Վանո Սիրադեղյանը կանխատեսել էր
Շաբաթվա իրադարձությունները թերևս այս անգամ սկսենք... Վանո Սիրադեղյանից: Ինչ ուզում եք ասեք, բայց բացառիկ երևույթ էր, որը կարող էր աներևակայելի դիպուկ գնահատել քաղաքական գործընթացները, զարգացումները, միլիմետրի ճշգրտությամբ կանխատեսումներ անել, զարմանալիորեն ճիշտ բնութագրել գործիչներին, նրանց վարքը, էությունը, բարոյականությունը:
Հիմա էլ, որ կարդում ես Վանոյի քաղաքական վերլուծությունները, կարծես երեկ գրված լինեն: 1999թ. խորհրդարանում իր հայտնի ելույթում նա հետևյալն էր ասել քոչարյանական, քրեաօլիգարխիկ ռեժիմի մասին. «Սրանք այնպիսի անպատկառությամբ են օժտված, որ ժողովրդին ու բանակին պարտության տանելուց հետո էլ փորձելու են մնալ իշխանության գլխին և քանի որ ոչ ոք դա չի հանդուրժելու, երկիրը ներքաշելու են այս անգամ քաղաքացիական պատերազմի մեջ»:
Համաձայնեք, որ այսօրվա մասին է: Նախկին ռեժիմը, նրանց մնացորդները, հաճախորդները, սպասարկողներն ու վարձկանները, չհանդուրժելով իշխանության կորուստը, հիմա էլ փորձում են երկիրը տանել դեպի քաղաքացիական պատերազմ: Բացահայտ հայտարարում են այդ մասին: Ոնց Արցախյան պատերազմի ժամանակ այդ նույն ուժերը պատերազմ էին հայտնել օրվա իշխանություններին, անընդհատ խփում էին թիկունքից, գաղտնի զինված ջոկատներ ստեղծում՝ հեղաշրջում իրականացնելու, պետության ղեկավարներին հարվածելու համար, նույնն էլ այդ ուժերը այսօր են փորձում իրականացնել:
Հինը՝ նոր փաթեթավորմամբ
Այս շաբաթ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գրել էր, որ հանրությանն անընդհատ վախեցնում են, թե նախկինները կարող են վերադառնալ: Ու շեշտել էր, նման բան չի կարող լինել, չկա այդպիսի բան, գալու են նոր ուժեր, նոր դեմքեր: Ստիպված ենք հակադարձել Վ. Գասպարյանին. ոչ ոք չի ասում, որ կոնկրետ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն է գալու: Բայց նրանք, ովքեր ներկայանում են որպես նոր ուժեր, իրենց էությամբ, գործելաոճով, բարոյական մակարդակով բացարձակապես չեն տարբերվում նախկին իշխանություններից: Եթե մեկը արդարացնում է Մարտի 1-ի ոճրագործությունը, նրա ի՞նչն է նոր: Եթե մեկը Արցախյան պատերազմի հաղթանակները վերագրում է մեկ-երկու հոգու, որոնք իրականում երկրորդական դերեր են ունեցել պատերազմում, նրա ի՞նչն է նոր: Եվ վերջապես, եթե պատերազմի ժամանակ պետությանը օգնելու փոխարեն այդ պետությանը պատերազմ են հայտարարում, բա ո՞ւր մնաց սրանց նորը:
Գառնիկ Իսագուլյա՞նն է նորը, որ իր եթերում «Նիկոլին պետք է կախել» վերնագիր է դնում: Թե՞ Երջոյի Հովոն, որ Գոռ Քլոյանի հորը մեղադրում է «Մոլոտովի շիշը» ոստիկանների վրա նետելու մեջ: Գուցե Սայաթ Շիրինյա՞նն է նորը, որը պատերազմը համարում է մթի ու ցրտի ժամանակաշրջան: Իր գնդապետ հալով: Ո՞վ է, ցույց տվեք այդ նորը:
Ծառուկյանը դեռ շանս ունի
Այս շաբաթ պետությանը հայտարարած պատերազմ ներքաշեցին նաև Գագիկ Ծառուկյանին: «Մալաթիա» երկապահ ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանը ճիշտ է ասում. հենց ներքաշեցին: Գագիկ Ծառուկյանը, որքան էլ խորհրդարանական խմբակցության ղեկավար լինի, առաջին հերթին գործարար է, իսկ գործարարներին հատուկ է զգուշավորությունը, ավանտյուրաներից զերծ մնալը: Մեծ է հավանականությունը, որ իրեն ստիպել են միանալ իշխանության դեմ պայքարին:
Հիմա էլ ուշ չէ. անկախ նրանից, որ Ծառուկյանի անցյալի վերաբերյալ փաստեր հրապարակվեցին, նրա հասցեին քննադատության ալիք տեղաց՝ պատասխան և նույնքան թունդ հայտարարություններով, նա դեռ կարող է խաղից դուրս գալ: Դա բավական կթուլացնի այս լարված վիճակը և հանրության շրջանում էլ դրական արձագանք կստանա:
Արգիշտին՝ որդին ԱԱԾ-ի
Իշխանությունները այս ամենին բավական կոշտ արձագանքեցին: Ուժային կառույցների ղեկավարները փոխվեցին, նշանակվեցին... այսպես ասենք՝ «իջևանոտ» դեմքեր, պլյուս՝ Արգիշտի Քյարամյանը: Ամենաշատը վերջինիս նշանակումը քննարկվեց և բուռն քննարկումների տեղիք տվեց: Գնահատականները հակասական էին: Մի մասը, կարելի է ասել՝ մեծ մասը, թերահավատ էր այս նշանակման հարցում, մի մասը տարակուսած էր, մի մասն էլ ընդհանրապես կարծիք չուներ: Բայց հերիք էր, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարեր, որ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետ նշանակելը ազգային անվտանգության սպառնալիք է, ահագին մարդ նույն արձագանքը տվեց. ուրեմն, վարչապետը ճիշտ մարդու է նշանակել, եթե Վանեցյանն այսպես գազազած է: Ճիշտ կադրային նշանակում էր, թե՝ ոչ, կյանքը ցույց կտա:
«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2020