Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան նամակ ստացա, որ սորոսականները ծրագրավորել են ինձ վրա «հարձակում» գործել։ Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար և խնդիրներ արգելակման հետ (այսօր մասնագետների հետ կպարզեմ իրողությունը)։
Ինչ վերաբերվում է սորոսականներին, ապա կարծում եմ, որ նրանց որոշումը պայմանավորված է իմ հասարակական գործունեությամբ, մասնավորապես վերջերս Տիկնիկային Թատրոնում նաև իմ ջանքերով սատանիստական համերգը կանխելու հանգամանքով։ Հիմա նրանք նախատեսում են նույն մանկական թատրոնում անցկացնել համասեռամոլների կողմից շատ սիրված շոու, որը նույնպես պետք է թույլ չտանք։
Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դուք արդեն գիտեք, որ դա սորոսականների ղեկավարներ Լարիսա Մինասյանի և Ռուբեն Բաբայանի ձեռքի գործն է»։
«ՉԻ». Սա մեզ մի անեկդոտ հիշեցրեց. մի տղամարդ գիշերը շենքերից մեկի մոտով անցնելիս է լինում, մեկ էլ մի կնոջ ձայն է լսում. «Քաղաքացի, ես ձեզանից վախենում եմ»:
Տղամարդը գլուխը բարձրացնում է, տեսնում է շենքի ամենավերին հարկի պատշգամբից մի կին է ձայն տվողը: «Բայց ինչի՞ եք վախենում»: Կինը վերևից պատասխանում է. «Որովհետև դուք ինձ ցանկանում եք բռնաբարել»:
«Բայց ո՞նց կբռնաբարեմ, եթե ես ներքևում եմ, իսկ դուք՝ վերևում»,- զարմանում է տղամարդը:
«Իսկ ես հիմա կիջնեմ»,- ասում է կինը:
Հիմա մեր այս կինն է: Սկզբից անոնս է տալիս, հետո իջնում է ավտոյի մոտ, հետո մեքենան «բռնաբարված» վիճակում է հայտնվում: Մեղավորն էլ ինչ-որ Սորոս է: Այսինքն, Ջորջ Սորոսը բան ու գործ չունի, ԱՄՆ-ից հրահանգում է, որ կտրեն հանրությանը բոլորովին անհայտ մի տիկնոջ մեքենայի ինչ-որ անհայտ լար:
Ամենացնցողն այն է, որ այս Մարինա Խաչատրյանը մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է: Փոխանակ մարդկանց բուժի, ինքն է հիվանդացել: