...

Զգուշացեք, դռները փակվում են. հաջորդ կայարանն անհայտ է

Զգուշացեք, դռները փակվում են. հաջորդ կայարանն անհայտ է

Խմել այծի կաթ, չուտել մարդու միս

Լավ, բա ո՞նց անենք, որ գոնե մի շաբաթը լավատեսական նոտաներով ավարտենք: Օրը սկսվում է, թե չէ, գրանցում ենք հերթական կորուստը, աղետը, զիջումը... տուտը չի երևում:

Նույնիսկ չգիտենք՝ որից սկսենք, որը թողնենք: Բայց երևի սկսենք նրանից, ինչի մասին զգուշացրել էինք. ապրիլի 5-ից կասեցվելու է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի սերտիֆիկացումը: Կոպիտ ասած, «Ռոսսելխոզնադզորը» հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան կասեցնում է: Պաշտոնապես պատճառն այն է, որ Հայաստանի անասնաբուժական ծառայության կողմից կաթնամթերքի անվտանգությունը ռուս սպառողների համար չի երաշխավորվում: Իբր Ռուսաստան արտահանվող մեր կաթնամթերքի բաղադրության մեջ իրանական հումք կա, իսկ դա չպիտի լիներ և այլն:

Ի՞նչ եք կարծում, ռուսները մինչև հիմա չգիտեի՞ն, թե Հայաստանից եկող կաթնամթերքն ինչից է պատրաստվում: Ինչ հումքով, որտեղից, ոնց... հաստատ մեզանից էլ լավ գիտեին: Տարիներ շարունակ Հայաստանը Ռուսաստան կաթնամթերք է արտահանել, մինչև հիմա նորմալ էր, խնդիր չկար, նոր հիշեցին, որ խնդիրներ կան: Պարզ է, չէ՞, որ մինչև հիմա այդ ամենին մատների արանքով էին նայում, պատժամիջոցների տակ կքված, բազմաթիվ խոշոր ներմուծողներից զրկված, ինչի՞ պիտի նման քայլի գնային: 

Չէ, խնդիրը միայն Հռոմի ստատուտը սահմանադրական ճանաչելը չէ: Խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում առկա խորը ճգնաժամն է, փոխադարձ վստահության, գործընկերության գրեթե զրոյական մակարդակը, հանրային որոշակի շրջանակներում հակառուսական տրամադրություններ առաջացնելը: Սա չի նշանակում, որ Ռուսաստանը հուրի-փերի է, բայց նրա հետ հարաբերություններում կացնային մոտեցումներով որևէ դրական արդյունք ակնկալելը բացառված է: 

Ու հիմա մեր բազմաթիվ ձեռնարկություններ զրկվեցին 130 միլիոնանոց շուկայից: Հետաքրքիր է, թե «Ռոսսելխոզնադզորը» հաջորդը ի՞նչ կհայտնաբերի Հայաստանից արտահանվող արտադրանքի մեջ: Եվ որ արտադրանքի:

Մի տողանոց վիճակ

Դե, Լաչինի միջանցք, Կոռնիձոր, Տեղ գյուղ, ադրբեջանցիների առաջխաղացում... սրանք սովորական իրադարձություններ են: ԱԱԾ-ն ասում է, թե ադրբեջանցիները մի քանի հարյուր մետր առաջ են եկել, հետները բանակցել են, որոշակի բարելավում է տեղի ունեցել: 

Թե ինչ է նշանակում բարելավում, չգիտենք, բայց վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Տեղ գյուղի բնակիչները նորից հայտնվեցին ադրբեջանական զորքերի ուղիղ նշանառության տակ, ձեռի հետ էլ կորցնելով բազմաթիվ արոտավայրեր ու մշակվող հանդեր: 

Ստելու և փլուզվելու օրը

Խորհրդարանի կռվի մասին առանձնապես խոսելու հավես չկա: Գարուն է, եղանակները տաքացել են, պատգամավորներն էլ հետն են տաքանում: Ամռանն ընդհանրապես թեժ է լինելու: Բայց մինչև ամառ դեռ պիտի ձգենք:

Հենա, մետրոպոլիտենն արդեն չի ձգում: Իբր մեր դարդերը քիչ էին, ապրիլի 1-ին, այսինքն՝ ստելու օրը, «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում Երևանի ալրաղաց բունկերի պատն է փլուզվել, դուզ մետրոյի ռելսերի վրա: Սկզբից մտածեցինք, որ կատակ է, բայց սրանք կատակն էլ են լրջի վերածում:

Շտապեցին Հրաչյա Սարգսյանին հանել: Գոնե էս մետրոյի դեպքը նրա օրոք լիներ, դա պատճառ բերեին, նոր հանեին: Իսկ այսպես սաղ ջարմեն Տիգրան Ավինյանն է քաշելու: Աջափնյակի կայարանի ճարտարապետը երևի սկզբից եղածը պահի, պահպանի, վերանորոգի, թարմացնի, նոր անցնի տիեզերական մասշտաբի նախագծերին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7761 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ