Երեկ հերթական անգամ մեծ աղմուկ առաջացավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցից:
Հայկական կողմը առանձնացրեց այն հիշատակումը, որ նախարարը պնդել էր Արցախում 2000 վարձկանների փաստի մասին, իսկ ադրբեջանցիները գլխագիր էին դարձրել, թե իբր Լավրովը համաձայն է Ալիևի հետ, և հայկական զորքերը պետք է դուրս հանվեն Արցախից:
Բոլորի նյարդերը պրկված են և չեն ցանկանում արձանագրել ամենակարևոր փաստը: Վարձկանների՝ տարածաշրջանում գտնվելու փաստի պաշտոնական արձանագրումից հետո բացարձակ անիմաստ են դառնում ադրբեջանցիների համար սփոփիչ խոսքերը, թե հայկական զորքերը պետք է հեռանան:
Վարձկանների ներկայությունը և Ռուսաստանի կողմից դրա պաշտոնական հիշատակումը առոչինչ են դարձնում Արցախը հսկողության տակ վերցնելու Ադրբեջանի միջազգային իրավունքի իբր լեգետիմ հավակնությունները:
Գուցե Արցախ վարձկաններ բերելը ռազմական առումով մի փոքր արդարացված էր: Ալիևը ցանկանում էր, որ մեծաթիվ զոհերը չլինեն Բաքվից, Գյանջայից կամ Սումգայիթից, որպեսզի հասարակությունը չըմբոստանա: Բայց վարձականների օգտագործումը և նրանց միջոցով հաջողության հասնելը պետք է իրականանար արագ, որպեսզի աշխարհը չհասցներ արձանագրել: Իսկ եթե անգամ արձանագրեր, դա լիներ պոստֆակտում:
Հիմա արդեն ոչ ոք չի կարող հայկական կողմին ոչ մի բան ստիպել, քանի դեռ չեն լուծել վարձկանների՝ տարածաշրջանից հեռացման խնդիրը: Ոչ ոք չի կարող հայերին ստիպել զորքերը դուրս բերել, քանի կան վարձկանները: Իսկ վարձկանների հեռացումը այս պահին անհնար է, որովհետև ադրբեջանական բանակը պատրաստ չէ կրել նույն այն կորուստները, որ կրում են վարձկանները: Հատկապես այն պարագայում, երբ զրահատեխնիկայի առյուծի բաժինը ոչնչացված է: Իմիջիայլոց, վարձկանները միայն Սիրիայի թուրքոմանները չեն: Վարձկաններ են նաև Թուրքիայի հատուկ ստորաբաժանումների զինվորները, քանի որ չկա պաշտոնական հրավեր Բաքվից և այդ հրավերի պաշտոնական հաստատում Անկարայից:
Իր հերթին, եթե անգամ Ալիևը որոշի, որ վարձկաններին պետք է հեռացնել ռազմական թատերաբեմից, դա լրջագույն խնդիրներ է առաջացնելու Թուրքիայի հետ: Ուստի Ալիևը հայտնվել է երկու քարի արանքում:
Ամեն ինչ հուշում է, որ Ալիևը առաջիկայում շատ է փոշմանելու ժամանակին Կազանի փաստաթղթերը չստորագրելու համար:
Արիս Վաղարշակյան