ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել է. «Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ Հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է:
Իրականության հետ աղերս չունեցող այս պնդման առումով կարևոր ենք համարում ընդգծել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ՝ ամենօրյա շփումների մասին: Այս հանգամանքը հրապարակային ելույթներում և տարբեր ձևաչափերում վերահաստատել է նաև ԼՂ նախագահը»:
«ՉԻ». Էս էն անեկդոտն է. զատո ոտս երկու անգամ գծից դուրս եմ հանել: «Հետքի» Էդիկ Բաղդասարյանն էր դա գրել, որ Հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ:
Վարչապետի մամուլի քարտուղարը դա հերքում է. ասում է՝ չէ, Նիկոլ Փաշինյանը շփվում է Արցախի նախագահի հետ:
Իսկ բացի Նիկոլ Փաշինյանից, իշխանության այլ ներկայացուցիչներ շփվո՞ւմ են: Իսկ բացի Արայիկ Հարությունյանից, այլ արցախցի պաշտոնյաների հետ շփում կա՞:
Խոսքը սրա մասին է: Արցախից որևէ պաշտոնյա կարողանո՞ւմ է կապ հաստատել Հայաստանի որևէ պաշտոնյայի հետ: Թե՞ վերջացավ գնաց. մենակ Նիկոլ Փաշինյան – Արայիկ Հարությունյան կապն է, այդքանով պիտի բավարարվել:
Այս հերքումով իրականում ավելի շատ հաստատել են Էդիկ Բաղդասարյանի խոսքերը: