...

Ահա և վերջ, կարևորը կանգառն է

Ահա և վերջ, կարևորը կանգառն է

Ազատ ու անհայրենիք

Մոտենում ենք: Կամաց-կամաց մոտենում ենք վերջին: Առայժմ՝ տարվա վերջին: Արցախի վերջն արդեն եղել է, թեպետ դրա հետ համաձայն չեն Արցախը լուծարելու որոշում կայացրածները: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության վերջին, ապա այս ուղղությամբ արդեն 25 տարի է, բավական լուրջ աշխատանք է տարվում, ու դրա պտուղները քաղում ենք:

Ուրեմն, երևի 2000-ականների կեսերն էին, Հ1-ի եթերում երկու կարկառուն պալատական մտավորականներ էին խոսում. Հենրիկ Իգիթյանն ու Զորի Բալայանը: Քոչարյանի գովքն էին անում, ոչմիթիզ, ինչ-որ էլի նման շաբլոն մտքեր, բայց հետո սկսեցին Հայաստանի Հանրապետությունը քարկոծել ու մրոտել: 

Իրար լրացնելով ասում էին՝ Հայաստանը անկախություն ձեռք չի բերել, էդ ի՞նչ անկախություն է, եթե դրա համար կռիվ չես տվել, զոհեր չես ունեցել, արյուն չի թափվել: Պարզապես Սովետը քանդվեց, մենք էլ սուտի անկախություն հռչակեցինք: Այսինքն՝ արդեն այն ժամանակ իշխանությունների մակարդակով նսեմացնում, կոխկրտում էին մեր բարձրագույն արժեքը, ամենամեծ նվաճումը՝ անկախությունը: Ամեն օր այ սենց իրենց հոտած ուղեղներով տրորում էին մեր սրբությունը: Զրպարտում ու հայհոյում էին անկախության ճանապարհ հարթած պետական այրերին, Հայաստանի Հանրապետության հիմնադիրներին:

Շատ հաճախ այդ ժամանակաշրջանն անվանում էին գյադաների ժամանակը: Մենք կասեինք՝ նաև անհայրենիքների ժամանակը, որովհետև մեր անկախությունն ու պետականությունը կոխկրտողները Հայաստանի Հանրապետությունը չէին համարում իրենց հայրենիքը: Դե որ համարեին, այդպես չէին վարվի: Այնպես հոգ կտանեին, կխնամեին, կպահեին ու կփայփայեին, ոնց որ ծնողն իր երեխային: 

Արցախի կորուստը, պատերազմը, դրա բերած աղետները... այս ամենի ծիլերը անհայրենիքների ժամանակ են դրել: 

Ծլես, ծաղկես, չորանաս

Ուղղակի այնպես ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ այդ ծիլերն արմատախիլ անի, մի բան էլ ինքն է ցնցուղը վերցրել, այդ ծիլերը ջրում ու ջրում է: 

Էն օրը Նիկոլ Փաշինյանը Հ1-ի հետ հարցազրույցում ոչ էս կողմ, ոչ էն կողմ, տարավ, բերեց ու հայտարարեց, թե 1991-ին մեր առաջնորդները, մի խոսքով՝ մենք, անկախություն ենք ձեռք բերել ոչ թե նրա համար, որ անկախ լինենք, որպես ազգ կայանանք, մեր տեղն ունենանք աշխարհի մյուս ազգերի շարքում, այլ որ լուծենք Ղարաբաղի հարցը: 

Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, մեր անկախությունը շատ հարաբերական է, այնքան էլ անկախություն չի: Էդ ի՞նչ անկախություն է, եթե դրա համար կռիվ չես տվել, զոհեր չես ունեցել, արյուն չի թափվել: Պարզապես Սովետը քանդվեց, մենք էլ սուտի անկախություն հռչակեցինք, որ Ղարաբաղի հարցը լուծենք: Եվ եթե Ղարաբաղի հարցը չլիներ, հաստատ մենք մնալու էինք Սովետի կազմում, Սովետի փլուզվելուց հետո էլ ռուսական գուբերնիա էինք դառնալու: 

Անկախությունը մնացել է բկներին

Դե հիմա, մենք չենք, դուք եք, ասեք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության մասին նույն բանը չի՞ ասում, ինչ ասել են զորիբալայանները, ռոբերտ քոչարյանները, իգիթյանները: 

Էս վերջին մի տարին հայտարարում էին, որ Ղարաբաղը վաղուց տված է եղել, դեռ 1991-ից Արցախի հարց չի եղել, դա Ադրբեջանինն է, Արցախի անկախություն, ազատություն, դրանք հավայի բաներ են, մի խոսքով՝ Արցախը հորով-մորով արեցին, հիմա էլ անցել են Հայաստանի անկախության ճիշտ ու սխալն են քննարկում:  

Դրա համար ենք ասում, որ Հայաստանի Հանրապետության դեմ հարձակումը սկսվել է և կարող է նաև վերջ ունենալ: Աշխատանքներն ընթանում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2935 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ