Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի տնտեսությունն աճում է, որովհետև իրենք, դիմելով մարդկանց, նրանց տալիս են հետևյալ ուղերձը՝ «հարստացիր և հարստացրու»։
Փաստորեն Հայաստանի տնտեսությունը Նիկոլ Փաշինյանի ուղերձի շնորհիվ է աճում։ Նա մարդկանց ասել է «հարստացեք», նրանք էլ հարստանում են, չասեր՝ չէին հարստանա։ Հասկանալի է, իհարկե, որ իրականում Հայաստանի տնտեսական աճն ավելի շատ պայմանավորված է մեկ այլ ուղերձով։ Խոսքը Պուտինի՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու ուղերձի մասին է, որից հետո ռուսներն իրենց կապիտալով-բանով լցվեցին Հայաստան, մենք էլ սկսեցինք «տեղական արտադրության» մանգոյից-բանից արտահանել Ռուսաստան։
Բայց մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականը բացառիկ չէ։ Քաջ Նազարն էլ էր, չէ՞, ուղերձ հղում, որ արևը ծագի արևելքում ու մայր մտնի արևմուտքում, որ ցերեկը լույս լինի, գիշերը՝ մութ, և այդպես շարունակ։ Ու նրան հաստատ թվում էր, թե հենց իր ուղերձների շնորհիվ էլ այդ ամենը տեղի է ունենում։