Երեկ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հերթական գրառումն է արել և մի քանի անգամ օգտագործել «մաֆիա» ու «մեդիածառաներ» պիտակավորումները:
«ՉԻ». Չգիտենք՝ Մինասյանը կոնկրետ որքան է վճարում իր «սփիչռայթերներին», բայց հանգիստ կարող է 50 տոկոսով կրճատել նրանց աշխատավարձը: Ասենք ավելին, եթե մեզ լսի՝ ընդհանրապես կհեռացնի աշխատանքից: Եթե նրան դուր է գալիս այս հռետորաբանությունը, կարող է և ոչ մի աշխատակից չպահել: Վերցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի, մինչև հեղափոխությունը ընդդիմության մյուս լիդերների (այստեղ կարևորը չոգևորվելն է՝ հանկարծ հերթը չհասնի Գեղամյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Արթուր Բաղդասարյանին) ելույթները, փոխում անունները և ներկայացնում որպես սեփական ստեղծագործություն: Վտարանդի ընդդիմադիրը պետք է հաշվի ամեն կոպեկը. առաջվանը չէ, որ օդից փող առաջանա:
Համոզված ենք՝ առաջիկայում հայտնի ելույթի մոտիվներով Մինասյանը հայտարարելու է, որ Փաշինյանի ընտանիքը և վարչակազմը իրեն պահում է Կարա-Կոյունլուների և Ակ-Կոյունլուների պետությունների նման (զավթիչներ Թուրքմենստանի տարածքներից, որ 15-րդ դարում տիրապետություն էին հաստատել նաև Հայաստանում և որոնց դրոշների վրա պատկերված էին սև և սպիտակ ոչխարներ):
Միայն այն, որ ինքը, հայրը, աները, աներոջ մտերիմ ընկերը, խնամի զարմիկները, բաջանաղը անցած քսան տարիներին աննախադեպ հարստացել են, տիրացել հարյուրավոր անշարժ գույքերի, իսկ նրանց շատ քաղաքական հակառակորդներ լքել են այս աշխարհը, հուշում է, որ Մինասյանը ինչքան քիչ արտաբերի մաֆիա բառը, այնքան օգուտ կլինի իրեն:
Պակաս զավեշտալի չէ «մեդիածառա» որակումը: Սա ասում է մի անձնավորություն, որ ժամանակին արգելում էր իր մեդիակայսրությունում աշխատող լրագրողներին ընկերություն ու մտերմություն անել ընդդիմադիր լրատվամիջոցներում աշխատող լրագրողների հետ: Սա ասում է մեկը, որը տխրահռչակ Արիկ Սաղաթելյանի միջոցով հսկողության տակ էր պահում իր ենթակայության տակ աշխատող լրագրողների բոլոր կապերը և ստիպում նրանց սոցիալական կայքերում գրառումներով պաշտպանել Սերժ Սարգսյանին: