...

Խաղողի մթերման գինը կնվազի

Խաղողի մթերման գինը կնվազի

«ՉԻ» զրուցակիցն է «Գինու ազգային կենտրոնի» տնօրեն Ավագ Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, որոշ հաշվարկներով, այս տարի խաղողի առատ բերք ունենք: Ձեր հաշվարկով՝ նախորդ տարվա համեմատ քանի՞ տոննայով է ավել խաղողը:

- Նախնական հաշվարկով՝ գինեգործության համար պիտանի խաղողի ավելցուկ կլինի: Նախորդ տարվա համեմատ բերքն ավել կլինի մոտ 35 000-40 000 տոննայով: Եթե մենք անցյալ տարի ունեինք, ըստ մեր հաշվարկների, շուրջ 100 000-110 000 տոննա, այս տարի կունենանք գուցե ևս 140 000 տոննա խաղող: Դժվար է նախնական հաշվարկ կատարել:

- Բայց խաղողագործների պնդմամբ՝ գարնանային անձրևներն ազդել են բերքատվության վրա: Արդյոք եղանակային պայմանների պատճառով խաղող քի՞չ ենք ստացել:

- Այո, նման բան կա: Եթե դա չլիներ, մենք կունենայինք մոտ 160 000 տոննա խաղող: Երբ բացվեցին բողբոջները, մենք հասկացանք, որ գործ ունենք ռեկորդային բերքի հետ, սակայն, եղանակային պայմանների պատճառով նվազեց բերքը՝ մոտ 20 000-30 000 տոննայով: Բայց փաստ է, որ նախորդ տարվա համեմատ խաղողը շատ է:

- Չնայած սպասվող առատ բերքին՝ ինչպես գյուղացիները, այնպես էլ մթերող ընկերությունները մտահոգ են։ Մտավախություն ունեն, որ մթերման խնդրի առաջ հայտնվելու վտանգ կա։ Կորոնավիրուսի հետևանքով գինու սպառումն ու արտահանումը նվազել է, ինչն էլ, բնականաբար, իր ազդեցությունը կունենա մթերման գործընթացի վրա։ Ըստ Ձեզ՝ տեղի՞ն են մտահոգությունները, խաղողը դաշտում կմնա՞:

- Եթե այս տարվա առաջին կիսամյակը համեմատում ենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ունենք սպառման մոտ 30 տոկոսի անկում: Սակայն, երբ համեմատում ենք ապրիլ-հուլիս ժամանակահատվածի հետ, ունենք 50 տոկոս անկում: Սա, սակայն, այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև սպառման համար կարևոր ամիսները օգոստոս-նոյեմբերի կեսերն են: Կարծում եմ՝ ինչ-որ չափով կակտիվանանք և ամբողջ տարվա կտրվածքով դուրս կգանք մինուս 20-25 տոկոսի վրա: Սա ի՞նչ է ասում: Սա ասում է, որ մեր տարաները կիսով չափ են դատարկված և տեղ չունենք լցնելու: Սա խոսում է նաև այն մասին, որ մենք գումարներ չունենք, որպեսզի կարողանանք կազմակերպել մթերումը: Տեսականորեն մենք պետք է մթերման հետ կապված խնդիրներ ունենանք: Սակայն հիմա կառավարությունը մշակել է մի քանի ծրագրեր, որոնց արդյունքում այս երևույթները չենք նկատի: Այսինքն՝ երկու տարով անտոկոս վարկ. սա թույլ կտա, որ մթերվի ամբողջ բերքը: Բայց, խնդիրը մեկ ուրիշ բանում է: Այն, որ ոչ մի ողկույզ չի մնա դաշտում, դա ակնհայտ է և պարզ՝ ամբողջ քանակը կմթերվի:

- Արդյո՞ք գործարաններն առիթից չեն օգտվի և ջրի գին չեն առաջարկի մթերվող խաղողի դիմաց։

- Բերքը դաշտերում չի մնա, բայց ակնհայտ է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի առնվազն 20 տոկոսով խաղողն էժան կմթերվի: Երբ դու տեղ չունես, չես կարող որակյալ գինի պատրաստել, դա նշանակում է, որ պետք է թորման համար անորակ գինի պատրաստես: Մոտ 10-15 տոկոսով կիջեցնեն գինու համար նախատեսված խաղողի մթերման գինը և գուցե մի քիչ շատ՝ կոնյակի խաղողի մթերման դեպքում:

- Մի քանի ընկերություններ արդեն պայմանագրեր են կնքել խաղողագործների հետ՝ նշելով, որ քիչ քանակի բերք են ընդունելու: Խաղողի համար գործարանները դեռ գին չեն առաջարկել, արդյոք ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա սպասում են խոշոր գործարանների գնային առաջարկի՞ն:

- Խաղողի գնի հարցը միշտ պարուրված է եղել մշուշով: Խաղողի մթերման գործընթացը բաղկացած է երեք ժամանակահատվածից՝ սկիզբ, մեջտեղ և վերջ: Սկիզբը միշտ թելադրել է Երևանի կոնյակի գործարանը: Այսինքն՝ մարդիկ սպասել են, թե Երևանի կոնյակի գործարանն ինչ գին կառաջարկի: Երևանի կոնյակի գործարանն առաջարկել է իր գինը, և այն բարեխիղճ մթերողները և բարձր որակի ապրանք արտադրող ընկերություններն առաջարկել են նույն կամ մի քիչ ավել գին, որպեսզի կարողանան ընդունել շատ լավ խաղող: Ինչպես փորձն է ցույց տվել, դա տևել է մեկ շաբաթ: Հետո գները նվազել են 5-10 դրամով, քան Երևանի կոնյակի գործարանի առաջարկած գինն է, որովհետև միշտ այդ գործարանը նախապես պայմանագրով է աշխատել խաղողագործի հետ և ինքն է գին թելադրողը եղել: Գնի կատաստրոֆիկ անում է եղել, երբ խաղացողներն արդեն իրենց համար նախատեսված բարձրորակ խաղողը գնել են: Մթերման գինն իջել է շուրջ 40 դրամով: Սա վերջին 20 տարվա պատկերն է: Այս տարի չեմ կարծում, որ ինչ-որ բան էապես տարբերվի: Այսինքն՝ սեզոնի ամենավերջում կլինի մեծ գնանկում:

- Մի քանի տարի առաջ խաղողը մթերվում էր 90-120 դրամով՝ անգամ բողոքի ակցիաներ եղան: Հիմա հնարավո՞ր է նույն սցենարը կրկնվի: Ի՞նչ իրավիճակ կլինի, բանը կհասնի՞ արդյոք բողոքի ակցիաներին:

- Կարծում եմ՝ խաղողի մթերման գինն այդքան չի իջնի: Չի բացառվում, որ այդպես լինի: Ո՞րն է նախորդ և այս տարվա տարբերությունը: Գյուղացիները նախորդ տարիներին հավասարաչափ մասնակցություն ունեին օլիգարխիայի և ստվերային տնտեսության ձևավորմանը, որովհետև գրվում էր մեծ քանակությամբ բերք, որն իրականում գոյություն չուներ: Օրինակ՝ մենք իրականում ստացել ենք 120 000 տոննա խաղող, բայց գրվել է 270 000 տոննա: Գյուղացիների անուններով բերք է գրվել, հետո գնացել 5000-10 000 դրամի դիմաց իրենց ձայնը տվել են նրանց, ում վաճառել են խաղողը՝ ձևավորել են իշխանություն: Հետևաբար, ինչ-որ չափով ունեցել են լիգիտիմություն, որպեսզի այդ իշխանություններից պահանջեն իրենց խաղողը մթերեն և ճանապարհներ են փակել:

Հիմա այդ գյուղացիներն ընտրել են այս իշխանությանը և նրանց հետ որևէ ձևով գործարքի չեն գնացել. այսինքն՝ իշխանությունն ու գյուղացիները մաքուր են հիմա՝ և՛ իրավական առումով, և՛ բարոյական: Այստեղ գյուղացիները որևէ իրավունք չունեն ըմբոստություն բարձրացնելու, կառավարությունն էլ իրավունք չունի գյուղացիներին նեղացնելու: Այստեղ այդ անտոկոս տրամադրվող վարկերն այդ փիլիսոփայության մեջ են տեղավորվում: Կարծում եմ՝ լայնածավալ բողոքի ակցիաներ չեն լինի, որովհետև գյուղացիները մյուս կողմից հասկանում են իրավիճակը: Գինեգործներն իսկապես շատ վատ վիճակում են: Կոնկրետ մեր ընկերությունը 50 տոկոսով չի իրացրել անցյալ տարվա արտադրանքը: Գինիները փչանում են, չեն կարողանում պահել: Օրինակ, եթե ամեն տարի ամռան սեզոնին վճարում էինք մոտ 200 000 դրամ էլեկտրաէներգիայի համար, հիմա վճարում ենք՝ 500 000: Ստիպված ավելի շատ ենք տարաները սառեցնում, ավելի շատ աշխատուժ ենք օգտագործում, իսկ իրացում չկա: Գյուղացիներն այս ամբողջը հասկանում են: Չեմ կարծում, որ խոշոր ակցիաներ կլինեն՝ չնայած լոկալ ծավալներով դա հնարավոր է:

- Կառավարությունը խաղողի մթերումը կազմակերպելու նպատակով վերամշակող ընկերություններին 2 տարով անտոկոս արտոնյալ վարկեր է տրամադրում: Այս ծրագրով հնարավո՞ր կլինի խաղողի մթերումն անցնցում կազմակերպել:

- Իհարկե, որոշ չափով այդ վարկերը կարճաժամկետ լուծում կտան, բայց մենք կկորցնենք ինքնարժեքի զգացողությունը: Ինքնարժեքը կիջնի, և մենք կհայտնվենք էժան ապրանքի շուկայում: Սա ի՞նչ է նշանակում: Երբ դու հայտնվում ես էժան ապրանքի շուկայում, դու այնքան ռեսուրս պետք է ունենաս, որ սկսես գինն իջեցնել, որպեսզի մրցունակ լինես: Երբ ապրանքի ինքնարժեքը բարձր է, փորձում ես լուծումներ գտնել, որպեսզի կարողանաս բարձրարժեք ապրանքի շուկայում մրցունակ լինել: Եթե ցածրարժեք ապրանքի շուկայում մրցունակությունը տանում է գնի իջեցման, ապա բարձրարժեք ապրանքի շուկայում մրցակցությունը տանում է ապրանքի արժեքի բարձրացմանը, որովհետև դու էժանացնելու ռեսուրս չունես և պետք է մտածես թանկացնելու մասին: Հետևապես, արտոնյալ պայմաններ ստեղծելը նման է մուրացիկին փող տալուն: Երբ մուրացիկին փող ես տալիս, դու զրկում ես իրեն մուրացիկ չլինելու շանսից, դու ևս մեկ անգամ ապացուցում ես, որ մուրացիկ լինելը լավ է և չի ուզում այդ կարգավիճակից դուրս գալ: Երբ դու էժան փողեր ես ստանում, կորցնում ես ամբողջի ընկալման ունակությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է էժան փողերից զրկվես: Այսինքն՝ այս կառավարությունը կամ արտադրողները պետք է փորձեն գտնել այն ոսկե միջինը, որտեղ պետք է վերջանա էժան փողերը, և պետությունը չպետք է գայթակղի մարդկանց: Վերջ ի վերջո, այդ էժան փողերի մասին պետք է պատասխան տանք և վերադարձնենք: Ես արդեն 40 տարի է՝ շուկայում եմ, երբեք նման արտոնյալ պայմաններ չեմ տեսել, և լավ է, որ կառավարությունը ձեռք է մեկնում արտադրողներին ու գյուղացիներին, բայց մի քիչ պետք է զգուշանալ: Շատ դժվար է կառավարության և արտադրողի համար՝ ծանր ժամանակներ են:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   15256 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ