...

Ամբողջ կյանքում խարիզմատիկ լիդեր փնտրեց

Ամբողջ կյանքում խարիզմատիկ լիդեր փնտրեց

«Հիմա Նիկոլ Փաշինյանին Աստված ուղարկել է, որ բացասական ցնցում անի, որպեսզի մարդիկ զգան, որ երկիրը կործանվում է: Այս երկիրը միշտ էլ կործանվում է, բայց այն ժամանակ դանդաղ էր: Հիմա ինքը նպատակային անում է: Ակադեմիայի պատմաբաններին, գրականության մասնագետներին մենք չէինք կարողանա ոտքի հանել, ընտանիքներին չէինք կարողանա ոտքի հանել, ես շատ եմ չարչարվել, չի ստացվել»:

«Եթե մի խարիզմատիկ առաջնորդ գա, ինչպես Վազգեն Մանուկյանը 1994-96թթ. էր, իշխանության գործերը լավ չեն լինի, բավականին դժգոհություններ կան տարբեր տեղերում կուտակված՝ հավաքող է պետք: Եթե հավաքվեց, ոստիկանական ուժերն էլ չեն փրկի, արտակարգ դրությունն էլ»:

Սրանք հատվածներ էին Արծրուն Պեպանյանի մտքերից, որոնք նա հայտնել է 168.am լրատվական կայքին:

«ՉԻ». Մեկը հարցնի՝ ընկեր, եթե դանդաղ կործանվում էր, ինչո՞ւ էիր Վազգեն Մանուկյանի հետ միացել և 10 տարի Հանրային խորհրդում լուռ ծառայում այդ դանդաղ կործանողներին: Կամ հիմա ինչո՞ւ եք «Վերնատուն» ակումբում նստել հանրապետականների ու դաշնակցականների հետ. չէ՞ որ, ըստ ձեր գնահատականի, նրանք դանդաղ կործանողներ են:

Ի՞նչ իմաստ ունի խարիզմատիկ առաջնորդ փնտրել, եթե նա աչքներիս առաջ է: Աստված ուղիղ կապ է հաստատել Պեպանյանի հետ, էլ ի՞նչ փնտրտուքների մեջ ընկնենք, մեսիան իր ոտքերով եկել է:

Ակադեմիայի պատմաբաններից շատերը ոտքի կանգնելուց առաջ դեռ պետք է մեղա գան, թե ինչպես են կեղծել Հայոց պատմությունը վերջին 20 տարիների ընթացքում: Ոտքի կանգնողներից մեկը՝ Էդիկ Մինասյանը, ոտքի կանգնելուց առաջ պետք է դեռ նստի և մեղա գա, թե ինչու է կեղծել Մարտի 1-ի պատմությունը:

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի խարիզմատիկ լիդեր լինելու հանգամանքին: Հուսով ենք՝ հայտնի ուժերը չեն գտնի հերթական արկածախնդրին, որը կգրոհի պետական ինստիտուտների վրա, այնուհետև վերջին խոսքերով կքննադատի երկրի ղեկավարներին, նրանց կողմից կարժանանա «իդիոտ» որակմանը և միայն դրանից հետո հանգիստ կհանգրվանի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին և կդառնա նրանց մոլեռանդ պաշտպանը:

Եվ, ի վերջո, մեր երիտասարդ ընթերցողների համար. Պեպանյանը նոր չէ խարիզմատիկ լիդեր փնտրում, նա այդ գործին արդեն 30 տարի է նվիրել: Բայց չի հուսահատվում, շարունակում է փնտրել, ինչպես ոմանք ամբողջ կյանքում փնտրում են իրենց ասպետին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ