...

Ընդդիմությունն ու իշխանությունը միակարծիք են

Ընդդիմությունն ու իշխանությունը միակարծիք են

«Այսօր ես կարող եմ ասել, որ արցախցիներն իրենց անվտանգության հարցերը և իրենց ապագան կապում են բացառապես ռուս խաղաղապահների հետ։ Եվ ռուս խաղաղապահների առկայությունն է Արցախում, որ որոշ չափով զսպում է Ադրբեջանի լկտի պահվածքը և ագրեսիան Արցախում։ Ռուս խաղաղապահները, իհարկե, փորձում են կանխել այդ ագրեսիան, բայց ադրբեջանցիներն իրենց շատ լկտի են պահում, անգամ փորձեր են եղել՝ փակելու Արցախը և Հայաստանը կապող ճանապարհը, և ռուս խաղաղապահների անմիջական ջանքերով հետ են մղվել»,- «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Լավ օրից չէ, որ արցախցիները ապագան կապում են բացառապես ռուս խաղաղապահների հետ։ Ի՞նչ անեն. Հայաստանի իշխանությունը Արցախով զբաղվելու ոչ հեղինակություն ունի, ոչ քաջություն և ոչ էլ հմտություն։ Հայաստանի ընդդիմությունը ևս կոմպետենտ չէ և զբաղված է միայն արձանագրումներ անելով։ Հայ հասարակությունն էլ վաղուց արդեն պահանջներ չի ներկայացնում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը։ Մի խոսքով՝ ամեն մարդ իր դարդին։ Պնդումը, թե Ադրբեջանը հայաթափման ռազմավարություն է իրականացնում՝ ուռճացված է։ Ինչո՞ւ, որովհետև արցախցուն Արցախից դուրս մղողը առաջին հերթին իշխանությունն է իր անտարբերությամբ, հետո՝ ընդդիմությունը իր դատարկ պոռոտախոսությամբ, ապա հասարակությունը, որն այլևս տվել է իր լավագույնը՝ երիտասարդությանը, և հիմա բարոյապես ու ֆիզիկապես չի կարող սպասարկել իր կամ որ նույնն է՝ արցախցու շահը։ Չափազանց բարդ իրավիճակ է՝ բազմաթիվ անհայտներով։ Եվ չկա այն փարոսը՝ պետությունը, որին պետք է ուղղված լիներ բոլորիս հայացքը։ Հենց գիտակցենք, որ չկա՝ ձեռնամուխ կլինենք, որ այն լինի։ Դժվար գործ է, հատկապես երբ հանրային գիտակցության մեջ կաթիլ առ կաթիլ լցնում են միութենական պետության գաղափարը։ Ընդ որում՝ իշխանությունն ու ընդդիմությունն այս հարցում կարծես թե վեճ չունեն։ Չեն խոստովանում, բայց ակնհայտ է։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1084 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ