Մատաղացու, մսացու և քանակացու
Եվս մեկ շաբաթ անցավ: Ծանր ապրումների, սպասումների, ցավերի հորձանուտում ենք: Արցախի բանակը արդեն ամսից ավել դիմակայում է մարդկային մի հեղեղի, որի թելերը տարածվում են աշխարհով մեկ: Հաշվենք, թե ներկայումս ադրբեջանական ագրեսիային քանի երկիր է մասնակցում. Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Լիբիա, Պակիստան, Իսրայել: Առնվազն 6 երկիր՝ ավելի քան 200 միլիոն բնակչությամբ: 150 հազարանոց երկրի դեմ: Սա պատմության մեջ նախադեպը չունեցող փաստ է: Հազարապատիկ գերակշռությամբ:
2-րդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացի զինվորներից մեկը հուշեր էր գրել: Պատմում էր, որ խորհրդային զորքերը հարձակվում էին դիրքերի վրա, իրենք հետ էին մղում գրոհը՝ ոչնչացնելով հարձակվողների մեծ մասին: Մանավանդ, ինչպես գերմանացին էր պատմում, դա այնքան էլ բարդ չէր, քանի որ հակառակորդի զինվորները ողջ հասակով կանգնած, գալիս էին: Բայց հետո սկսվում էր երկրորդ գրոհը, էլի բոլորին վերացնում էին, բայց ահա արդեն երրորդ գրոհի ժամանակ խնդիրներ էին առաջանում, քանի որ զինամթերքն արդեն քչություն էր անում, իրենք էլ ֆիզիկապես հոգնած էին լինում:
Այնպիսի տպավորություն է, որ թուրք-ադրբեջանական հակառակորդը նույն տակտիկան է ընտրել: Բացարձակապես հաշվի չեն առնում իրենց կորուստները: Մերոնք կոտորում են դրանց, հետ մղում գրոհները, բայց սրանք նորից են հարձակվում: Մարդկային ռեսուրսն ընդհանրապես հաշվի չեն առնում:
Հիմա բարդ իրավիճակ է: Հակառակորդը ֆանտաստիկ կորուստների գնով մոտեցել է Շուշիին և Բերձորին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն բացահայտ հայտարարեց, որ հակամարտության գոտում 2000 վարձկան-ահաբեկիչ է բերվել Սիրիայից: Ըստ էության, հակառակորդը խնդիր է դրել ամեն գնով ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան թնջուկը:
Իրան-Հայաստան-Ռուսաստան
Շատ է խոսվում այն մասին, թե ինչու միջազգային հանրությունը, գերտերությունները առանձնապես ջանքեր չեն գործադրում՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար: Այսինքն, ճնշում չեն գործադրում: Դատելով խոշոր գերտերությունների վարքագծից, ինչ-որ քայլեր իրականացվում են հրադադար սահմանելու համար, բայց պետք է հասկանալ, որ այս պատերազմը վաղուց դարձել է խոշոր երկրների միջև դիվանագիտական մրցավազք: Ի վերջո, այստեղ ոչ միայն Արցախի հարցն է օրակարգում: Շատ ավելի ընդգրկուն է թեման: Այստեղ Ռուսաստանը շահեր ունի, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, և գտնել մի լուծում, որը կբխեր ոչ միայն հակամարտող կողմերի շահերից, այլև տարածաշրջանում ազդեցության համար պայքարող երկրների, բավական բարդ է:
Նույն Ռուսաստանը: Շատ լավ հասկանում են, թե ինչով է հղի Թուրքիայի ներխուժումը Հարավային Կովկաս, նույնը՝ Իրանի իշխանությունները: Մարդիկ բացահայտ չեն կարող վերցնել և միջամտել հակամարտությանը՝ հակաահաբեկչական օպերացիայի համար: Պետք են չափազանց ծանրակշիռ հիմքեր: Որոշ բաներ արդեն կան:
Ունենք գերեվարված սիրիացի վարձկան-ահաբեկիչներ, ունենք Ռուսաստանի և Իրանի իշխանությունների պաշտոնական հայտարարությունները, որ չեն հանդուրժելու իրենց քթի տակ ահաբեկիչների նման բանակը:
Շատ բան կախված է ահաբեկիչների գործոնը ճիշտ ներկայացնելուց: Այսինքն, այս հարցի շուրջ անհրաժեշտ են լուրջ քննարկումներ ու բանակցություններ Իրանի և Ռուսաստանի հետ: Սա ռեսուրս է, որի հնարավորությունները կարելի է օգտագործել:
Իքի-բիրի տժվժիկը
Իսկ ի՞նչ է կատարվում ներքաղաքական «ֆրոնտում»: «Իքի-բիր» քաղաքական ուժերի հայտարարությունից հետո, թե բա՝ իշխանությունը հանձնեք Պաշտպանության պետական կոմիտեին, զինվորներին և այլն, որին հետևեց իրապես լուրջ մարդկանց, ՀՀ ՊՆ-ի խիստ արձագանքը, հիմա էլ նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել էլ ավելի «իքի-բիր» մտավորականները: Ավելի ճիշտ՝ պայմանական մտավորականները: Ինչպես Խոսրով Հարությունյանը կասեր:
Նայում ես ցուցակը. թե որ սրանք մտավորական են, ուրեմն՝ կորած ենք, վայ մեզ: Որտեղից էլ պեղել են այդ դեմքերին: Տպավորություն է, որ ողջ քաղաքով մեկ ման են եկել, ում կարողացել են համոզել, որ տեքստը ստորագրի, անունն էլ դրել են մտավորական: 68 հոգու կպցրել են: Ու հետաքրքիր է, որ առաջինն այդ տեքստը հրապարակել է նմանատիպ մի թվով սկսվող լրատվամիջոցում: Ոնց որ թաքնված գովազդ լինի:
Այս տեմպերով որ գնա, հաջորդը ռազմական խորհուրդ ստեղծելու կոչով հանդես կգան հանրապետության լավագույն նարդիստները, տաքսիստները, բլոտիստները, չեբուրեկի սարքողները, «Փեթակի» 1-ից մինչև 120 տաղավարների հաշվապահները և այլն: Քանի հնարավոր է, թող տժժան, էլի:
«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020