...

Դրսից մարդ կանչելը հայրենասիրության նոր դրսևորում է

Դրսից մարդ կանչելը հայրենասիրության նոր դրսևորում է

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հեռարձակած ռեպորտաժում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու տեսակետը ներկայացնելուն, ասել է. «Հանրայինը աշխատում է որպես իշխանությունների քարոզչամիջոց և հենց այդպես էլ ընկալվում է հասարակության կողմից։ Հիմա սպասեք նաև վուլգար հայրենասիրության պայթյունների իշխանությունների կողմից կառավարվող քաղաքական և լրատվական լանդշաֆտների տարբեր հարթություններում, թե բա՝ Ռուսաստանին հայհոյելով Հայաստանն ենք զարգացնում, ինքնիշխանությունն ամրապնդում։ Իրականում, ինչպես դասականն էր ասում՝ «Ստահակների վերջին ապաստանը հայրենասիրությունն է»։

«ՉԻ». Քանի որ նախկին «սորոսականը» (ոչինչ, չէ՞, որ Աղասի Ենոքյանին այդպես ենք անվանում) և ընդհանրապես՝ նախկին իշխանությունները, խիստ ծանր են տարել Նավալնու հայտնվելը Հանրայինի եթերում ու դրա հետ կապված հայրենսիրության դասեր են տալիս, մի հարց տանք:

Բա ձեր հայրենասիրությունը որտե՞ղ էր, երբ Հրայր Թովմասյանի հետ փոխկապակցված լրատվամիջոցով մի շատ հայտնի մարդ հայտարարում էր, թե Փաշինյանի դեմ բողոքելու է Պուտինին: Այն Հրայր Թովմասյանի, որը զբաղեցնում էր ՍԴ նախագահի պաշտոնը: Այն կառույցի, որը երկրի Սահմանադրությունը իբրև թե պետք է պաշտպանի: Այն սահմանադրության, որտեղ գրված է, որ Հայաստանը անկախ և ինքնիշխան պետություն է:

Այս հայրենասերները ծպտուն չեն հանել, երբ նման խայտառակ բան է ասվում: Ոչ միայն ծպտուն չեն հանում, այլև մի բան էլ ողջունում են, մեր երկրի իշխանությունների դեմ դրսից մարդ են կանչում: 

Որ Անդրանիկ Միհրանյանի կամ Սոլովյովի պես մարդկանց եթեր են կանչում, Հայաստանի դեմ խոսեցնում, դա կարելի է, դա հայրենասիրական է, իսկ ահա Նավալնուն եթեր տալը՝ դավաճանություն: Ու սրանք հայրենասիրությունից ճամարտակելու երես ունեն: Բայց այստեղ համաձայն ենք. ձեր վերջին հանգրվանը հայրենասիրությունն է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ