Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Եթե իշխանության աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ ամբոխը, ապա տրամաբանական է, որ ամբոխավարի իշխանության պայմաններում ամբոխն իջեցվում է ոհմակի մակարդակի։ Գավառում տեղի ունեցածն ազգային խայտառակություն էր։ Դա մեր երկրում տիրող ատելության ու թույնի մթնոլորտի, վենդետայի ու սամասուդի քարոզի հետևանք էր։ «Թավշյա» բասպրեդելի արդյունք։ Իրականում մենք նահանջել ենք դեպի «մարդը մարդուն գայլ է» և «բոլորի պատերազմը բոլորի դեմ» ժամանակաշրջան։ Այսինքն՝ դարերով հետ ենք շպրտվել։ Թերևս աշխարհի որևէ այլ երկրում կորոնավիրուսային այս աղետի պայմաններում այսպիսի ներազգային պառակտում և պետության ղեկակավարի մակարդակով ներքին թշնամանք չի հրահրվում։ Մենք սրա համար գին ենք վճարելու։ Շատ բարձր գին։ Եթե երկու տարի առաջ իշխանությունն էր գցած փողոցում և այն վերցնող եղավ, ապա այժմ արդեն պետությունն է ընկած փողոցում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Պետությունը փողոցից վերցնողները, որպես կանոն, բարեկամ չեն լինում»։
«ՉԻ». Քոչարյանի քաղաքագետ լինելու համար կարծես պարտադիր պայման կա՝ անպայման պետք է տառապես ամնեզիայի չբուժվող տեսակով: Թևանյանը մոռացել է, թե ում է ներկայացնում և ում օրոք որքան նմանը չունեցող ազգային խայտառակություններ են տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ, ըստ Թևանյանի տրամաբանության, Քոչարյանի օրոք քաղաքական հակառակորդների տասնյակներով սպանությունները տեղի են ունեցել ազգային զարթոնքի, սիրո և համերաշխության շրջանակներում:
Ասենք՝ խորհրդարան մտնելը և 10 հոգու գնդակահարելը ազգային խայտառակություն չէր, այլ ազգային սովորույթ: Իսկ բարևելու համար մարդ սպանելը՝ մեծահոգության, լայնախոհության և սիրո մի չտեսնված դրսևորում: Իսկ 2004 թվականին Քոչարյանի կողմից հարյուրավոր ցուցարարների անմարդկային ծեծը կրում էր զուտ դաստիարակչական բնույթ և ամենևին խայտառակություն չէր, որ այդ մարդկանց միակ պահանջը Սահմանադրական դատարանի վճիռը կյանքի կոչելն էր:
Իհարկե, Գավառում տեղի է ունեցել անթույլատրելին, ողբերգություն, բայց նախ դրա արմատները նույնպես տանում են դեպի նախկին իշխանություններ և երկրորդ՝ համեմատելի չեն նախկինում տեղի ունեցած հանցագործությունների հետ, որոնք կազմակերպվել են իշխանությունների բարձր հովանու ներքո և ուրեմն ազգային խայտառակություն էին:
Ինչ վերաբերում է պետությունը փողոց գցելուն: Այո, Թևանյանը և մյուս խայտառակ քաղաքագետներն ունեն նման երազանք՝ պետությունը գցել փողոց և այնուհետև այն ափսեի վրա մատուցել օտարին: Արդյունքում Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ և արդեն նշանակված նահանգապետի կարգավիճակում կշարունակի հարստահարել ժողովրդին: Բայց հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել անկախության համար, որպեսզի հիմա տեղի տա թևանյանների իղձերին: