...

Ընկեր Ալին ու Շպիոն Օնիկը

Ընկեր Ալին ու Շպիոն Օնիկը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություններ են ընթացել (իսկ ես դրանում վստահ եմ ու գիտեի դրանց մասին մինչև այդ հրապարակումը), ապա պետք է որոշ հստակություն մտցնել Իրենց Քայլի պատգամավորների համար»:

«ՉԻ». Ուղղակի հիշեցնենք, թե խնդիրն ինչի մասին է: Ուրեմն, ադրբեջանական, շեշտում ենք՝ ադրբեջանական haqqin.az-ը տեղեկություն էր հրապարակել, թե 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրին` առաջարկելով սկսել ուղիղ բանակցություններ, և այդ ընթացքում թողել է վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Ադրբեջանական կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել եվրոպական երկրներից մեկում, Արսեն Խառատյանն, ըստ աղբյուրի, նշել է, որ ներկայացնում է Փաշինյանին, որը հետաքրքրված է բանակցությունների նոր ձևաչափով, Հայաստանի նոր կառավարությունն էլ իբրև պատրաստակամ է ապագա բանակցությունների համար ընդունել փուլային կարգավորման պլանը:

Ու կապ չունի, որ Արսեն Խառատյանը վաղուց հերքել է ադրբեջանական քարոզչամիջոցի հրապարակումը: Պարզվում է, որ մեր մոտ ադրբեջանական լրատվամիջոցները դարձել են հարյուր տոկոսանոց տեղեկությունների աղբյուր: Քոչարյանական-միշիկական հարյուրավոր քարոզչամիջոցները սրանց արդեն չեն բավարարում, ադրբեջանցիներին են օգնության դիմել: 

Մենք այսպիսի բան չենք կարողանում հիշել, որ ադրբեջանցիները ինչ-որ բան «սլիվ» անեն, ու մեր մոտ դա ներքաղաքական հարցերում որպես փաստարկ ներկայացվի: Ասենք, որ ռուսական լրատվամիջոցներին վճարովի հոդվածներ և հարցազրույցներ են պատվիրում, դա կարող ենք մի կերպ հասկանալ, բայց որ ադրբեջանական լրատավամիջոցների հետ են «քարդաշացել», դա նոր բան է: 

Ու հետո սրանք առավոտից երեկո բարբաջում են թուրքի ջրաղացին ջուր լցնելուց: Մեր դեպքում սրանք ոչ միայն ջուր լցնողն են, այլև հենց ջրաղացի դերն էլ են կատարում:

Բա որ չեն ասում՝ ես հաստատ գիտեմ, որ տենց բան է եղել: Բոլորը Ջեյմս Բոնդ են դարձել: Մեկը Փաշինյանի ու Ալիևի խոսակցությունն է ծերից ծեր պատմում, էս մեկը՝ թե Եվրոպաներում Խառատյանն ում հետ ինչ է խոսել: Ասենք, իմանաք, որ այդպես տեղեկացված մենակ «Շպիոն Օնիկն» է լինում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1090 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ