ՀՔԾ-ն մեղադրանք է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդին: Վերջինս մեղադրվում է նրանում, որ 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.712.550 ՀՀ դրամի հափշտակությանը:
«ՉԻ». Հրայր Թովմասյանի սանիկ-տանիքներից պրծանք, հիմա էլ հերթը հասավ վարորդներին:
Սա Հայաստանում առկա սահմանադրական ճգնաժամը լուծելու ճանապարհին չափազանց կարևոր քայլ էր: Հրայր Թովմասյանի վարորդն էր պակասում: Այ, հիմա Հրայր Թովմասյանը հաստատ կխեղճանա, կընդունի իր սխալներն ու ՍԴ-ի բանալիները կհանձնի իշխանություններին:
Մենք ասում ենք՝ ՍԴ-ի դատավորների նորմալ թեկնածուներ առաջադրեք, նախկիններին սպասարկած դեմքերի են առաջադրում: Մենք ասում ենք՝ իմաստ չունի ՍԴ-ի ճգնաժամը կոսմետիկ փոփոխություններով լուծել, քանի որ դա լուծում չէ, ասում են՝ կապրենք, կտեսնենք:
Ասում ենք՝ Հրայր Թովմասյանի և նրա խմբակի դեմ պայքարում նման շոուներ սարքելը անարդյունք է, վարորդին են մեղադրանք ներկայացնում: Ինչ ասենք, տեմպը չթուլացնեք, անպայման Հրայր Թովմասյանի հավաքարարի անցյալն էլ ստուգեք: