...

100 տարին մնաց փշալարերին

100 տարին մնաց փշալարերին

Մենք, իհարկե, դեռ 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովի շուրջ էժանագին շահարկումներին կանդրադառնանք, համբերեք, բայց այս անգամ ուղղակի հիշեցնենք, որ տարիներ առաջ մեր իշխանությունները Ղարաբաղի հարցում նույնքան իրար հակասող հայտարարություններ էին անում, որքան հիմա: Ընդ որում, դրանցից շատերը դարձան թևավոր: Ինչպես 100 տարվա մասին խոսքը: 

Ներկայացնենք 20 տարվա վաղեմության հոդված, որ հասկանալի լինի, թե ինչ էր ասում իշխանությունը, և որքան դիպուկ գնահատականներ է տվել ընդդիմությունը:

««Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը անդրադարձավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարություններին:

Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, արտգործնախարարի ելույթը նման էր դաշտային հրամանատարի կողմից արված տղայական հայտարարության: Խոսքը մասնավորապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ասվածին, թե «Հայաստանը կարող է ոչ միայն գոյատևել, այլև զարգանալ և հաջորդ 100 տարիներին կզարգանա առանց երկաթգծերի, նավթամուղերի, - մեջբերեց խմբակցության քարտուղարը,- եթե արտաքին գործերի նախարարը ասում է, որ 100 տարի մենք կարող ենք շրջափակման պայմաններում ապրել և զարգանալ՝ սրանից վտանգավոր բա՞ն: Այսինքն՝ ինչո՞ւ եմ ես տղայական գնահատում, որովհետև սա մարտահրավեր է ամբողջ աշխարհին»:

«Արդարություն» խմբակցության քարտուղարի համոզմամբ, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այսօր Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի համար անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել:

Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ, Թերի Դևիսի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե միայն Թերի Դևիսի, այլև Եվրոպայի խորհրդի դիրքորոշումն է, որն այնքան էլ բարենպաստ չէ Լեռնային Ղարաբաղի համար: Նա որպես ապացույց մեջբերեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանի վերջերս արած հայտարարությունը, թե Ադրբեջանի մի զգալի մասը օկուպացված է:

Այսօր, ըստ բանախոսի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ռուսաստանը, Չինաստանը, նաև հարևան Իրանը:

Եզրակացությունը հետևյալն է. «Եթե աշխարհի գերտերությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրանով նրանք Ադրբեջանին ասում են, որ իրենք կարող են իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնել, և սրանից վտանգավոր բան չկա մեզ համար: Այսինքն՝ ամբողջ աշխարհն ունի այս դիրքորոշումը, իսկ Օսկանյանն ասում է, թե՝ «դե թող մեկը մեզ բան ասի», ասաց Դալլաքյանը», 23.09.2004թ.»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ