Պատերազմի առաջին օրվանից հայ ժողովուրդը կիրառեց «Հաղթելու ենք» հեշթեգը: Այն տարածում գտավ ոչ միայն վիրտուալ աշխարհում, այլև դարձավ մեր համոզմունքը, մտավ մեր ուղեղների և սրտերի մեջ: Համենայնդեպս ժողովրդի գերակշիռ, ճնշող մեծամասնության մոտ այդպես եղավ, բացառություններ չէին կարող չլինել:
Բայց կա խնդիր, որ մինչև հիմա չենք լուծել: Այսինքն՝ համոզված ենք, որ հաղթելու ենք, սակայն չենք տվել այդ հաղթանակի բանաձևումը, ինչը մենք կհամարենք հաղթանակ, որ դեպքում բավարարված կլինենք:
Այս առումով չկա հասարակական միանման կոնսենսուս: Մի մասը Ադրբեջանի քարտեզին վերաբերվում է որպես նկարչական ալբոմի, որտեղ ըստ ցանկության կարող ես ներկել ինքդ: Եվ ներկում են՝ մեծ Արցախ, փոքր Թալիշստան, միջին չափերի Լեզգիստան և այլն: Մյուս մասը ապագա քարտեզին վերաբերվում է այնպես, ինչպես գծված է կենտրոնական Աֆրիկայի երկրների միջև քարտեզը՝ ուղիղ գծերով: Այսինքն՝ դրել և ուղիղ գիծ են գծել մինչև Ռուսաստանի սահման: Նման երևակայություն ունեցողները ոչ միայն սթափ չեն նայում մեր ռեսուրսներին, այլև պատկերացում անգամ չունեն միջազգային հարաբերություններից: Կա մեկ այլ տեսակետ ևս. հաղթանակ կհամարվի, եթե ազատագրենք Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը և Կուբաթլուն ու դրան ավելացրած ևս մեկ շրջան: Ասենք՝ Թարթառը:
Հաղթանակ են համարում նաև, եթե Արցախը ճանաչվի որևէ պետության կողմից, իհարկե, նկատի չունենալով Հայաստանը: Բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ եթե անգամ որևէ պետություն կամ նույնիսկ պետություններ ճանաչեն Արցախը, դա մեզ չի ապահովագրում հետագայում, մի քանի տարի անց նոր հարձակումից: Ի վերջո, մենք գիտենք տասնյակ դեպքեր նոր աշխարհակարգի պայմաններում, երբ հարձակվում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունների վրա: Հաշվի առնելով Թուրքիայի գործոնը՝ Կիպրոսը և Սիրիան ասվածի լավագույն ապացույցն են:
Ուրեմն որ դեպքում մենք կարող ենք համարել, որ հաղթել ենք: Փաստ է, որ Արցախի ազգաբնակչության մոտ 80 տոկոսը լքել է իր տները՝ ժամանակավոր կացարաններ գտնելով Հայաստանում: Ստեփանակերտից բացի, մյուս բնակավայրերում մնացել են հաշված բնակիչներ: Նրանք էլ մեծամասամբ կապված են պատերազմական ենթակառուցվածքների հետ:
Եվ կրկին՝ ուրեմն, երբ կարող ենք արձանագրել, որ հաղթել ենք: Այս հարցի պատասխանը միանշանակ է՝ այն դեպքում, երբ արցախցիները վերադառնան իրենց բնակավայրերը: Ադրբեջանցիները, թուրքերը, վարձկանները և մյուսները եկել են, որ Ղարաբաղը հայաթափ անեն, և եթե դա չստացվի ու արցախցիները վերադառնան իրենց տները, ապա կստացվի, որ հաղթել ենք:
Իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե մարդիկ հասկանան, որ Արցախը կրկին դարձել է անվտանգ և իրենց ու երեխաների ապագան կարող են կառուցել այդ հողի վրա:
Ժամանակակից սպառազինությունների պարագայում, մեկ շրջան վերցնելը այլևս չի կարող ապահովել նման անվտանգություն:
Անվտանգության լավագույն երաշխիք կարող է դառնալ այն վիճակը, երբ Ադրբեջանը ստիպված լինի դուրս գալ Թուրքիայի ազդեցության ուղեծրից և կրկին վերադառնալ Ռուսաստանի ազդեցության դաշտ: Մեր բանակի, դիվանագիտության և ընդհանրապես ռազմաքաղաքական ղեկավարության հիմնական ուղենիշը հենց դա պետք է դառնա: Ադրբեջանի պարտությունը կլինի, եթե նա ստիպված լինի հրաժարվել վարձկաններից և գիտակցի, որ Պակիստանից ստացված օգնությունը որևէ նշանակալի առավելություն իրեն չի տալու:
Եթե կարճ, ապա Ադրբեջանն էլ պետք է ունենա նույն աշխարհաքաղաքական իրողությունները, ինչ մենք:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020