«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտնում է, որ Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 12-ի լուրերի գլխավոր թողարկմանը կառավարության դիմաց Ռուսաստանի հետ սահմանները երկկողմանի բացելու պահանջով բողոքի ակցիային հանրայինն անդրադարձել է թռուցիկ՝ տրամադրելով ընդամենը 25 վայրկյան:
«ՉԻ». Եվ ինչն է հետաքրքիր: «Մեդիա պաշտպանի» անվան ներքո գործող Աղասի Ենոքյանը երկար տարիներ աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում:
Հիմա ինքը դնում, վայրկյան առ վայրկյան հաշվում է, թե Հ1-ը ինչպես է անդրադարձել բողոքի ակցիային: Փոխարենը գոնե մի վայրկյան, մի տառ զլացել է գրել իր երբեմնի գործընկերների դեմ հարձակման մասին՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից: Բազմաթիվ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններ դատապարտեցին նախկին ոստիկանապետի արարքը, բայց ոչ «Ազատության» նախկին ղեկավարներից մեկը:
Հաստատ ոչ ոք դրա համար իրեն չէր գյուլլելու, կվադրոցիկլով վրայով չէին անցնելու, մանավանդ, որ ինքը վաղուց ԱՄՆ-ում է պատսպարվել: Արժանապատվության, գործընկերային, լրագրողական համերաշխության իսպառ բացակայություն:
«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020