...

Խաղողի մթերումը՝ փակուղու առաջ

Խաղողի մթերումը՝ փակուղու առաջ

Գինեգործները վնասով են աշխատում

Խաղողի մթերման գործն այս սեզոնին հարթ չի ընթանա: Գինու արտադրությամբ զբաղվող գործարանները եկամուտ չեն ստացել, խմիչքի մի մասն էլ չի վաճառվել, խաղող մթերելու հարցում դժվարություններ են ծագելու:
Բայց գինեգործների եկամուտները չեն կրճատվել միայն կորոնավիրուսի պատճառով:

Խնդիրների մի մասը ծագել էր նախքան համավարակը: Դեռ ձմռանը Վրաստանը խոչընդոտներ ստեղծեց կոնյակի սպիրտի արտահանման համար: Վրացական կողմի պնդմամբ՝ հայկական կողմից տեղափոխվող ցիստեռնները լցված են կոնյակի կեղծ սպիրտով և չեն համապատասխանում այն չափանիշներին, ինչը ներկայացված է փաստաթղթերում: Եվ հայկական կոնյակի սպիրտն ուղարկում են եվրոպական երկիր փորձաքննության: Այս խնդրին բախվել է նաև «Ագաթատ-գոլդ» ընկերությունը:

«Ապօրինաբար մեր մեքենաները կանգնեցնում էին, մենք էլ օրը 300 դոլար տույժի տակ ենք ընկել: 300 000 ռուբլի ես եմ տուժել, այդքան էլ իմ գործընկերը: Մի բան էլ մեր գրպանից դրել ենք, որ կարողանանք այդ տույժերը փակել: Այսօրվա դրությամբ կոնյակը լրիվ դադարի մեջ է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց գործարանի համասեփականատեր Արսեն Ներսիսյանը:

Վրացիները մասնակցել են կոնյակի սպիրտի կեղծմանը

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ կոնյակի սպիրտի մասին վրացիների կասկածները մասամբ են ճիշտ: Տարիներ շարունակ վրացիներն աչք են փակել այս խնդրի վրա, հիմա փոխվել են:

«Կեղծ սպիրտի գործում վրացական գործոնը վերացել է: Աչք են փակել, որովհետև այդ մաֆիայի մասն են եղել: Վրացիները տարիներ շարունակ մասնակցել են հայկական սպիրտի կեղծման գործին: Հիմա դա չկա: Մեր կողմից շատ բարձրաստիճան մարդիկ էին ներգրավված այդ գործին, հեղափոխությունից հետո վրացական գործոնը վերացավ և հիմա իրենք տարանցիկ սպիրտի հետ կապված օբյեկտիվ են դարձել»,- նշեց փորձագետը:

Կոնյակի վաճառքի հիմնական շուկա Ռուսաստանում վաճառքն այլևս առաջվանը չէ: Ուզբեկստանից Ռուսաստան էժան կոնյակի սպիրտ է ներմուծվում, և հայկական կոնյակը ծանր վիճակում է հայտնվում:

«Շշով արտահանում կատարվել է, բայց կոնյակի սպիրտ չենք կարողացել արտահանել: Վրաստանը մինչև այսօր մեր սպիրտի ճանապարհը փակել է, դրան էլ գումարած թանկացումները, և վաճառքը կանգնել է: Կոնյակագործության մեջ կարևորներից մեկը սպիրտի վաճառքն է, որն էլ չկա: 0 վիճակ է վաճառքը: Կոնյակի հերն անիծվեց»,- նշեց գործարարը:

Մի կողմից արտահանման ծավալներն են կրճատվել, մյուս կողմից էլ՝ տեղում վաճառքն է կանգնել: Գինու ու կոնյակի պահանջարկն ավելանում է ուրախ առիթներին, իսկ կորոնավիրուսի պատճառով հարսանիքներ ու ծննդյան տարեդարձներ գրեթե չեն նշում:

Գինեգործների միության նախագահը փաստում է՝ այսօրվա դրությամբ դրսի շուկայում շուրջ 60-65 տոկոս կորուստ ունենք, իսկ ներքին շուկայում՝ մոտ 80:

Խաղողի մթերման գինը հնարավոր է նվազի

Խմիչքի շուկայում այսպիսի պատկեր ունենք, քանի որ, ըստ փորձագետի, խմիչքները խոցելի են ճգնաժամերի ժամանակ: Ցանկացած ճգնաժամի դեպքում օղու սպառումն ավելանում է, գինունն ու կոնյակինը՝ նվազում:

«Մենք մոտ 11 մլն լիտր արտադրանքի պայմաններում 3 մլն լիտր էինք արտահանում: Մնացածը սպառվում էր տեղում՝ սպառում էին տուրիստական հոսքերը, բնակչությունը: Հիմա զբոսաշրջային հոսքերը կանգնած են: Իսկ տարաներն ազատ են 20 տոկոսով: Դա շատ մեծ թիվ է, և մթերման հետ կապված խնդիրներ կառաջանան»,- նկատեց Ավագ Հարությունյանը:

Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք:
Հարությունյանի համոզմամբ՝ խաղողը վազին չի մնա, բայց կարող են մթերման գները նվազել: Հարցականի տակ է հայտնվելու նաև գինու որակը:

«Խաղողը կարելի է ինչ-որ կերպ մի տեղ տեղավորել՝ սպիրտ ստանալ և անորակ գինի: Բայց սպիրտի սպառումն էլ դադարել է: Իսկ անորակ գինին, որի սպառումը հիմնականում ՌԴ-ում է իրականացվում, ներկայումս ռուբլու 15-20 տոկոս արժեզրկման պատճառով չի սպառվում»,- նշեց մեր զրուցակիցը:

Իսկ գործարանները պատրաստ են խաղող մթերել, եթե պետությունը 3-4 տարի մարման ժամկետով անտոկոս վարկեր տրամադրի:

Գինեգործների միության նախագահի դիտարկմամբ՝ նման առաջարկը կարող է գայթակղիչ լինել գործարարների համար, բայց հետագայում վաճառք չունենալու դեպքում տուժելու են:

Ավագ Հարությունյանը հիշեցնում է՝ նման 4 ճգնաժամ ենք հաղթահարել: Այս մեկը տարբերվում է նրանով, որ համակարգված կոռուպցիա չկա: Նախորդ ճգնաժամերի ժամանակ պետական ռեսուրսներն ուղղվում էր մի քանի մարդու գրպան, այդ ամենի հետևանքով օլիգարխները հարստացան: Հիմա կառավարությունը պետական ռեսուրսները թիրախային ոլորտներին է ուղղում:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ