...

Փրկության լավ տարբերակ

Փրկության լավ տարբերակ

Մեր սրտի արտգործնախարար ենք ճարել

Հը՞, ոնց է, դիմանո՞ւմ եք: Մի շաբաթ էլ գլորեցինք: Թե որ այս ընթացքում ինֆարկտ, կաթված, ուղեղի գանգրենա չեք ստացել, ուրեմն՝ հալալ է: Որովհետև երբ սահմանից զինվորներ են արդեն առևանգում, ոչ թե գերեվարում, այլ առևանգում են, նորմալ մարդը պիտի քրոնիկ հիվանդություններ ձեռք բերի: 

Դեռ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը շատ արագ կողմնորոշվեց, թե որն է ելքը և դիմեց ԵԱՀԿ-ին, միջազգային ինչ-որ դիտորդներ ուղարկելու, որ կանգնեն հայ-ադրբեջանական սահմանին ու նայեն, թե ոնց են ադրբեջանցիները զինվորներ գերեվարում, կամ նոր տարածքներ մտնում, այդ ամենը գրանցեն իրենց բլոկնոտում, ու տարվա վերջում ամփոփիչ զեկույցով հանդես գան: Մեզ ներկայացնեն վիճակագրություն, թե զինվորների քանի տոկոսն է առևանգվել, իսկ քանիսը՝ գերեվարվել: Որ պատկերը ամբողջական ունենանք, արդեն կհեշտանա մեր գործը, կիմանանք՝ Ադրբեջանին 1 ժամ ժամանակ տա՞նք, 1 շաբա՞թ, թե՞ մի տարի: 

Հետո պետք է նույն տեմպով շարունակել: Վատ չի լինի նաև դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին: ՄԱԿ ԱԽ-ի անդամներից առնվազն չորսի մոտ, որքան գիտենք, դեռ լավ պահպանված քարտեզներ կան, նկարներով, անուններով, բանով, պետք է խնդրել, որ էդ քարտեզները բերեն, տեսնենք՝ ինչ ենք անում: Բայց մինչև դիմելը նախ պետք է արտգործնախարար ունենալ, թե չէ դիմումը հետ կուղարկեն, կասեն՝ սխալ է լրացված: Մեղք էր էդ Արա Այվազյանը, գալը չիմացանք, բայց գնալը հասկացանք: Երկաթյա նյարդեր ունի, եթե վեց ամիս դիմացավ այս խենթանոցին: Հլը որ ձեն-ձուն չկա, թե ով պետք է լինի նոր արտգործնախարարը, բոլոր պոտենցիալ թեկնածուները կամ փախած են, կամ ընդգրկված ՔՊ-ի նախընտրական ցուցակում:

Բայց մենք գիտենք, թե ում պետք է այս իրավիճակում նախարար նշանակել: Ակնհայտ է դա: Ո՞նց, չջոկեցի՞ք. Սերգեյ Լավրովին: Համ փորձառու դիվանագետ է, համ հայկական արմատներ ունի, և ամենակարևորը՝ ինքն է զբաղվում Հայաստանի, Արցախի, գերիների, լճերի, սարերի ու բարձունքների հարցերով: Եկեք միանգամից անհատույց և անժամկետ հիմունքներով նրան նշանակենք արտգործնախարար, պրծնենք: Լավ թե վատ, մի բան կանի էլի: Էշը ցեխից հաստատ կհանի: Մենակ մի պրոբլեմ կա. ինքը որ պլաններ է առաջարկում, Նիկոլը դրանից ահավոր խրտնում է, դավաճանություն է համարում: Դրա համար պետք է այնպիսի լավրովյան պլաններ սարքի, որ հստակ երևա՝ Լևոնը, Ռոբերտը, Սերժը Ղարաբաղը ծախում են, իսկ Նիկոլը՝ փրկում: Շատ էլ որ Տեր-Պետրոսյանն ասում է, թե Նիկոլը չի հասկանում ռուսներին: Այդ ռուսները չեն հասկանում Նիկոլին: Մենակ Լավրովը կարող է իրենից գլուխ հանել: Դրա համար ենք նրա թեկնածությունը առաջարկում: Հետը թող քաղաքացիական պայմանագիր կնքեն, ԺԵԿ-ից տեղեկանք հանեն տան, որ նա վերջին մեկ տարին մշտապես այս իշխանություններին փորձել է բան բացատրել, ու շարժվենք առաջ:

Քայլ արա, շարժվիր հետ

Շարժվենք առա՞ջ: Ի՞նչ առաջ, պետք է հետ քաշվել՝ համաձայն փաշինյանական պլանի: Մենք հետ ենք քաշվում մեր անպետք, ամայի ու չբնակեցված տարածքներից, Ադրբեջանն էլ հետ է քաշվում մեր անպետք, ամայի ու չբնակեցված տարածքներից, բացառությամբ Սև լճի 20-30 տոկոսի, որի համար զահլա չկա գլուխ դնել, պատերազմ-քաշքշոցի սկսել: Ստից լիճ ա էլի, էն էլ՝ Սև, երևի կեղտոտ է, դրանից է սև: Այնպես որ, սա հանճարեղ պլան է: Էն անեկդոտի նման, որ ասում է՝ փողը տվինք, տաքսի չնստեցինք: 

Տեսնենք, տեսնենք, պետք է որ աշխատի այդ պլանը: Պլան ասեցինք, հիշեցինք. մեր մոտ թույլատրվել է կանեփ աճեցնել: Կարելի է այդ անպետք ու ամայի տարածքներում աճեցնել և էշ-էշ մեր տարածք մտած ադրբեջանցիների հետ երբեմն դրանից քաշել ու միասին Բոկայի երգերը տժժացնել: Լավ գաղափար է: 

Հ.Գ. Եվ վերջում ուզում ենք ասել, որ էս Ռոբերտ Քոչարյանը շատ վատ մարդ է: Չասեն էլի, թե մենակ Նիկոլի մասին ենք գրում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1160 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ