...

Անձնագրերը՝ տեռաբայթով, կովերը՝ նախրով, տրակտորը՝ ճապոնական

Անձնագրերը՝ տեռաբայթով, կովերը՝ նախրով, տրակտորը՝ ճապոնական

Որքանով եք հետևել, որքանով եք տեղյակ. Հայաստանի պետական սահմանին և նրա անմիջական հարևանությամբ պարբերաբար տեղի են ունենում գողություններ, որոնց սոսկ գողություն լինելը միայն միամիտը կամ միամիտ ձևացողը կամ իդիոտը կպնդի: Միամիտներ, միամիտ ձևացողներ ու իդիոտներ քիչ չունենք, շատ ունենք: Հենց միայն Ռոբ-մարդասպանի «ուչաստկովիի մակարդակի գործ» ձևակերպումը հիշեք Հոկտեմբերի 27-ի ողբերգության առիթով ու միանգամից կողմնորոշման չափորոշիչի` թարազի կգաք: Եթե ցանկություն ունեք: 

Բայց մենք էսօր էդ կատեգորիաների և նամանավանդ ապուշների մասին չենք խոսում. Նոր Հայաստանում, իհարկե, ապուշների և մյուս երկու կատեգորիաների գոյությունը` չի կարելի բացառել` անհնար է: Բայց մերժել պետք է` ճիշտ ինչպես կոռուպցիան մերժում ենք, բայց բացառել չենք կարող:

Մենք, ուրեմն, էսօր խոսում ենք Հայաստանի պետական սահմանին և նրա անմիջական հարևանությամբ պարբերաբար տեղի ունեցող տարամասշտաբ` հիմնականում` էապես շոշափելի գողությունների մասին` երկու կովից մինչև կովերի նախիր, մեխանիզացիայի պահեստամասերից մինչև տրակտոր: 

Սա լուրեր են, որ մեր մեդիայում արտացոլվել ու լուսաբանվել են տարիներ ի վեր: Հայաստանի պետական սահմանը պահպանվում է ՌԴ սահմանապահ զորքի և ՀՀ ԱԱԾ-ի համատեղ ու աչալուրջ համագործակցությամբ: Հայաստանի` Թուրքիայի հետ սահմանը` նույն ինքը` էքս-ԽՍՀՄ արտաքին սահմանը, Հայաստանի ամենահյուսիս-ամենաարևմուտքում լեռնային ցամաքային է, ապա որոշակի կետից` ջրային` Ախուրյան, ապա` Արաքս գետերով: Եվ ահա այդ սահմանի երկայնքով` գետով լինի, թե առանց գետի` տեղի են ունենում գողություններ, ավելին` Հայաստանի ամենահյուսիս-ամենաարևմտյան սահմանից էլ վեր` թուրք-վրացական սահմանին էլ է նույն բանը տեղի ունենում, իսկ այդտեղ թուրք-վրացական սահմանը, գիտեք` Ջավախք հայաբնակ շրջանով է անցնում: Իսկ հայ-վրացական սահմանն, իր հերթին, դեմարկացիայի չի ենթարկվել և քանի որ բարիդրացիական են հարաբերությունները` էապես թափանցիկ` «անփշալար» է: 

Իսկ վերջինը հիշատակածս գողություններից հենց Ջավախքում է տեղի ունեցել` հայաբնակ և հայ-վրացական թափանցիկ սահմանի բերան Ջավախքում: Իսկ ես չգիտեմ` վրացիք ինչպես են Թուրքիայի հետ իրենց սահմանը պահպանում: Ես գիտեմ, որ սավեթական կարծրատիպի հանգույն` ռուսներն ու մերոնք մեր ու Թուրքիայի սահմանը աչալուրջ են պահպանում-հսկում: Բայց, ահա, նախիր է կորչում նաև այդ հսկողության ներքո և տրակտոր է անհետանում հենց այդ հսկողության ներքո: Այ քեզ բան: Քավ լիցի` խոսքս հետհեղափոխական շրջանի մասին չէ: Սա հին խնդիր է ու հին մարտահրավեր: ՄԱՆԱՎԱՆԴ Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությունից հետո, որ ոչ կովերի նախրի, ոչ տրակտորի գողություն էր: Ինձանից էապես ավելի լուրջ ու տեղյակ մարդիկ այդ մութ ու իրականում չբացահայտված ողբերգությունը ապտակ են համարում մեր և ռուսների ազգային անվտանգության և ռազմական անվտանգության երեսին իջած: Ապտակ չէ` չափալաղ: Սթափվե՞ց Սերժն այն ժամանակ, կամ առհասարակ` Հայաստանում իր իշխանության օրոք ու իրենից առաջ էլ հաճախ տեղի ունեցող էդ գողություններից յուրաքանչյուրի մասին զեկույց լսելով` չէ՞ որ իրենից «առաջ» հենց ինքն էր ՀՀ ազգային անվտանգության ղեկավարը:

Ահա թե ինչ կասեմ` սթափվեր, թե չսթափվեր` ոչ լրջություն, ոչ քաջություն, ոչ կամք, ոչ ըմբռնում չկար: Թերևս միջազգային ինչ-որ պայմանավորվածությամբ, աշխարհաքաղաքական մի կոնսենսուսով` մենք ազգովի դեպի Ադրբեջան ենք շրջվել և, այդպես վարվելով` թիկունքներս թուրքին ենք արել: Ու հույսներս էդ աշխարհաքաղաքական կոնսենսուսին է: Երևի:

Բայց ահա` հետհեղափոխական Հայաստանում, ուր իրավիճակ է փոխվել` խնդիրը կա, ու շատ լուրջ կա ու պետք է լրջություն, քաջություն, կամք, ըմբռնում: Խնդիրը` կա, գողությունները շարունակվում են` որտեղ էլ լինի: Սադրանքները չեն բացառվում` չեն կարող բացառվել: Ու երբ «հանկարծ» արտահոսք է տեղի ունենում, թե Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը Հայաստանի վրա հարձակման պլան ունի մշակած, պետք է այդ արտահոսքի համար էն աշխարհաքաղաքական կոնսենսուսին շնորհակալություն հայտնել` ԲԱՆ Է ՀՈՒՇՈՒՄ ՄԵԶ: Որովհետև` ով չգիտի, որ Թուրքիան ՈՒՆԻ այդպիսի մշակած պլան: Խոսքն այդ մասին չէ: Խոսքը մեր խառնիփնթորության մասին է: ԵՍ ոչ Հետախուզությունից, ոչ Հակահետախուզությունից, ոչ Կիբերանվտանգությունից, ոչ Ազգային Չկիբեր Չանվտանգությունից, համարեք, բան չեմ  հասկանում: Դա ԱԱԾ գործն է, ռազմական հետախուզության գործն է: Եվ, այո, դա Նիկոլի գործն է: Ես պարզապես գիտեմ, ու կներեք, որ գիտեմ` այսպիսի ազդանշանները` սիգնալները այսպիսի` միայն ՈՉ ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ:

Ու երբ այլևս մեր աշխարհագրական արևելքից` Ադրբեջանից, որ մեր աշխարհագրական արևմուտքի` Թուրքիայի մանկլավիկն է` լկտի այլ ազդանշան է հնչում` մեր վիրտուալ համակարգերն են թալանել դրանք` արդեն որերորդ անգամ տարել են` անձնական տվյալներ, անձնագրեր, փաստաթղթեր, ես ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ միամիտ, միամիտ ձևացող ու իդիոտ չլինել. աշխարհաքաղաքական կոնսենսուսը դաժան և անողոք կարող է գտնվել, երբ քո արյամբ նվաճած ու քեզ վերապահված դերն այս տարածաշրջանում` այսինքն՝ քո արևելքի հարևան թուրքին չոքած պահելը, դու շատ վատ ես կատարում այլևս: Ոչ ռազմականորեն. հիբրիդային պատերազմ բառը լոփո-լոփո շահարկելուց առաջ ու հետո հենց հիբրիդային պատերազմի թե՛ կանոններով և թե՛ անկանոնությամբ ադրբեջանցիք քեզ ձեռ են առնում արդեն մի ամիս:

Սա ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ խնդիր է, և եթե տրակտոր ու կով են տանում նախրով և վիրտուալ ֆայլեր են տանում` տեռաբայթերով, ուրեմն ԾԱԿ ԿԱ ներսից և խլուրդ կա ներսից և ԳՈՂ ԿԱ ՏՆԻՑ: Էսքան բան: Եվ դու արդարացում չունես ո՛չ մեր, ո՛չ դրսի առաջ: ԳՏԻՐ ԳՈՂԻՆ: Սուսուփուս, առանց խուճապի: Գտիր իրական գողին: Եվ այո` մարտահրավեր է` տրակտոր գողացիր, նախիրներ գողացիր, տեռաբայթեր գողացիր թուրքերից` սա է ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ: Կարող ես: Մարտահրավեր է սա: Ով էլ որ լինի այդ ամենի հետևում. ռուս, ամերիկացի, թուրք, վրացի… էական չէ: Պիտի կարողանաս:

Ընդսմին` ազգային անվտանգության մեր համակարգի մասին շատ աղոտ պատկերացում ունեմ, բայց համոզված եմ, որ հեղափոխությունից ի վեր այս հաստատության` ԱԱԾ չափազանց հանրահռչակված և հրապարակային գործունեությունը` կաշառք-կոռուպցիա-Վաչո-փողը տարավ-փողը բերեց` ըստ  էության ոստիկանության ԿՀԴՊ վարչության գործառույթ է և վկայում է այն մասին, որ ոչ միայն ես ունեմ չափազանց աղոտ պատկերացում ազգային անվտանգության մեր համակարգի մասին: 

Գուցե արժե դրանից սկսել: 

Կամ էլ` իսպառ հրաժարվել: Դա էլ կլինի քո հիբրիդային նոու-հաուն այդ պատերազմում:

Հակոբ Գրիգորյան    

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1597 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ