...

Յա, խելքներիդ հասա՞վ

Յա, խելքներիդ հասա՞վ

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. 

«Պետության փլուզմանը զուգահեռ՝ ակնհայտ է հասարակական դեգրադացիան։ Այսպես շարունակվելու դեպքում մեզ լավագույն դեպքում սպասում են «Հեյդարի Ալիևի» հիմնադրամի «Ազգային Անարժանապատվության» մրցանակները։ Ու չկասկածեք, թե քանի´սն են հպարտությամբ ստանալու։ Մենք դեգրադացվում ենք արդեն ոչ միայն որպես հասարակություն, այլև որպես ժողովուրդ՝ իր ավանդույթներով, լավի ու վատի մասին պատկերացումներով։ 

Իմ առաջարկը հետևյալն է. ձևավորել պետականության փրկության նոր շարժում՝ նոր ձևաչափով, նոր ասելիքով, հանրային իրական դեմքերի ներգրավմամբ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ»։ 

«ՉԻ». Թվում է, թե Ռոբերտ Քոչարյանի այս ներկայացուցիչը խելոք, ճիշտ բաներ է ասում: Դե հա, մեր պետականության գլխին վտանգներ են կախված: Ոչ ոք դա չի հերքում: Բազմաթիվ մարտահրավերների առջև ենք կանգնած: Սա էլ է հասկանալի:

Բայց հեչ սիրուն չի, որ Վահե Հովհաննիսյանն իրեն է վերագրում մտքեր, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասել՝ խորհրդարանական ընտրություններից առաջ:

Տեր-Պետրոսյանը չէ՞ր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել նոր ձևաչափով նոր շարժում ձևավորել՝ նախկին ղեկավարների մասնակցությամբ: Չէ՞ր առաջարկել, որ միասնական դաշինքով մասնակցեն ընտրություններին՝ պայմանով, որ իրենցից ոչ ոք չպետք է վարչապետի պաշտոնը զբաղեցնի: Չէ՞ր առաջարկել, որ նոր դեմքեր լինեն դաշինքում, նոր ասելիքով ու միասնական այդ դաշինքով փորձեն կանգնեցնել երկրի գահավիժումը:

Առաջարկել էր: Բայց ձեր Ռոբերտ Քոչարյանը մերժեց: Որովհետև սիրտը վարչապետի միս էր ուզում: Մերժել եք, ընդունել Փաշինյանի խաղի կանոնները, ձեր բաղձալի մանդատները ստացել եք, մտել եք խորհրդարան, հիմա եկել, կանգնել եք՝ թե բա նոր շարժում ձևավորենք, երկիրը վարի է գնում: 

Դե, բարև ձեզ: Հերիք չէ՝ մերժել եք երկիրը փոսից դուրս բերելու առաջարկը, հիմա էլ՝ մանդատները ձեռքներիդ, նույն առաջարկը դուք եք անում: Հայի վերջին խելքն է: Դե գնացեք, Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք-ձեռքի տվեք, փրկեք երկիրը: Շատ էլ լավ ձևաչափ է: Ձեր ուզածն է:

Հ.Գ. Չնայած, ինչի՞ վրա ենք զարմանում: Սրանք ժամանակին արժանապատիվ խաղաղությունը դավաճանություն էին համարում, ավելի քան 20 տարի հետո իրենք են թութակի պես արժանապատիվ խաղաղությունից խոսում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1654 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ