...

Ընդդեմ պետության 2

Ընդդեմ պետության 2

Տուրիստի համաշխարհայինը

Պետություն ունեցող ազգերը գոնե մերթընդմերթ մտահոգվում են, թե ինչ է կատարվում իրենց գլխում։ Պարզվում է՝ մեր պետությունն էլ անգլուխ չէ․ ըստ գործող Սահմանադրության․
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: (գլ․ 5, հ․ 123)

Եվ որովհետև մեր պետության մյուս մարմնամասերում գործերը, մեղմ ասած, լավ չեն, տեսնենք, թե ինչ է կատարվում գլխում։ Բայց մինչ այդ հիշեցնենք, որ սա մի քիչ դեկորատիվ գլուխ է, որովհետև ընտրվել է ԱԺ-ում, լիազորությունները սահմանափակ են, բացի դրանից՝ ինքն էլ առանձնապես չի սիրում ծանր պարտականություններ ստանձնել։ 

Իսկ ի՞նչ է սիրում։ Լա՛վ էլ հիշում եք։ Նա սիրում է երեխաների հետ պաղպաղակ ուտել, կոտլետ, վա՜յ, կներեք, համբուրգեր տապակել և, իհարկե, զբոսաշրջել աշխարհով մեկ։

Մեր գլուխն առանձնապես չի սիրում մտածել, ինքնուրույն մտքեր ասել, սակայն նրա բերանը մեծ հաճույքով և ոգևորությամբ է արտաբերում հնամաշ և ոչնչի չպարտավորեցնող գաղափարներ։ 

Այսպես, ՀՀ նախագահի մամուլի հաղորդագրությունից իմանում ենք, որ նա՝ Արմեն Սարգսյանը, ս․թ․ նոյեմբերի 29-ին ընդունել է մի խումբ ուսանողների և նրանց հետ զրուցելիս ասել․ «Մենք համաշխարհային ազգ ենք, մեր պետության մոդելն էլ պետք է բաց լինի, քանի որ մեր հարստությունը մարդիկ են, պետք է կարողանանք ճիշտ օգտագործել այդ ներուժը։ Մենք պետք է գնանք դեպի գիտության, նոր տեխնոլոգիաներ, ունենանք բարձր որակի արտադրանք, որը կարող ենք արտահանել»։ Տեսնենք, թե համաշխարհային ազգի գաղափարն ումից է վերցրել։ 90- ականների սկզբին դրա հեղինակը Վազգեն Մանուկյանն էր, որն ամեն կերպ փորձում էր հակադրվել իշխանությանը և ազգայինից ազգային լինել, որպեսզի նախագահական ընտրություններում հաղթի Լևոն Տեր- Պետրոսյանին։ Ախմախ գաղափար էր, որ հենց արտահայտվելու պահին ոչ մի օգուտ չէր բերելու մեր պետությանը, սակայն Վ․ Մանուկյանը շահելու էր ազգային միֆերով ապրող ընտրողների ձայները, այն ընտրողների, որոնց ոչ միայն Հայաստանն ու Արցախը չէին բավարարում, այլև նույնիսկ Տիգրան Մեծի ծովից ծովը։ 

Իսկ Արմեն Սարգսյանի ինչի՞ն է պետք այս բորբոսնած և այսօր արդեն որպես ծաղր հնչող «հղացքը»։ Կարծում ենք՝ նրա գլխում սա տեղավորվել է որպես չաղ ու հյութեղ մի բան, ճիշտ այնպիսին, ինչպիսին Սևրի պայմանագիրն է կամ համբուրգերը։ Մարդը, որին կասկածում են այլ երկրի քաղաքացի լինելու մեջ, փորձում է ազգային երևալ։ Բացի դրանից՝ պրն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնում այնքան է շրջագայել աշխարհով մեկ, որ լուրջ է ընդունում իր համաշխարհայնությունը և գուցե մտքում անդադար կրկնում է․ «Ազգը ե՛ս եմ»։ 

Սակայն ասենք նաև, որ 90-ականների սկզբից մեզ մի հարց է տանջում․ ի՞նչ է ի վերջո համաշխարհային ազգը։ Արդյո՞ք Վ․ Մանուկյանն ու Արմեն Սարգսյանը նկատի ունեն հայերի սփռվածությունը տարբեր երկրներում։ Այդ դեպքում ի՞նչ պակաս համաշխարհային են պակիստանցիները, որոնք որպես բանվորներ անգամ Հայաստանում են աշխատում։ Ենթադրում ենք, որ այս հարցի հոդաբաշխ պատասխանը երբեք չենք ստանալու։

Մի խոսքով՝ մեր պետության գլխի գլխում պետության իրական խնդիրների հետ կապված արժեցող միտք չի ծնվում, և սա՛ է նաև մյուս մարմնամասերի անկանոն շարժումների պատճառը։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   882 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ