...

37 թի՞վ, չէ, չենք լսել

37 թի՞վ, չէ, չենք լսել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հրավիրել են ԱԱԾ: Հրավիրել են: Ոչ թե ձերբակալել են, ոչ թե՝ խոշտանգել, քրգործ հարուցել, այլ՝ հրավիրել: Հասկանալի է, որ սա այն ճանապարհը չէ, որով իշխանությունները պետք է լուծեին Հրայր Թովմասյանի ու նրա խմբակի ապօրինությունների հարցը, բայց, որ սա համարում են 37 թիվ, արդեն 37 թվին բնորոշ տերմիններ են օգտագործում՝ ռեպրեսիա, գուլագ, ստուկաչ և այլն, սա արդեն ցինիզմ է: Որովհետև ասողների մի մասը տարիներ շարունակ զբաղվել է ռեպրեսիաներով, խոշտանգումներով, մեծ ու փոքր չի ճանաչել, այնպիսի մեթոդներով են հաշվեհարդարներ տեսել ընդդիմադիրների ու նրանց ազգականների հետ, որ Հրայր Թովմասյանի դեպքը պարզապես «կապրիզ» է, թեկուզև` տհաճ:

Ասողների մի մասն էլ այն տարիներին ընդդիմության դեմ հալածանքների մասին ծպտուն չեն հանել, ու հանկարծ էսօր դարձել են արդարության առաջամարտիկներ: Այսօր, օրինակ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դատապարտել էր Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու փաստը: Բան չես կարող ասել, իրավունք ունի, Ժաննան այդպիսին է եղել նաև 2000-ականներին, միշտ բարձրաձայնել է մարդու իրավունքների ոլորտում տեղ գտած խախտումները, իրավական օգնություն է ցուցաբերել բռնությունների ենթարկված ընդդիմադիրներին: Այն մարդիկ, ովքեր թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք են պայքարել ընդդեմ մարդու իրավունքների խախտման, հիմա էլ ինչ ասեն, իրենց իրավունքն է:

Բայց որ, օրինակ, Լարիսա Ալավերդյանն է խոսում 37 թվից: 2004թ. ապրիլյան դեպքերի ժամանակ Լարիսա Ալավերդյանը օմբուդսմեն էր, ոչ տեսել ենք, ոչ՝ լսել ենք, թե ինչով է զբաղվել: Իշխանության ոճրագործությունները նրա աչքի առաջ են եղել, զրո արձագանք: Մի երկու հատ նվնվացել էր, զուտ «գալոչկայի» համար ու վերջ: Հիմա քոչարյանական արյունոտ փողերով սնվող լրատվամիջոցների և լրագրողների բանակը այն ժամանակ գոյություն չունեին, հիմա 37 թիվ են ասում, վերլուծաբաններ են հայտնվել, նոր իրավապաշտպաններ, որոնք ընդհանրապես բարոյական ոչ մի իրավունք չունեն մարդու իրավունքներից խոսել: 

Երեկ նշել էինք, որ հատ-հատ ներկայացնելու ենք քոչարյանական ռեժիմի տարիների հալածանքների և տեռորի փաստերը, հրապարակումները, տանես, 37 թվից խոսացողների դեմը դնես, հարցնես. հիմա սա էլ է 37 թիվ, Հրայր Թովմասյանի դեպքն է՞լ: Եթե Հրայր Թովմասյանինը 37 թիվ է, ուրեմն՝ քոչարյանական ավազակապետության տարիների դեպքերը առնվազն մ.թ.ա 37 թիվ է, որովհետև լրիվ նախնադարյան վիճակներ էին:

Աստիճանաբար սկսում ենք պատառիկներ ներկայացնել. երեկ հիշեցրինք Վանո Սիրադեղյանի 75-ամյա եղբոր կալանավորման և դատապարտման պատմությունը:

Հիմա ուղղակի մեր նախկին հրապարակումներից մեջբերումներ կանենք. մասնավորապես՝ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների շուրջ:

«ՉԻ», Ապրիլի 12, 2008.թ

ԿԱՆՉՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ առավոտյան Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, թվով  6 հոգի, ովքեր մասնակցել են ընդդիմության երևանյան հանրահավաքներին, կանչվել են Տավուշի մարզային ոստիկանություն և դատախազություն: Այս մասին տեղեկացրել են կանչվածներն իրենք` Զոհրապ Մամյանը, Անդրանիկ Անանյանը և ուրիշներ: Ինչպես հայտնել է Վանո Սիրադեղյանի քրոջ որդին` Սուրեն Մամյանը, իր և ևս երկու հոգու անձնագրերը Ազգային անվտանգության ծառայության Նոյեմբերյանի բաժանմունքի աշխատակիցները վերցրել են:

Այդ պատճառով Սուրեն Մամյանը չի կարողանում տեսության գնալ Նուբարաշենի թիվ 1 գաղութում գտնվող իր հորը` Յուրա Մամյանին: Վերջինս ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Այս դատավճիռը բողոքարկվել է Յուրա Մամյանի դատապաշտպան Սեդա Սաֆարյանի կողմից:

ԵՎՍ ԵՐԿՈՒ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանն այսօր հրապարակեց ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի` թիվ 22/18 ընտրատարածքի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանի, թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ Սամվել Կարապետյանի և նույն ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Հռիփսիմե Հայցյանի դատավճիռները:

Նրանք բոլորը մեղադրվում են ընտրությունների արդյունքների կեղծման մեջ` հօգուտ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի: Ըստ մեղադրանքի` կեղծիքների դրդած Սիմոն Ամիրխանյանին և Սամվել Կարապետյանին դատավորը դատապարտեց 3-ական տարվա ազատազրկման` դատարանի դահլիճից կալանավորելու պայմանով, իսկ կեղծիքներ կատարած Հռիփսիմե Հայցյանին 4 տարի ազատազրկման, որը, սակայն, չի կիրառվի. նրա առողջական վիճակը հաշվի առնելով` դատարանը սահմանեց փորձաշրջան մեկ տարի ժամկետով, որի ընթացքում նա իրավունք չի ունենա փոխել իր մշտական բնակության վայրը:

Սամվել Կարապետյանը դատավճռի ընթերցումից հետո հայտարարել է, որ «եթե այստեղ լինեին Գևորգ Չաուշն ու մնացած մեր հերոսները, ապա նույն դատավորը նույն ձևով էլի կվարվեր նրանց հետ»: Իսկ այնուհետև՝ մեջբերումներ է արել 37թ. Չարենցի ու Բակունցի սպանություններից՝ ընդգծելով, որ ՀՀ-ում ոչ մի բան ժամանակի ընթացքում չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնացել՝ նույն մատնիչներն են ու սրիկաները:

Սամվել Կարապետյանը ասաց, որ հայտարարում է անժամկետ հացադուլ:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ 4 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ

Երեկ Գյումրիում կայացած ասուլիսում հրապարակվեց Շիրակի մարզի 62 ազատամարտիկների հայտարարությունը, որով նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են ազատ արձակել քաղաքական հայացքների համար կալանավորված իրենց մարտական ընկերներին:

Ասուլիսի բանախոսները հայտարարել են, որ Շիրակի մարզից անազատության մեջ է գտնվում 4 ազատամարտիկ` Մուշեղ Սաղաթելյանը, Հարություն Ուռուտյանը, Աշոտ Զաքարյանը և Գևորգ Զաքարյանը: «Բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք Հայաստանում իրենց քաղաքական հայացքների համար բանտարկված ազատամարտիկների ազատության համար: Վստահ ենք, որ հազարավոր ազատամարտիկներ կիսում են մեր մտահոգությունը և աներեր պայքարելու են արդարության հաղթանակի համար, - գրում են հայտարարության հեղինակները` միաժամանակ զգուշացնելով. - Ազատամարտիկների քաղաքական հալածանքների շարունակությունը մեր և հանրության հորդորների նկատմամբ արհամարհանքը առավել են սրում երկրում ստեղծված իրադրությունը: Քաղաքական հայացքների համար ազատամարտիկների նկատմամբ տարվող աննահանջ հալածանքի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա»:

ԴԱՀԼԻՃ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «Անի Պլազա» հյուրանոցում երեկ անցկացնելու էր կոնֆերանս` նվիրված հայ-թուրքական հարաբերություններին: Սակայն վերջին պահին նրանց զանգահարել են և տեղեկացրել, որ դահլիճ տրամադրել չեն կարող: «Մեծ եղավ մեր զարմանքն ու վրդովմունքը, որ հերթական անգամ, վերջին րոպեներին մեզ զանգահարեցին և մերժեցին դահլիճ տրամադրել, այս անգամ էլ «Անի Պլազա» հյուրանոցն էր»,- ասված է «Սարգիս Տխրունի» միության հաղորդագրության մեջ: Մարտի 28-ին միությանը մերժել էր «Կոնգրես» հյուրանոցը:

«Ա1+»-ը «Անի Պլազա» հյուրանոցից փորձել է ճշտել վերջին պահին դահլիճ չտրամադրելու պատճառը: Հյուրանոցի մարկետինգի բաժնի աշխատակիցը ասել է, որ չեն կարող ասել, թե ինչու, սակայն առավոտյան իրենցից պահանջել են, որ հանեն բոլոր միջոցառումները: Իսկ թե ո՞վ է պահանջել, վերջինս հրաժարվել է ասել:

ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել իր զինակիցներին` դադարեցնել հացադուլը: Երեկ հացադուլ հայտարարած 26 քաղաքացիներից 24-ը դադարեցրել են հացադուլը, իսկ «Քաղբանտարկյալների կոմիտեն» տարածել է հայտարարություն, ուր նշված է. «Անսալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի`քաղբանտարկյալներին ուղղված կոչին, մենք` Երևանի Կենտրոն, Նուբարաշեն և Վարդաշեն քրեակատարողական հիմնարկություններում գտնվող քաղբանտարկյալներս, դադարեցնում ենք մեր կողմից հայտարարված անժամկետ հացադուլը և մեր զորակցությունն ենք հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանին և Համազգային Շարժման գաղափարները հաղթանակին հասցնելու իր հաստատակամությանը:

Հայրենակիցներ, օգտվելով առիթից, մեր հիացմունքն ենք արտահայտում հայ ժողովրդի արժանավոր զավակ` Արցախյան ազատամարտի անկոտրում մարտիկ Արշավիր Բոզինյանին: Թուրքերի արձակած գնդակը վնասել է միայն Արշավիրի մարմինը, բայց ոչ նրա տղամարդու ոգին: Արշավիրը, Հրազդան-Վանատուրի ազգաբնակչությունը, նրանց ազատատենչ ոգին մեր նորագույն պատմության քաղաքական պայքարի սիմվոլների են վերածվում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5966 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ