Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ էր այցելել: Գրասենյակ մտնելուց առաջ նա ձնագնդիկ է պատրաստել ու նետել լրագրողների և օպերատորների ուղղությամբ:
Ներկայացնում ենք, թե ինչպես կարող էին «ընդդիմադիրները» մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի կողմից լրագրողներին ձնագնդիկով հարվածելու դրվագը:
5-րդ ալիք. Եվ մեր լուրերի թողարկումը սկսում ենք արտակարգ լուրից. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բռնություն է կիրառել լրագրողների հանդեպ՝ առանձնակի դաժանությամբ ձնագնդիկով հարվածելով 2 լրագրողի և 1 օպերատորի: Մեր նկարահանող խումբն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, որտեղ այս պահին վիրահատում են օպերատորներից մեկի վերարկուն: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում:
ԲՀԿ. Ձնագնդիկով լրագրողներին հարվածելը հարիր չէ մեր 4 հազարամյա ազգի մենթալիտետին: Դա հարված չէր լրագրողներին, այլ՝ հայուգենին, հայ ընտանիքին, նահապետական բարքերին: Ինքնըստինքյան, առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դատապարտում է ազգի առողջ ուժերը ջլատելու նման փորձերը, համապատասխանաբար իր զորակցությունն է հայտնում Կենտրոն TV-ի օպերատորին:
Վազգեն Մանուկյան. Վերջին անգամ այսպիսի բռնություններ մեկ էլ 1996 թվականին են եղել: Իրականանում են իմ այն կանխատեսումները, որ 1996 թվականի իրադարձություններին քաղաքական գնահատական չտալով, մենք այսպիսի իրավիճակ ենք ստանալու, երբ ՀՀ վարչապետն արդեն անձամբ է ձնագնդիկով հարվածում լրագրողներին: Այսօր՝ ձնագնդիկ, վաղը՝ պարսատիկ: Ժամն է եկել սրա դեմն առնելու:
Դավիթ Շահնազարյան. Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ լրագրողներին ձնագնդիկով հարվածելը Արցախը հանձնելու ծրագրի հերթական փուլն է:
Արթուր Վանեցյան. Ձնագնդիկով լրագրողներին հարվածելը լուրջ սպառնալիք է ազգային անվտանգությանը: Թե որքան լուրջ, կգա ժամանակը, և ես կասեմ: Պատիվ ունեմ:
Անժելա Թովմասյան. Վարչապետի կողմից լրագրողներին ձնագնդիկով հարվածելու զարհուրելի դեպքի շուրջ այսօր իմ տաղավարում կզրուցենք Զարուհի Փոստանջյանի հետ:
ՀՀԿ. Իշխանությունը բռնազավթած անձը մ.թ.ա. 80-ականների զենքով է հարվածում լրագրողներին: Մենք 20 տարի ժողովրդավարական երկիր սրա համար չէինք սարքում: Նիկոլը պետք է հեռանա:
ՀՅԴ. Դաշնակցությունը՝ հավատարիմ ըլլալով իր սկզբունքներուն, խստորեն կդատապարտե ուժային միջոցներով ազատ մամուլը ճնշելու նման քստմնելի արարքը: 21-րդ դարին անհարիր զենքերով հարցեր չեն լուծում: Ահաբեկչությունը Հայաստանում տեղ չունի:
Հրայր Թովմասյան. Ակնհայտորեն, վարչապետի այս քայլն ուղղված էր Սահմանադրական Դատարանի անդամների դեմ, որովհետև այդ լրագրողներից յուրաքանչյուրն էլ կարող էր իմ սանիկը լիներ:
Հայկ Ալումյան. Մենք միջնորդություն ենք ներկայացրել Վերաքննիչ դատարանին, որպեսզի մարտի 1-ի գործով հերթական նիստը հետաձգվի, քանի որ անհերքելի փաստեր ունենք, որ Նիկոլ Փաշինյանը 2008թ. մարտի 1-ին էլ է ձնագնդիկով հարվածել ուժային կառույցներին, որից հետո Ռ. Քոչարյանը ստիպված է եղել զորք մտցնել Երևան:
Վիկտոր Սողոմոնյան. Արցախի ու Հայաստանի միակ հերոս, Արցախի ու Հայաստանի ազատագրիչ Ռոբերտ Քոչարյանը՝ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ձնագնդիկով երբևիցե չի հարվածել գեթ մեկ լրագրողի: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:
ՎԵՏՕ. Ձնագնդիկով հարվածելով լրագրողներին՝ վարչապետ կոչեցյալը ընդամենը Սորոսի գրասենյակի հերթական պատվերն է կատարում՝ փորձելով ջլատել մամուլը: #Sorosi Dznemarder#
«Ադեկվատ». Արա, էդ ձնագնդիկը գլորվելով, թափ է հավաքելու, դառնալու է մի երկրագունդ, ու գալու է, քեզ սրբի, տանի: Էդ դիշովի քայլերը քեզ չեն փրկի: #Debilneri brnapet#
Մենուա Հարությունյան. Լսում ես, այ Նիկոլ, ես էն տղեն եմ, հենց հիմա կանգնած եմ Հրապարակում, թե դուխ ունես, արի ինձ ձնագնդիկով հարվածի: Ու ով էլ կասկածի, որ ես էն տղեն եմ, որ դուխ չունեմ, Հրապարակում կանգնած եմ, թող փորձի ինձ ձնագնդիկով հարվածի:
Դավիթ Խաժակյան. Վաղը մենք կհրապարակենք փաստաթղթեր, որ Հայկ Մարությանը միտումնավոր չի մաքրում ձյունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հարվածելու հնարավորություն ունենա:
Հրանտ Բագրատյան. Որպես մեգաէկոնոմիկայի հայր, կարող եմ ասել, որ ձնագնդիկի հարվածի մակրոտնտեսական ցուցանիշները ԱՎԾ-ն միտումնավոր կեղծել է: