Վերջին օրերին մեր ուշադրությունը գրավեց մի հանգամանք, որ նախկին հակահեղափոխական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել «Ազատություն» ռադիոկայանի դեմ: Ռուսական «սապոգին» հավատարմության երդումների շքերթին զուգահեռ, այս ուժերը պարբերաբար հիշատակում են «Ազատությանը»՝ որպես հակահայկական քարոզչամեքենա, դրսի պատվերներ կատարող, հակառուսական քարոզչություն իրականացնող, «Սորոսի» հետ համաձայնեցված քաղաքականություն տանող և այլն: Բազմաթիվ մեղադրանքներ:
Մենք դեռ մի կողմ ենք դնում այդ մեղադրանքների ճիշտն ու սխալը, բայց մեզ ուրիշ բան է զարմացնում: Սրանով այս ուժերը խոստովանում են իրենց դատարկությունը, գաղափարական սնանկությունը, իրական ասելիքի բացակայությունն ու տգիտությունը: Որովհետև՝ վերահսկելով հայաստանյան մեդիադաշտի մոտ 85 տոկոսը, նրանք ընդունում են, որ իրենց քարոզչական արտադրանքը աղբ է և որակով զիջում է այն 15 տոկոսի մեջ գտնվող «Ազատությանը»: Ու փոխանակ իրենց աշխատանքի որակը բարձրացնեն, կատաղության մեջ են ընկնում, որ ի վիճակի չեն այն 15 տոկոսի հետ մրցակցել:
Ընդունենք, որ «Ազատությունը» քարոզչամեքենա է, ինչ-որ վատ բաներ է քարոզում: Բայց դուք էլ եք քարոզչամեքենա, դուք էլ եք ինչ-որ բան քարոզում: Բայց «Ազատության» աշխատանքը արդյունավետ է, սրանցը՝ 0: Լավ, զրո չէ, մի քիչ չափազանցրինք, ասենք՝ 5 տոկոս: Գոնե այդ շեմը թող հաղթահարեն:
Ու չեն էլ հասկանում, որ հարձակվելով «Ազատության» վրա, իրենց են խղճուկ վիճակի մեջ դնում: Թեպետ, այն ահռելի ֆինանսական միջոցները, որոնք լցրել են հակահեղափոխական ուժերին սպասարկող լրատվամիջոցներ, չեն ենթադրում որակյալ աշխատանք, այլ միայն՝ կատաղի հակաքարոզչություն: Դրա համար էլ անորակ են:
Մենք որոշեցինք հավաքել և ներկայացնել հակահեղափոխականների սպասարկող լրատվամիջոցների ցանկը: Կայքերի դեպքում ստիպված էինք հրաժարվել այդ մտքից, քանի որ այնքան շատ են, որ մի ամբողջ օր պետք է, դրանց բոլորին մի տեղ հավաքելու համար: Հարյուրից անցնում է: Այդ հարյուրից մի 10-15-ը տեխնիկական հագեցվածությամբ ոչ մի բանով չի զիջում «Ազատությանը», մի քանիսը՝ գերազանցում են: Սեփական TV ստուդիաներ ունեն, տաղավարներ, 24-ժամյա ռեժիմով եթեր:
Դրա համար ավելի հեշտ է ներկայացնել հեռուստաեթերի դաշտը: «5-րդ ալիք», Armnews, «Կենտրոն TV», «Երկիր Մեդիա», «Արմենիա TV», Հ2: Սրանք նախկիններին սպասարկող հեռուստաընկերություններն են: Որևէ հակակշիռ այդ դաշտում ոչ իշխանությունները, ոչ էլ՝ այլ ուժեր, չունեն: Կարող է ասեն՝ բա՞ Հ1-ը, սակայն Հանրային հեռուստաընկերությունը այդ աստիճանի կացնային քաղաքականություն չի իրականացնում, բոլորին էլ եթեր է տրամադրում, ու առանձնապես իշխանությունների գովքով չի զբաղվում: Այսինքն, ամբողջ TV դաշտն էլ է սրանցը, իսկ մի հեռուստաալիքը 100 հատ կայքի չափ լսարան ունի:
Ահա այսպիսի հնարավորություններ ունենալով, այդպես էլ չեն կարողանում արտադրանք տալ: Տեղեկատվությունը նույնպես արտադրանք է, և քաղաքացին էլ, ընտրության հնարավորություն ունենալով, գերադասում է որակյալ արտադրանքը: Դրա համար էլ՝ այս 85 տոկոսը տեսնելով, որ մեդիադաշտում մրցակցության մեջ զիջում է մնացած 15 տոկոսին, իրեն այլ բան չի մնում, քան ամբողջ մաղձն ու ատելությունը թափել՝ մի օր «Ազատության» վրա, մի օր՝ մեզ վրա և այդպես շարունակ:
Հ.Գ. 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո Քոչարյանը փակել տվեց իր կողմից չվերահսկվող բոլոր լրատվամիջոցները: Գիտե՞ք, ինչ եղավ: Մի հատ չեզոք, քիփիլիկ կայք կար. Persons.am, որտեղ հայտնի դեմքերի մասին բաժիններ կային, և ընթերցողները կարող էին մտնել և իրենց կարծիքը հայտնել այդ դեմքերի մասին: Ու մարդիկ մտնում էին կայք, մեկնաբանությունների բաժնում կարծիքներ էին գրում, իսկ քանի որ լրատվամիջոցները փակ էին, նաև քաղաքական հարցեր քննարկում: Դա միակ տեղն էր, որտեղ հնարավոր էր ինչ-որ բան գրել: 2 օր անց այդ կայքը արգելափակվեց: Ահա սա է մեդիադաշտի 85 տոկոսը վերահսկող մեդիադաշտի տերերի հոգեբանությունը, որը ավտոմատ փոխանցվում է իրենց քարոզչական վարձկաններին: