Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջել են իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատության» աշխատանքը խոչընդոտելու միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել նրան:
«Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։ Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման տարիներին էլ աչքի էր ընկնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
«ՉԻ». Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը», Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի Մամուլի ակումբը և... և վերջ:
Այստեղ պետք է շարունակություն լիներ, բայց բացակայում են լրատվական դաշտի, խոսքի ազատության հարցերով իբր զբաղվող երկու ամենաշատ աղմկող և ակտիվ կազմակերպությունները՝ «Մեդիա պաշտպան» կոչվող կազմակերպությունը, որի ղեկավարը ԱՄՆ-ում բնակվող Աղասի Ենոքյանն է և Հայաստանի ժուռնալիստների միությունը, որի ղեկավարն է Սաթիկ Սեյրանյանը:
Միգուցե սույն դեմքերը տեղյակ չե՞ն, որ լրագրողական կազմակերպությունները նման հայտարարություն են արել: Խնդիր չկա, կարող են հայտարարել, որ միանում են: Մի ժամ, մի օր, մի շաբաթ հետո: Կանե՞ն: Մեր ներքին ձայնն ասում է, որ ավելի շուտ սեփական դիմակը կուտեն, քան թե՝ կմիանան հայտարարությանը: Եթե միանան, մեր ներքին ձայնը հրապարակավ ներողություն կխնդրի:
Աղասի Ենոքյանը հեչ, նա վաղուց է պրծել, բայց Հայաստանի ժուռնալիստների միությունը, այնուամենայնիվ, ուրիշ պատմություն է: Նրա անմիջական պարտականությունն է հետամուտ լինել լրագրողների իրավունքներին և շահերին, դա մեկ հոգու սեփականությունը չէ: Գոնե՝ դե-յուրե: Եթե լրագրողի վրա կվադրոցիկլ քշածը ոչ թե Վլադիմիր Գասպարյանը լիներ, այլ Տիգրան Ավինյանը, Սաթիկ Սեյրանյանը օրը 25 հատ հայտարարություն կաներ, մի 25 զեկույց էլ կուղարկեր միջազգային կազմակերպություններ: