Լևոն Տեր-Պետրոսյանի «Ապացուցվածը և անապացուցելին» հակիրճ հոդված-ախոտորոշումը «բնական» արաձագանք ունեցավ ընդդիմության և իշխանության կողմերից։ Այսպես, օր․՝ Արմեն Աշոտյանը շտապեց «գուժել», թե ՀՀ առաջին նախագահը պաշտպանում է ազգակործան պատուհասին, իսկ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պնդեց ճիշտ հակառակը։ Ըստ «Առավոտ» օրաթերթի հաղորդման՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը կարծում է, թե Լ․ Տեր-Պետրոսյանը դեմքը փրկելու շանս է տալիս ընդդիմությանը։ Չմոռանանք նշել, որ երկու կողմն էլ արագորեն մերժեց Նախագահի առաջարկը․
«Անհույս լավատես լինելով՝ դեռևս ակնկալում եմ, որ հակամարտող կողմերը վերջիվերջո կհասկանան իրենց դիրքորոշումների վտանգավորությունը և ջանքեր կգործադրեն ինչ-որ փոխհամաձայնության գալու՝ իրավիճակն ավելի ևս չբարդացնելու և նոր վտանգներից խուսափելու նպատակով:
Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից»:
Մտավորականներն էլ, ինչպես միշտ, մնացին անհաղորդ։
Ցավոք, ասողին լսող է պետք։ Սակայն լսելու ունակությունը Հայաստանում ամենամեծ դեֆիցիտն է։
Եվ ինչպե՞ս կարող է, օրինակ, Նիկոլ Փաշինյանը լսել որևէ բանական առաջարկ, եթե զբաղված է միայն իշխանությունը երկարաձգելու և պատերազմի մեղքից սահմանազատվելու գործով։ Կամ ինչպե՞ս կարող են դաշնակցականներն անսալ որևէ բանական հորդորի, եթե ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչ փորձանք են բերել հայ ժողովրդի գլխին։ Կարելի է ասել՝ փորձանքներ։ Ո՞րը հիշեցնենք՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, թե՞ հայդատականության, ոչմիթիզականության ախտը, որի հետևանքն են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ 2020-ի աղետը։
Բացի առաջարկից՝ ՀՀ առաջին նախագահը հերթական անգամ ասել է դառը, ցավոտ ճշմարտությունը և զգուշացրել․ «Իրականում կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը:
Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը»:
Իհարկե, չափազանց դառն է գիտակցելը, որ պարտվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ պետությունը։ Որովհետև սա խոստովանելու դեպքում ստիպված ես տեսնել 22-ամյա կեղծ ազգայնականության ողջ թշվառությունը, ստիպված ես խոստովանել, որ 1998-ից ի վեր հայկական քաղաքականության հիմքում ոչ թե պետական շահն էր, այլ ոչմիթիզականությամբ քողարկված՝ իշխանությունը հավերժորեն պահելու ձգտումը։ Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, այս ամենի գագաթնակետն է նաև իր բացառիկ դիլետանտությամբ։
Չեն ընդունում, չեն խոստովանում, քանի որ այդպիսի խոստովանությունը բոլորի քաղաքական վախճանը կլինի։
Մի խոսքով՝ ղալաթը խմբակային է․․․
Վերջում նշենք․ մեծերին լսե՛լ սովորեք։
Զարուհի Գաբրիելյան