Այսօր Ազգային ժողովն արտահերթ և հրատապության կարգով քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու հարցը․ ըստ առողջապահության նախարարության՝ հանրային սննդի բաց և փակ օբյեկտներում մարտի 15-ից արգելվող ծխախոտի և ծխախոտի փոխարինիչների շարքում պետք է դասել նաև նոր ի հայտ եկած այն արտադրատեսակները, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։
Աղը հանեցին ռեստորաններից, ըստ իրենց՝ մարդկանց սննդակարգից, հիմա էլ առողջությանը վնաս հասցնող ծխախոտի հերթն է։ Հաջորդիվ պետք է քննարկել սուրճի սահմանափակման մասին օրինագիծը։ Օրինակ՝ արգելել ռեստորաններին ու սրճարաններին օրվա մեջ մեկ անգամից ավել նույն հաճախորդին սուրճ վաճառելը։ Սուրճից հետո կարելի է մտածել հացաբուլկեղենի մասին։ Հայերը սիրում են ամեն ինչ հացով ուտել, իսկ հացի չարաշահումը կարող է առողջությանը վնաս հասցնել։ Ուստի՝ կարելի է մտածել հայի օրվա ռացիոնում հացը սահմանափակելու անհրաժեշտության մասին։ Համ մարդկանց առողջությանը կնպաստեն, համ էլ ազդարարվող հնարավոր պարենային աղետին դիմակայելու պատրաստվածություն կունենանք։ Հաջորդիվ պետք է քննարկումներ անցկացնել կարտոֆիլի, ձավարեղենի և քաղցրավենիքի սահմանափակումների մասով։ Բայց չէ՝ քննարկումները կերկարեն, «բոլոլա» կլինի։ Հարցին պետք է մոտենալ հրատապության սկզբունքով։
Գոհար Վեզիրյան