...

Վայոց ձորում «կրիտիկական» վիճակ է

Վայոց ձորում «կրիտիկական» վիճակ է

Աղավնաձորցիներն անելանելի վիճակում են

Խաղողի մթերման սեզոնն արդեն ավարտվում է: Մոտավոր հաշվարկով՝ մթերվել է 200 000 տոննա խաղող:

Այս պահին Վայոց ձորի մարզի մի քանի համայնքում խաղողը դաշտերում է, բերքահավաքն այստեղ դեռ չեն սկսել: Պատերազմական վիճակը հետ է գցել բերքահավաքը, բայց շուտով խաղողը դաշտից կհավաքեն ու կսպասեն գործարաններին:

«Գինու ազգային կենտրոնի» տնօրեն Ավագ Հարությունյանի գնահատմամբ՝ վիճակն այստեղ «կրիտիկական» է:

«Խոշոր գործարանները պլանավորածից ավել են մթերումներ իրականացրել: Այս տարի այստեղ բերքն առատ էր: Չէին էլ կարող չվերցնել, հիմա տարաների խնդիր կա: Պետք է սպասեն տարաները դատարկվեն, նոր սկսեն Վայոց ձորի շրջանների խաղողը մթերել: Արդեն ռեսուրս չկա, պետք է փորձեն վերադասավորվել, որ կրկին սկսեն մթերել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը:

Չնայած վերամշակողները խնդիրների առաջ են կանգնած, բայց առաջնահերթ կարգով ընդունում են ռազմաճակատում կռվող զինվոր կամ կամավորական ունեցող գյուղացիների խաղողը, որպեսզի նրանց ընտանիքները ֆինանսական խնդիրների առաջ չկանգնեն:

Սահմանամերձ համայնքների բերքն էլ գործարանները դաշտում չեն թողնում:

Եղանակն այս տարի խաղողագործի կողմից է, դաշտում մնացած բերքը չի փչանում, ավելին՝ տաք եղանակը խաղողն ավելի քաղցրահամ է դարձնում:

Աղավնաձոր համայնքում խաղողի մթերումը նոր է սկսվում: Գործարանները դեռ գին ու քանակ չեն պայմանավորվել գյուղացու հետ: Խաղողագործ Սմբատ Հովհաննիսյանը պատրաստ է նույնիսկ էժան հանձնել բերքը, միայն թե խաղողը վազին չմնա:

Ավագ Հարությունյանը նկատում է, որ դժվար պահին պետությունը կանգնեց վերամշակող ընկերությունների թիկունքին՝ վարկային արտոնություններ տրամադրելով:

Սուբսիդավորված վարկերի միջոցով վերամշակողները կարողացան բիզնեսն առաջ տանել: «Արենի» տեսակի խաղողը կիլոգրամը 210 դրամով մթերելու դեպքում, պետությունը 70 դրամով սուբսիդավորում է գինը:

Մթերման գները նվազել են

Մինչ աղավնաձորցիների մշակած խաղողի մթերման ճակատագիրը պարզ կլինի, հարևան Արարատի մարզի խաղողագործներն ամփոփում են սեզոնն ու դժգոհում գներից:

Խաղողագործների համար տարին առանց ցնցումների չէր: Սեզոնը բացվելուն պես բազմաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպեցին՝ բողոքելով գործարանների կողմից սահմանված ցածր գներից: Գործարանները նախորդ տարվա համեմատ նաև մթերումների քանակն են կրճատել:

Ավագ Հարությունյանը խաղողի մթերման միջին գինը դեռ չի հաշվարկել, բայց փաստում է, որ նախորդ տարիների համեմատ խաղողն այս տարի վերամշակողներն էժան են ընդունել:

«Տեղ-տեղ նույնիսկ խաղողի մեկ կիլոգրամի մթերման գինը 110 դրամ իջավ: Սեղանի խաղողն անգամ ավելի ցածր արժեք ունեցավ՝ 80-100 դրամ: Բերքն այս տարի շատ էր, խնդիրները՝ նույնպես: Եթե հաշվարկում ենք, ստացվում է, որ ունեցել ենք 15-20 տոկոս վնաս՝ շնորհիվ բերքի մեծ քանակության: Կոնյակի խաղողի գինն իջավ մինչև 120 դրամ, այլևս իմաստ չունի, որ գործարաններն այդ գնից ավել տան կոնյակի խաղողին: Իսկ անցյալ տարի այդ նույն խաղողը մթերվում էր կիլոգրամը 150 դրամով, բայց սա կլրացվի բերքով, այսինքն՝ առնվազն 50 տոկոսից ավել բերք ունեն, դա նշանակում է, որ վնաս չեն ունենա»,- ներկայացրեց մասնագետը:

Վնասը քիչ կլինի

Նրանք, ովքեր պայմանագրեր ունեին կնքած, գինու խաղողը մթերեցին կիլոգրամը 230 դրամով, իսկ մնացած խաղողագործների բերքը վերամշակող ընկերությունները գնեցին կիլոգրամը 180 դրամով:

«Գինու ազգային կենտրոնի» նախագահը վստահեցնում է՝ խաղողի մթերման գնի նվազեցման քաղաքականություն չի տարվել, ոչ էլ դեմպինգ է եղել, պարզապես ավել մթերումների պատճառով վերամշակող ընկերությունների ռեսուրսները նվազել են: Գրավները վերջացան, տարաների խնդիր ևս կա: Բայց հիմա գինու խմորումները կավարտվեն և տեղեր կբացվեն: Գործարաններն արդեն Եղեգնաձորի շրջանի խաղողը կարող են ընդունել:
Թեև խաղողի մթերման գներն անհամեմատ նվազել են, բայց Ավագ Հարությունյանի պնդմամբ, խաղողագործը մեծ կորուստներ չի ունենա: Ցածր գինը կլրացվի բերքատվության ցուցանիշով. այս տարի խաղողի բերքն անցյալ տարվա համեմատ 50 տոկոսով ավել է:

Բացի այս, մասնագետը հավաստիացնում է, որ գյուղացու խաղողը դաշտում չի մնացել: Բայց նույնը չի կարող ասել խոշոր բիզնեսմենների համար, որոնք մի քանի հարյուր հեկտար խաղողի այգի ունեն:

«Իրենց այգիներում դեռ խաղող կա, բայց լավ հարաբերություններ ունեն խոշոր վերամշակողների հետ, նրանց հետ կնքած պայմանագրեր էլ ունեն: Մոտ 5-7 տոկոս խաղող դեռ կա»,- մատնանշեց նա՝ հավելելով, որ գործարաններն այս տարի շահույթով չեն աշխատում:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ