴ անդամները կբավարարեին ՀՀ առաջին նախագահի հայցը

«Չորրորդ իշխանություն», 2011-09-05 

WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի շարքում կա մի ուշագրավ փաստաթուղթ, որը վերաբերում է 2008-ի կեղծված նախագահական ընտրությունների բողոքարկմանը ՍԴ-ում։ Փաստաթուղթը այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի զեկուցագիրն է` ԱՄՆ պետքարտուղարությանը։ Փաստաթղթով ապացուցվում է, որ ՍԴ-ն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը մերժել է միայն Ռոբերտ Քոչարյանի ճնշումների հետևանքով։

Այդ ամենը պարզ է դառնում 2008-ի մարտի 6-ին ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի և ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հանդիպման շնորհիվ։ Պողոսյանը պատմում է, թե ինչպես են նախագահականից ճնշում ՍԴ անդամներին, որպեսզի 2 օր անց ՍԴ անդամները մերժեն առաջին նախագահի բողոքը, չնայած որ, ըստ Պողոսյանի, ՍԴ անդամները հակված էին բավարարել առաջին նախագահի հայցը։ Փաստաթղթում պատմվում է Պողոսյանի և ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հանդիպման մասին։

Փաստաթուղթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

ՍԵՂՄԱԳԻՐ

Գ1. Մարտի 6-ի ուշ երեկոյան Վալերի Պողոսյանը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի ինը դատավորներից մեկը, գաղտնի կապ է հաստատել դեսպանատան հետ՝ իր տանը հրատապ հանդիպում կազմակերպելու խնդրանքով։ Պողոսյանը հայտնել է դեսպանատան պաշտոնյաներին, որ նախագահ Քոչարյանը նախապես կանխորոշել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հարցով մարտի 8-ին ակնկալվող ՍԴ վճռի ճակատագիրը։ Պողոսյանն ասաց, որ ինքն անձամբ, ինչպես նաև իր կոլեգաներից ոմանք ճնշումների են ենթարկվել նախագահականի կողմից։

Դատավորը նշեց, որ Հայաստանում այժմ տիրում է «բացարձակ բռնապետություն» և ավելացրեց, որ կեղծված որոշումը կարող է երկրի համար ունենալ «անկանխատեսելի հետևանքներ»։ Նա զգուշացրեց, որ եթե միջազգային հանրությունն այս կեղծ որոշումից հետո աչքաթող անի իշխանություններին, ապա դա անդառնալի վնաս կհասցնի Հայաստանին և կփշրի երկրի՝ ժողովրդավարության հասնելու որևէ հույս։

ԿԵՂԾՎԱԾ ՎՃԻՌ

Գ2. Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի երեկոյան գաղտնի կապ է հաստատել դեսպանատան հետ՝ հանդիպում խնդրելով իր տանը։ Պողոսյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի 9 անդամներից մեկն է, ով դատարանի առաջին նշանակված անդամներից է դեռևս 1996-ից։ Դատարանն այժմ քննում է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (ԼՏՊ) ներկայացրած բողոքը, որով պահանջում է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները։ ԼՏՊ-ն պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են և որ պետք է կայանան նոր ընտրություններ։  Վիճելի նախագահական ընտրություններում ԼՏՊ-ն երկրորդն էր ձայների 21.5%-ով, մինչդեռ վարչապետ և նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ստացավ 52.8%, որը բավարար էր ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար։ Վիճելի արդյունքներն առաջ բերեցին 11-օրյա բողոքի ցույցեր ԼՏՊ-ի համակիրների կողմից, որը մարտի 1-2-ին ավարտվեց իրավապահ մարմինների հետ արյունալի բախումներով և գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրությամբ։

Գ3. Թույլ և մռայլ տեսք ունեցող Պողոսյանը ներողություն խնդրեց դեսպանատան պաշտոնյաներից կապ հաստատելու համար, սակայն նշեց, որ իր մտահոգություններով գնալու այլ տեղ չուներ։ Նա բացատրեց, որ դեսպանատան հետ կապ է հաստատել, քանի որ նա գիտի, «թե ինչ արժեքներ է դավանում Ամերիկան»։ Նա հայտնեց, որ նախագահ Քոչարյանը որոշել է, թե ինչպիսին պետք է լինի մարտի 8-ին սպասվող ՍԴ որոշումը, որը պետք է մերժի ԼՏՊ-ի բողոքը։ Պողոսյանը նշեց, որ մարտի 4-ին՝ ԼՏՊ-ի բողոքի լսման նախօրյակին, իրեն զանգահարել և պահանջել է ներկայանալ նախագահական նստավայր մեկը, ով հանդես էր գալիս նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից։ Սկզբում ցնցվելով զանգից, այնուհետև նա ծիծաղել է զանգահարողի վրա, ապա մերժել պահանջը։ Այդ երեկոյան իր գրասենյակ կատարված մյուս զանգերը նա արհամարհել է։

Գ4. Պողոսյանը հայտնեց, որ իր կոլեգաներից առնվազն երեքը մարտի 4-ի առավոտյան արձագանքել է նախագահականից հնչած նույնատիպ պահանջներին, սակայն ինքը դա ապացուցել չի կարող։ Նա նշեց, որ այդ տեղեկատվությունը ստացել է վստահելի աղբյուրներից, որոնք նախագահական նստավայրում այդ օրը տեսել են ՍԴ այդ անդամներին։ Նա նաև նշեց, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, ով նույնպես այնտեղ է աշխատում, եթե նա չկարողանա համոզել Պողոսյանին ներկայանալ։ Պողոսյանը, ով վերջին երեք օրերին դատարանի կողմից քննվող բողոքի հարցով նիստերին չի ներկայացել և ի վերջո չի կարող մասնակցել վերջնական որոշման կայացմանը, ասաց, որ բացակայությունների պատճառ է հանդիսացել իր հիվանդ լինելը, սակայն վստահեցրեց, որ նույնիսկ առողջ լինելու պարագայում ինքը չէր մասնակցի նիստերին։

Գ5. Պողոսյանը նշեց, որ նախագահականից կատարվող այս ճնշումների հարցը նա բարձրացրել է իր կոլեգաների մոտ, որը սակայն «արհամարհվել է» նրանց կողմից։ Նա նաև հայտնեց, որ դատավորներից մեկը՝ Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ իր որդու՝ Տիգրան Բալայանի ԱԳՆ խոսնակ նշանակվելու միջոցով (նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն աշխատանքից հեռացվել էր 5 այլ դիվանագետների հետ, որոնք հրապարակայնորեն քննադատել էին իշխանությունների կողմից ընտրական գործընթացների խախտման դեպքերը)։

Պողոսյանը նշեց, որ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը և բացակայությունը նիստերից կարող են անձնական հետևանքներ ունենալ հետագայում, սակայն չմանրամասնեց, թե ինչպիսիք կարող են դրանք լինել։ Այնուամենայնիվ նա հավաստեց, որ ունի «հիմքեր վախենալու համար»։ Նա նաև նշեց, որ եթե չլիներ իրենց վրա բանեցվող ճնշումը, ՍԴ անդամներից գրեթե բոլորը կվճռեին ԼՏՊ-ի օգտին։

ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ  «ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»

Գ6. Պողոսյանը պնդեց, որ դատարանի կեղծված վճիռը կարող է «կատալիտիկ» դեր խաղալ գոյություն ունեցող լարվածությունը բորբոքելու և նոր բռնությունների հանգեցնելու հարցում։ Նա ասաց, որ այժմ Հայաստանում առկա է «բացարձակ բռնապետություն», որտեղ անհնար է խնդիրները լուծել իրավական միջոցներով։ Նա նաև ասաց, որ իշխող ռեժիմի պատճառով ստեղծված ներկայիս «բարոյական և հոգեբանական» մթնոլորտը, արտակարգ դրությունը և դրա սահմանած շատ խիստ սահմանափակումները Սահմանադրական դատարանին դրել են հսկայական ճնշման տակ, որը ստիպում է վերջինիս հետևել իշխանությունների ցուցումներին։

Գ7. Պողոսյանը նշեց, թե ակնհայտ է, որ իշխանությունները մտադիր են իրավիճակից դուրս գալ՝ գործի դնելով վախի տակտիկան և ռեպրեսիան։ Որպես օրինակներ նա նշեց իշխանությունների կողմից մարտի 1-ին ցուցարարների բռնի ցրումը և դրան հետևած արյունահեղության հովանավորումը, ցուցարարների և ԼՏՊ-ի համակիրների ձերբակալությունները, ապօրինի դատավարությունները (ակնհայտորեն նկատի ուներ անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորների դեպքը և Սահմանադրական դատարանում լսվող բողոքի բնույթը), նախագահի թշնամական հարձակումները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, ով քննադատական զեկույց էր հրապարակել իշխանությունների կողմից իրավիճակին ցուցաբերած արձագանքման մասին։ Պողոսյանը պնդեց, որ այս ամենը նպատակ ունի, այն է` «վախ սերմանել» ռեժիմի իրական ընդդիմադիրների և ապագա հակառակորդների շրջանում։ Նա ասաց, որ նախագահը չի հանդուրժում այլախոհություն և մարդկանց տարբերակում է իրեն «կողմ կամ դեմ» լինելով։

Գ8. (C) Պողոսյանը ասաց, որ չնայած վախի այն մթնոլորտին, որ իշխանությունները փորձում են ստեղծել, հասկանալի է, որ ԼՏՊ-ն կարող է հարյուր հազարավոր կողմնակիցների դուրս բերել փողոց արտակարգ դրության վերացումից հետո։ Այս դեպքում նա չբացառեց այն սցենարը, որտեղ իշխանությունները կերկարացնեն արտակարգ դրությունը, եթե զգան, որ իրենց դիրքերը թուլանում են։ Նա նաև նշեց, որ իշխանությունները բավականաչափ լկտի են, որպեսզի իրականացնեն ԼՏՊ-ին ձերբակալելու իրենց սպառնալիքը՝ անկախ այն բանից, որ դրա համար չունեն իրավական հիմքեր։ Սակայն «նրանք կարող են անել, ինչ ուզում են»,- ավելացրեց Պողոսյանը։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՉՔԱԹՈՂ ՄԻ ԱՐԵՔ - ՎՏԱՆԳՎԱԾ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գ9. Պողոսյանն ասաց, որ իրեն հանգստացրել էին պետդեպարտամենտի կողմից արված հայտարարությունները, որոնք մատնանշում էին նախագահական ընտրություններում տեղ գտած խնդիրները և նաև ողջունեց նախորդ շաբաթ տեղի ունեցած բռնություններին հետևած միջազգային հանրության բոլոր խիստ հայտարարությունները։ Սակայն նա զգուշացրեց, որ «բոլոր այս հայտարարությունները կարող են ոչինչ չարժենալ», եթե դատարանի վճռից հետո միջազգային հանրությունը աչքաթող անի իշխանություններին։ Նա լրջորեն ընդգծեց, որ դատարանի որոշման ճանաչումը որպես ընտրության վերաբերյալ վերջին խոսք կլեգիտիմացնի ռեժիմի իրականացրած կեղծիքները։ Իսկ ավելի վատ, ըստ Պողոսյանի, կլինի այն անդառնալի վնասը, որն այդ որոշման ճանաչման և ռեժիմին աջակցելու հետևանքով կհասցվի Հայաստանին։ Նա պահը նկարագրեց որպես որոշիչ, որտեղ օդում կախված են ժողովրդավարության մարող հույսերը։

ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Գ10. Հանդիպման ընթացքում Պողոսյանը նշեց, որ 1990-ականներին տարբեր ժամանակահատվածներում նա Հայաստանում ղեկավարել է Ազգային անվտանգությունը և ոստիկանությունը։       

Դեսպանատան պաշտոնյաներն այնուհետև նրան հարցրել են բռնություններից հետո տարածվող չհայտարարված մահվան դեպքերի և այն մեղադրանքների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բերվել են բանակի ստորաբաժանումներ։ Նա ասաց, որ տեղեկատվությունը, որն իրեն հասու է այն բանի շնորհիվ, թե ով է ինքը նախկինում եղել, հուշում է, որ դրանք ամբողջությամբ անհիմն չեն։

Նա ասաց, որ տեղեկատվություն ունի այն մասին, որ մահվան դեպքերն իշխանությունների կողմից կրճատվել են և որ որոշ ընտանիքների ստիպել են ստորագրել կեղծ մահվան վկայականներ՝ նախքան նրանց թույլ տալը վերցնել իրենց հարազատների մարմինները։ Նա ասաց, որ ոչինչ բացառված չէ՝ նկատի ունենալով ռեժիմի էությունը։

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Գ11.  Մենք հնարավորություն չունենք հաստատելու ՍԴ անդամ Պողոսյանի մեղադրանքները, սակայն ինքնին խոսուն է այն փաստը, որ Հայաստանի ամենաբարձր աստիճանի հանրային ծառայողներից մեկը մեզ հետ այս կերպ կապ հաստատեց։ Պողոսյանը ՍԴ անդամ է նշանակվել ԼՏՊ-ի իշխանության ժամանակ և չնայած որ նա չէր թաքցնում իր քաղաքական հայացքները, հնարավոր է, որ վերջին քաղաքական իրադարձությունները ազդեցություն են ունեցել նրա տեսակետների վրա։ Սա նշելով հանդերձ՝ նրա մտահոգությունները թվացել են անկեղծ, իսկ դեսպանատան պաշտոնյաները ստացել են այն տպավորությունը, որ նա գործում էր զուտ իր երկրի հանդեպ հայրենասիրությունից դրդված։

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ  ՏՎՅԱԼՆԵՐ

Գ12. Վալերի Պողոսյանը ծնվել է 1944 թ. մարտի 25-ին Հայաստանում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա, տիրապետում է հայոց և ռուսաց լեզուներին։ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել 1996թ.՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից դատարանի անդամների առաջին նշանակումների ժամանակ։ 1991-92թթ. եղել է ներքին գործերի նախարար, իսկ 1992-93թթ.՝ ոստիկանության պետ (կամ Ազգային անվտանգության պետական վարչություն)։ 1993-96թթ. եղել է Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական, որը նշանակում է, որ նա Լևոն Տեր-Պետրոսյանից հետո երկրորդ մարդն է եղել այն կառույցում, որն այսօրվա հայկական խորհրդարանն է։ Պողոսյանն ունի գիտական աստիճան։ 1961-66թթ. ֆիզիկա է ուսումնասիրել Երևանի պետական համալսարանում, որտեղ 1974թ. ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ Նա քաղաքագիտության, ժողովրդավարության և իրավաբանության, մարդու իրավունքների և սահմանադրական իրավունքի մասին գրքերի հեղինակ է։ Այժմ դասավանդում է Բրյուսովի անվան լեզվաբանական  համալսարանում, որտեղ, ինչպես նա հայտնեց դեսպանատան պաշտոնյաներին, իր դասը միշտ սկսում է ԱՄՆ անկախության հռչակագրի դասավանդմամբ։

ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆ
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ