...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Հետ քաշվեք, հեղափոխությունը մեռավ

Անցնող շաբաթն ավելի խորացրեց հանրության մտահոգությունները, որ թավշյա հեղափոխությունից միայն թավիշն է մնացել: Մենք էլ արդեն համակարգային փոփոխությունների մասին չենք խոսում: Դա վերջացավ: Դատական, քաղաքական բարեփոխումները մնացին «բորդյուրին»:

Հիմա մեզ ավելի շատ մտահոգում է, թե ինչ է լինելու: Նախկինները արդեն լրիվ կապերն արձակած, սրտի ուզած բեսպրեդելն են իրականացնում: Մարտի 1-ի գլխավոր ոճրագործը ազատ ֆռֆռում է, երևում է, որ ընդհանրապես խնդիր չունի, «Մարտի 1-ի» գործը մանրից ջրում են, դատական իշխանությունը էլ ավելի է ցույց տալիս իր կախվածությունը նախկիններից: Բացահայտ սպասարկում են: Դատախազության կամ ԱԱԾ-ի բոլոր միջնորդությունները, որոնք առնչվում են նախկիններին, դատավորները հերթով մերժում են: Ով հասնում է, «չռփում» է իշխանություններին:

Այդ առումով շատ ցայտուն էր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված դեպքը: Մարդը որոշել է, որ Սևանի ամբողջ ավազանն իրենն է, ոչ ոք իրավունք չունի այդ կողմերում լրագրողական գործունեություն իրականացնել, կվադրոցիկլ է քշում լրագրողների վրա, հայհոյում, սպառնում ու...  հեչ, դրանից հետո ոչ թե իրավապահներն են գնում իր մոտ, այլ ինքն է գնում վարձու լրատվամիջոցների դուռը, հարցազրույցներ է տալիս, սպառնում նորից, ծաղրում, ծիծաղում: Ի՞նչ ասենք: Ասենք, լավ է անում, հասնում է այս իշխանություններին, դա դեռ քիչ է: Մեզ թվում է, թե այս իշխանությունները աստիճանաբար կորցնում են հաշվետու լինելու զգացողությունը: Աստիճանաբար կորցնում են իրավիճակը վերահսկելու լծակները: 

Բա հետո՞: Եթե չեք կարողանում քաղաքացիների իրավունքները պաշտպանել, եթե պիտի ձեր քթի տակ նախկինները շարունակեն նույն կրիմինալ գործունեությունը, եթե նախկիններից տուժած հազարավոր մարդիկ պետք է շարունակեն ծաղր ու ծանակի առարկա լինել, եթե ի վիճակի չեք կանխել լրագրողների դեմ հարձակումները, եթե ի զորու չեք իշխանություն լինել, այդպես էլ ասեք, իմանանք, ինչ ենք անում: Մեր գլխի ճարը մենք տեսնենք, ձեր հետ այլևս հույսեր չկապենք:

Մեծ Հայքից մինչև Սորոսի պայմանագիր

Մենք, եթե նկատել եք, ավելի շատ սկսել ենք իշխանությունների մասին խոսել և քննադատել: Որովհետև ընդդիմության հետ կապված առանձնապես նոր ասելիք չկա: Ապաքաղաքական, համոզմունքներ չունեցող, պատեհապաշտ, ատելությունից ու փողից կուրացած զանգված է: Ամեն օր այնպիսի զառանցանքներ են դուրս տալիս, որ այդ ամենը քաղաքական հարթության վրա դժվար է մեկնաբանել: Ինչպես ասում են՝ деньги есть, ума не надо: 

Ու այս ամենն իմանալով, 2 տարվա մեջ այդպես էլ քայլեր չձեռնարկվեցին քաղաքական դաշտը առողջացնելու, այն կեղտից մաքրելու համար: Ընտրական նոր օրենսգիրք, նոր Սահմանադրություն, նոր չափանիշներ, կրիմինալի, օլիգարխիայի մուտքը քաղաքական դաշտ սահմանափակող ֆիլտրեր: Այն, ինչը պետք է առաջինն արվեր: Դե հիմա ստացեք նման ընդդիմություն: Քաղաքական նորմալ դաշտի դեպքում մենք այսօր բոլորովին այլ հարցերի պետք է ուշադրություն դարձնեինք, այլ թեմաներ քննարկեինք. տնտեսական, առողջապահական, բնապահպանական, 10-20 տարվա ռազմավարությունից խոսեինք: 

Իսկ հիմա ընդդիմության առաջ քաշած օրակարգերով ենք ապրում: Սորոս-մորոս, չիպավորված կորոնավիրուս, Սևրի պայմանագիր, Մեծ Հայք, Հայասա-Ուրարտու... ցնդել կարելի է: 

Ոստիկանության պատասխանատուն վարչապետն է

Մեկ-մեկ մեզ թվում է, թե այս իշխանությունները մինչև հիմա լավ չեն պատկերացնում, թե ինչ բան է իշխանությունը: Ահավասիկ, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի դիտարկմանը, թե քաղաքացիների շրջանում տպավորություն է, որ ոստիկանության վրա պլան է դրված, որպեսզի կոնկրետ թվով մարդ պետք է տուգանվի, և հարցին՝ թե մեղմացումներ չե՞ն լինելու, զարմանալի պատասխան է տալիս. «Եթե ոստիկանության կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, համոզված եմ, որ հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք այսօր ունենալու»:

Սա, իմիջիայլոց, կարելի է համարել վարչապետի ուղղությամբ «բոչկա» գլորել: Որովհետև ոստիկանությունը վարչապետին անմիջականորեն ենթարկվող մարմին է: Վարչապետն է նշանակում ոստիկանապետին, կարգադրություններ տալիս: Եվ եթե ոստիկանությունը զլացել է իր աշխատանքում, նշանակում է, երկրի ղեկավարը հետները նորմալ չի աշխատել, հստակ հրահանգներ չի տվել, չի հետևել, թե ինչպես է ոստիկանությունն աշխատում: Ուրեմն, եթե հակահամաճարակային իրավիճակում տխուր պատկեր ենք ունեցել, ապա դա վարչապետի պատասխանատվության տակ է ընկնում: 

Մենք կասկած չունենք, որ իրավապահ մարմինները լավ էլ արդյունավետ կաշխատեն, եթե լինի իշխանությունների քաղաքական կամքը: Եթե լինի անելիքի վերաբերյալ հստակ պատկերացում: Ինչո՞ւ այլ երկրներում ոստիկանությունը կոշտություն էր ցուցաբերում, իսկ մեր մոտ՝ ոչ: 

Այնպես որ, էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու:

«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ