...

«Խաղաղության խաչմերուկից» «կապիտուլյացիոն միջանցք»

«Խաղաղության խաչմերուկից» «կապիտուլյացիոն միջանցք»

Դեռ ֆրանսիական սպառազինության խորհրդանշական խմբաքանակը Հայաստան չհասած՝ Ադրբեջանն արդեն հայտարարում է, թե մինչ իրենք պատրաստակամություն են հայտնում հասնել խաղաղության, Հայաստանի իշխանությունները չեն համակերպվում պատերազմի արդյունքների հետ ու ռևանշի են ձգտում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանին ոչ թե խաղաղության համաձայնագիր է պետք, այլ Հայաստանի կապիտուլյացիա, որովհետև միայն կապիտուլյացիայի ենթարկվածն է պարտավոր իր բանակի մարտունակության հետ կապված հարցերը համաձայնեցնել հաղթած կողմի հետ, ու Ադրբեջանը, մեծ հաշվով, հենց դա է պահանջում։ Իսկ սա նշանակում է, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անվանում է «խաղաղության խաչմերուկ», Ադրբեջանը պատկերացնում է որպես «կապիտուլյացիոն միջանցք»։

Իհարկե, ի սկզբանե էլ հասկանալի էր, որ «խաղաղության միջանցքը» փուչիկ է, մոտավորապես «Արմենիկումի» կամ «ֆուտբոլային դիվանագիտության» նման մի բան։ Բայց Նիկոլ Փաշինյանը կարողացավ արտաքին-քաղաքական ոլորտի ձախողումների առումով գերազանցել բոլոր ռեկորդները։ Բանն այնտեղ է հասել, որ անգամ Արցախի լիակատար հայաթափումն Ադրբեջանն օգտագործում է մեր դեմ՝ որպես իր իրավացիության ապացույց, և Հայաստանի իշխանությունները ոչ մի հակափաստարկ չեն կարողանում ներկայացնել։ Ալիևը, օրինակ, հայտարարում է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտներից է այն, որ ինքը հստակ խոսում է «վերադարձի և համակեցության իրավունքի» մասին (խոսքն ակնհայտորեն արցախահայությանն է վերաբերում), մինչդեռ Հայաստանի իշխանություններն ադրբեջանցիների վերադարձի մասին ընդհանրապես ոչինչ չեն խոսում։ Հասկացա՞ք։ Մարդը չի ասում՝ հայերը ոչ մի դեպքում չեն վերադառնալու Ղարաբաղ (հո հիմար չի՞, որ այդպիսի բան ասի), հակառակը՝ ասում է, որ կարող են վերադառնալ, բայց՝ ադրբեջանցիներն էլ պիտի վերադառնան Հայաստան։ Ու եթե Հայաստանը դա չի քննարկում՝ ստացվում է, որ մե՛նք ենք մերժում արցախցիների վերադարձի հնարավորությունը, ավելին՝ դրանով իսկ մե՛նք ենք դառնում խաղաղության պայմանագիրը չստորագրելու մեղավորը։ Այ սա է քաղաքականությունը, իսկ մեր «քաղաքական միտքը» դեռ հրճվում է, որ ադրբեջանցի ինչ-որ պաշտոնյա հայտարարել է, թե Ադրբեջանը «մոտ ժամանակներս Հայաստան ներխուժելու մտադրություն չունի», ու միաժամանակ նեղսրտում, որ «Ադրբեջանն օկուպացված Ջրականում բնակելի շենքեր է կառուցում»։ 

Բայց մի հարցում Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունն իսկապես բացառիկ է։ Կամ, ինչպես ինքն է սիրում ասել, աննախադեպ։

Գործնականում ինչպիսի՞ն է Ռուսաստանի քաղաքականությունը մեր նկատմամբ։ Ճիշտ է, թշնամական։ Ինչպիսի՞ն է Ուկրաինայի վերաբերմունքը մեր նկատմամբ։ Ճիշտ է, դարձյալ թշնամական։ Ուրեմն, ինչպես Նիկոլն է սիրում ասել, «եկեք արձանագրենք», որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միակ հարցն է, որտեղ Ռուսաստանն ու Ուկրաինան համակարծիք են։ Համաձայնվեք՝ հատուկ տաղանդ է պետք այնպիսի քաղաքականություն վարելու համար, որ անգամ մյուս բոլոր հարցերում ոխերիմ թշնամիները քո նկատմամբ նույնպիսի թշնամանք դրսևորեն։ Մինչդեռ կային ժամանակներ, երբ ճիշտ հակառակն էր՝ ռազմավարական հակառակորդներ Ռուսաստանն ու Արևմուտքը երևի միայն Հայաստանի հարցում էին համակարծիք, և այդ կարծիքը մեր օգտին էր․ Արևմուտքը մեզ համարում էր «տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ» ու պատժամիջոցներ սահմանում Ադրբեջանի նկատմամբ, Ռուսաստանն էլ մեզ սպառազինություն էր մատակարարում ու զսպում Թուրքիային։ 

Տեսնես ինչո՞ւ էր այդպես։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ