...

Յա՜, էս ո՞վ է մեզ հիշել

Յա՜, էս ո՞վ է մեզ հիշել

Այսօր «Հրապարակ» լրատվամիջոցը հրապարակել է Վահրամ Պետրոսյան կեղծանունով (Մոդերատոր Մոդերա) օգտատիրոջ գրառումը, որտեղ գրված է հետևյալը.

«Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել «երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կարգադրել անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ կատաղի պայքարը և չկորցնել պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը»:

Լուսանկարում (մեր մի քանի նյութերի սքրինշոթերն են,- «ՉԻ») ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ընտանեկան լրատվամիջոցի վերջին 2-3 օրերի հրապարակումների որոշ օրինակներ են ընդամենը, որոնցում լավագույնս արտացոլվում է, թե ովքեր են տակից կատաղի պայքար մղում՝ այն էլ այս «օրհասական պահին»:
Ժամանակն է, որ Տեր-Պետրոսյանը պետական այրին վայել վարք դրսևորի և մի կոչ էլ իր թիմակիցներին հղի՝ բացատրելով, որ չի կարելի երկրի վարչապետին թավշյա յոնջա ասել: Կամ կարելի ա, բայց ոչ այս «օրհասական պահին»»:

Ինչպես տեսնում եք, ամբողջ գրառումը՝ առանց խմբագրելու, բառ հանելու, մեջբերել ենք: Եվ հիմա ստիպված ենք անդրադառնալ սրան: Ուրեմն, Արմինե Օհանյանը՝ Hraparak.am-ի գլխավոր խմբագիրը, մի քանի սահման է անցել: Այն, որ ինքը մեր «ՉԻ»-ի մասին կեղտոտ բան է հրապարակել, դա թողնում ենք իր խղճին: Մենք հնարավորինս խուսափել ենք իր և իր լրատվամիջոցի հասցեին ինչ-որ բան գրելուց՝ հաշվի առնելով, որ ժամանակին խոսքի, մամուլի ազատությանը վերաբերող տարբեր հարցերում համագործակցել ենք, շփվել ենք, հանդիպել ենք, քննարկել ենք և այլն, կարճ ասած՝ գործընկերություն ենք արել: Ընդ որում՝ ունենալով վերապահումներ իր գործունեության, աշխատաոճի, նրանց հրապարակած նյութերի վերաբերյալ, բայց անվանական զերծ ենք մնացել այդ ամենին անդրադառնալուց: Իր իրավունքն է՝ ինչ կգրի, ոնց կգրի:

Առաջին սահմանը, որ Արմինե Օհանյանն անցել է, այն է, որ «Չորրորդ իշխանությունը» համարել է Լևոն Զուրաբյանի ընտանեկան լրատվամիջոց, մի հատ էլ Լևոն Զուրաբյանի լուսանկարն է հրապարակել: 

Սա, իմիջայլոց, նոր բան չէ: Մենք ներկայացնում ենք այն անձանց ցանկը, ոչ ամբողջական, որոնք տարբեր տարիների «ՉԻ»-ն համարել են Լևոն Զուրաբյանի լրատվամիջոցը. Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, Ռոբերտ Քոչարյան, Վիկտոր Սողոմոնյան, Հեղինե Բիշարյան, Գագիկ Մկրտչյան, Ֆլորա Նախշքարյան... հիմա նաև շարքում իր արժանի տեղը գրավեց Արմինե Օհանյանը: Սա նրա բարոյական մակարդակի առաջին նախանշանն է:  

Երկրորդ սահմանը, ու սա էթիկայի, բարոյականության բոլոր սահմաններն է տալիս, անցնում, որ Արմինե Օհանյանը ֆեյքի գրառումն է հրապարակում: Ֆեյքի: Այսինքն, ինչ-որ ֆեյք մեր մասին էժանագին բան է գրում, Արմինե Օհանյանը դա իր մոտ տեղադրում է: 

Միանգամից ասենք, որ մենք երբեք որևէ ֆեյքի գրառում չենք հրապարակել, թեկուզ աշխարհի ամենաթունդ քննադատությունը լինի նախկին իշխանությունների, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին: Էլ ուր մնաց՝ լրատվամիջոցի հասցեին: 

Ընտանեկան լրատվամիջոցի մասին. իհարկե, առաջինը հենց Արմինե Օհանյանն ինքը գիտի, որ դա այդպես չէ, որ «Չորրորդ իշխանությունը»՝ ընթերցողի լրատվամիջոցն է, ո՛չ Լևոն Զուրաբյանը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ ՀԱԿ-ը որևէ առնչություն չունեն «ՉԻ»-ի հետ, չեն էլ կարող ունենալ: Սա բացահայտ ապատեղեկատվություն է, սուտ, որը ինքը միտումնավոր տարածել է: Ու իր սուտը ավելի հնչեղ դարձնելու համար Լևոն Զուրաբյանի լուսանկարն է հրապարակել՝ մտավախություն ունենալով, որ իր ընթերցողները կարող է չհասկանան, թե խոսքն ինչի մասին է: Ինքը չլիներ, այլ՝ մեկ ուրիշը, դատի կտայինք սուտ ինֆորմացիա տարածելու համար, բմբուլները քամուն կտայինք, ծնկաչոք ներողություն կխնդրեր: Ուղղակի առանց այդ էլ իր լրատվամիջոցին վերջին շրջանում հաճախակի են դատի տալիս զրպարտության և կեղծիք տարածելու համար, մենք էլ անենք, կասեն, իշխանությունների պատվեր են կատարում: Արմինե Օհանյանն իր արշինով թող մեզ չչափի. իրեն թվում է, թե բոլոր լրատվամիջոցներն են պատվեր կատարում, բոլորն են փողի մեռած:

Այո, Լևոն Զուրաբյանի հետ շատ հարցերում գաղափարակիցներ ենք, Տեր-Պետրոսյանի հետ, դա երբեք չենք թաքցրել ու չենք էլ պատրաստվում թաքցնել: Բայց գաղափարակից լինելը՝ դա դեռ չի նշանակում նրանցից կախում ունենալ, նրանց ազդեցության տակ գտնվել: 

Մեր պատվիրատուն ընթերցողն է: Ուրիշ պատվիրատու չունենք: Ասվածի վառ վկայությունն էլ այն է, որ 2018թ. հեղափոխությունից հետո «ՉԻ»-ն 1,5 տարի դադարեց գործել: Շատ պարզ պատճառով. ֆինանսներ չկային: Երկար տարիներ «ՉԻ»-ն «Հայկական Ժամանակի» հետ միասին Հայաստանում ամենամեծ տպաքանակ ունեցող պարբերականն է եղել, դրա շնորհիվ մենք գործել ենք, դրա շնորհիվ պահպանել ենք մեր անկախությունը, տուրք չենք տվել տարբեր գայթակղիչ առաջարկներին, իշխանությունների բազմաթիվ հարվածներին կարողացել ենք դիմակայել: Մեր ընթերցողի շնորհիվ: Բայց քանի որ 2018թ. հեղափոխությունից հետո տպագրական մամուլի նկատմամբ պահանջարկը խիստ նվազեց, իսկ ինտերնետի հասանելիությունը բնակչության շրջանում կտրուկ աճեց, մենք ստիպված փակվեցինք:

Հիմա հարց ենք տալիս Արմինե Օհանյանին. քանի՞ նման լրատվամիջոց գիտի, որ այդ ժամանակներից ի վեր ֆինանսական պատճառներով դադարեին գործել: Թող թվարկի: Ընդհակառակը, 2018թ. ի վեր բազմաթիվ լրատվամիջոցներ կամ բացվել են, կամ՝ սկսել են ծաղկել, վերազինվել տեխնիկայի վերջին խոսքով, ստուդիաներ են բացել, հաղորդումներ են հեռարձակում, ուղիղ եթեր: Այդ թվում՝ «Հրապարակը»: 

Այդ ո՞նց ստացվեց: Ուզում եք ասել, մեզանից ավելի խելո՞ք էիք: Ավելի շուստրի՞ էիք: Թե՞ պատճառն այն էր, որ մենք հավատարիմ մնացինք մեր համոզմունքներին, սկզբունքներին և գործարքի չգնացինք տարբեր օլիգարխների, միշիկների, ռոբիկների, սերժիկների հետ: Մեր խղճին դեմ չգնացինք, մեր ընթերցողին դեմ չգնացինք: Ի տարբերություն Արմինե Օհանյանի: Կարող եք բացել «ՉԻ» ցանկացած հոդված՝ լինի դա 20 տարվա վաղեմության, 10 տարվա վաղեմության և այսօր, դրեք իրար կողքի ու համեմատեք. մենք ոնց կայինք, նույնն էլ մնացել ենք: Ու կմնանք: Հետո բացեք Արմինե Օհանյանի լրատվամիջոցը, նայեք տարբեր տարիների նյութերը ու դուք որոշեք՝ ով է պատվերով աշխատում, ով՝ ոչ: 

Արմինե Օհանյանի «շուստրիությունից» ունենայինք, մարդասպանների, հանցագործների հեռուստաընկերություններում եթեր կունենայինք, եթերից մամուլի ազատությունից կճամարտակեինք, փող կաշխատեինք: Բայց մենք գործարքների չենք գնում, բավարարվում ենք օրը 10-15 նյութ հրապարակելով, դա է մեր հնարավորությունը: 

Բայց պարզվում է, որ մեր հնարավորությունները ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ՝ հիմա, նույնն են մնացել: 20 տարի առաջ ընդամենը 2-3 ընդդիմադիր լրատվամիջոցով ավելի շատ ազդեցություն ունեինք լրատվական դաշտում, քան՝ քոչարյանական ամբողջ քարոզչամեքենան, ինչը իշխանությունների մոտ կատաղության նոպաներ էր առաջացնում: Հիմա մեդիա-դաշտի մոտ 80 տոկոսը ամբողջությամբ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի ազդեցության տակ է, գրեթե ամբողջ հեռուստաեթերը իրենցն է, մի 100-150 հատ կայք ունեն, բայց էլի մեզանից մրմռում են: Շատ ծանր է տանում Արմինե Օհանյանը: Մեզանից հարյուրապատիկ ավելի շատ հնարավորություններ ունի, հիմա նաև հեռուստաեթեր ունի, բայց ծանր է տանում, որ իր հովանավորների կոկորդին ձկան փուշ ենք մնացել: 

Իշխանության հասցեին մեր քննադատության մասին: Մի ամիս առաջ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը մեզ մեղադրեց նիկոլական լինելու մեջ: Իբր Փաշինյանի պրոյեկտն ենք: Հիմա Արմինե Օհանյանը մատնացույց է անում մեզ, թե տեսեք, քննադատում են իշխանություններին: Կարծում ենք՝ սա մեր գործունեության ամենալավ գնահատականն է. որտեղ պետք է, քննադատում ենք, որտեղ պետք է՝ գովում ենք: Լավ բան են անում, ասում ենք՝ ապրեք, շարունակեք այդպես, սխալ բան են անում, ասում ենք՝ հոպ, սխալ եք անում, մի արեք այդպես: Նորմալ, չեզոք, անկախ լրատվամիջոցի վարքագիծ է: Կարող ենք ցույց տալ բազմաթիվ հրապարակումներ, որտեղ իշխանությունների քայլերը հավանում ենք: Քանի՞ նման հոդված կարող է Արմինե Օհանյանը ցույց տալ: 

Բայց կա նաև մի ուրիշ տարբերություն. մենք երբեք Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Արարատ Միրզոյանի, Արսեն Թորոսյանի և իշխանության առավել հայտնի դեմքերի, նրանց ընտանիքների անձնական կյանքը խոշորացույցով չենք նայում, նրանց երեխաների մասին գարշելի, չստուգված, «օդից կախված» լուրեր չենք տարածում: Ի տարբերություն Արմինե Օհանյանի: Թեկուզ Ռոբիկը, Արմենչիկը կամ Վիկտորը «մեշոկով» փող առաջարկեն: Մենք այդ աստիճան չենք ընկնի: 

Հիմա մենք Արմինե Օհանյանի ոճով իրեն պատասխանենք. ըստ օդում կախված լուրերի, «Հրապարակը» Աղվան Վարդանյանի ընտանեկան լրատվամիջոցն է: Դա դուր կգա՞ իրեն: Դե թող այսպիսի լուրեր էլ տարածվեն, տեսնենք՝ ինչպես ինքը իրեն կզգա:

Հ.Գ. Ամիսներ առաջ Արմինե Օհանյանը նամակ էր գրել Քոչարյանի օրոք դատապարտված քաղբանտարկյալներից մեկի աղջկան և մուննաթ եկել, որ այդ աղջիկը «Հրապարակի» և իր հասցեին քննադատական ստատուսներ է լայքում: Իբր էթիկա կա, բան կա, այդ աղջիկը խախտում է: Այսինքն, որ իր հասցեին ստատուս են լայքում, դա էթիկայի խախտում է համարում, իսկ որ ինքը մեր լրատվամիջոցի մասին էժանագին ֆեյքի էժանագին ստատուս է հրապարակում, դա երևի մամուլի իր պատկերացրած ազատությունն է: Տարրական էթիկայից զուրկ, երկերեսանի մարդը պոզով-պոչո՞վ է լինում:

Հ.Գ.-1. Այդ ֆեյքի լուրը հրապարակել են նաև Բլոգնյուս-ը, որի խմբագիրը մոլի քոչարյանական է և Ankakh.com-ը, որի խմբագիրը Վարդուհի Իշխանյանն է: Սա էլ ձեզ Արմինե Օհանյանի և նրա լրատվամիջոցի մակարդակի մյուս «լեվելը»: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ