...

Ալիևն ինքն իրեն հակասեց

Ալիևն ինքն իրեն հակասեց

Երեկ Իլհամ Ալիևը հայտնվեց հերթական զավեշտալի վիճակի մեջ: Նա անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել և բացի Մամեդյարովին հանդիմանելուց, անդրադարձավ նաև նախօրեին Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցած հանրահավաքներին:

Խոսքի սկզբում Ալիևը հայտարարեց, որ ինքն է արտոնել հանրահավաքները՝ այդպես էլ չհստակեցնելով, թե դա ինչպես է արտացոլվել: Կոչ է արե՞լ, նորմատիվ ակտ է ստորագրե՞լ, թե՞ ստվերային միջոցներով են հանրահավաք նախաձեռնել: Իսկ արդեն ելույթի վերջում սկսեց քննադատել հանրահավաքի մասնակիցներին՝ նրանց մեղադրելով կեղծավորության մեջ: Նշեց, որ հանրահավաքին մասնակցում էին մի քանի տասնյակ հազար մարդ, բայց զինկոմիսարիատներ դիմել են միայն 150 հոգի, այն էլ 60-ը՝ Թովուզից:

Այս փոքրիկ դրվագը բացահայտում է, որ հանրահավաքն այնքան էլ իշխանությունների սրտով չի եղել և ավելի շատ տարերային բնույթ է կրել: Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ բռնատիրական համակարգ ունեցող երկրներում, ռազմաճակատում անհաջողության դեպքում, մասսաները առաջինը փորձում են թոթափել դիկտատորական վարչակազմերին և միայն հետո փորձում պայքար մղել արտաքին ճակատում:

Երևանում կա մտայնություն, թե հանրահավաքը կազմակերպել էին իշխանությունները, բայց ժամեր տևած երթի ժամանակ չկար Իլհամ Ալիևի գեթ մեկ վեր պարզած լուսանկար, չէին հնչում կոչեր, որ պետք է համախմբվել գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ: Այսինքն՝ այդ հանրահավաքի միջոցով Ալիևը չստացավ որևէ դիվիդենտ, հակառակը՝ ստիպված եղավ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Եվ հիմա ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում շատ են մեկնաբանությունները, թե ոստիկանները հիմնականում խառը ամուսնություններից ծնված հայեր են, դրա համար էլ ջարդում էին ցուցարարներին:

Հաջորդ ռազմական պարտությունը կարող է ճակատագրական լինել Ալիևի իշխանության համար: Նա այժմ ցուցվանգի մեջ է՝ մի կողմից չի կարող համակերպվել ստատուս քվոյի հետ, քանի որ հասարակությունը նրան մեղադրում է պարտության մեջ, մյուս կողմից հերթական արկածախնդրությունը կարող է է՛լ ավելի սրել ներքաղաքական վիճակը:

Մամեդյարովին հանդիմանելը կամ անգամ հեռացնելը ոչինչ չի տալիս Ալիևին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1124 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ