...

Վեներական

Վեներական

«….Կողմերը հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում կայացված փոխշահավետ որոշումները խթան կհանդիսանան հետագա քննարկումների համար և նոր շունչ կհաղորդեն «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը…»: Ընդսմին` էդ հույս հայտնողները հայտնել են նաև, որ քննարկումները երկարատև են եղել: Ու նաև տեղեկացրել են, որ. «…արձանագրության ստորագրումը կարևոր նշանակություն ունի «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա գործունեության համար և թույլ կտա լուծել նրա առջև դրված այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են ապրանքների և ուղևորների փոխադրումների ծավալի մեծացումը և երկաթուղային շարժակազմի թարմացումը»:

Էստեղ են ասել` խուտուտ տվեք` արթնանամ: Եթե Հարավկովկասյան երկաթուղու գրանդիոզ ներդրումային պայմանագրի ստորագրման օրերի աշխարհացունց հայտարարություններին վերադառնաք ու կարդաք, վերը արած մեջբերումս ու տասնյակ ու տասնյակ այլ կլիշեներ կտեսնեք պատճենած այնտեղից այստեղ: Խուտուտ ՄԻ ՏՎԵՔ` քնած մնամ` զզվում եմ: Այս` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ  ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԵԾԱՑՈՒՄԸ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ այն հիմնական կետերն էին, կարծեմ, որոնց համար կնքվել էր այդ միլիարդա-միլիոնանոց ներդրման ծրագիրը, թե բա` ՌԴ-ն ամրացնում և ուժեղացնում է իր հարավային սահմանները: Դրանք ու մեկ էլ նոր երկաթուղագծերի կառուցումն ու նոր կամ նորոգած կայարանների կառուցումը… Ինչով ավարտվեց: Լվացին ու լափեցին: Համատեղ ջանքով: Հայն ու ռուսը: Ռուսներն ու հայերը: Ավելին` հիմա էլ կամ լվում ու լափում են կամ սպասում են հարմար պահի` շարունակեն: Ինչո՞ւ: Որովհետև իրենց, հենց իրենց, հենց այդ պայմանագրով և ներդրմամբ նախանշված ողջ ներդրումային գումարի ներդրման տրամաբանությունը հենց դա է եղել, դրա համար է եղել` լվացման:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը. սա էլ պաշտոնական տեղեկությունից է` անէական մանրամասն, քանի որ ով էլ ստորագրեր, որ մի Սիմոնյանն ու Տոկարևն էլ ստորագրեին` վերը բերված տրամաբանության հանգույն էին այդպես անելու` այդ տրամաբանության «ճորտերն» են իրենք: Այդ տրամաբանության ճորտը չէ հենց իսկզբանե այդ տրամաբանության մեխանիզմի համար հավաքագրված կառավարչական աշխատակազմը: Այ, օրինակ, ասում են, այնտեղ մի ֆինանսական «աստվածուհի» կա այդ ՀԿԵ-ում, մի վեներա…այ Միլոսի, թե որտեղի, թե պարզապես երևանցի, դուք որոշեք: Այ օրինակ այդ «աստվածուհին» այս ողջ գործընթացում մի գործառույթ ունի, ասում են, իր համար համեստ, մի կողմ քաշված լվացք է անում: Դե լվանալու բան շատ կա…հոսքեր են, մեքենաներ, վագոններ, քսայուղ (տաուտ), դիզվառելիք, ռելսեր, շինանյութ…, մի խոսքով, շատ բան է կեղտոտվում ու հատկապես փողը: Լվանալ է պետք: Ու վեներան տարիներով, համեստորեն մի կողմ քաշված, հանուն Ռուսաստանի հարավային սահմանների պայծառ ապագայի, իր հայրենիքում լվանում է ու լվանում: Այնպես չէ, որ վեներան չի նեղվում. թավշյա անցուդարձերից հետո, «աստվածուհուն» նույնիսկ քրեական պատասխանատվության կանչեցին: Բայց դե, ում հետ չի պատահել:

Այ օրինակ, Նիկոլ Փաշինյանն էլ ճիշտ երկու տարի առաջ այս մասին ասել էր. «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում 60 մլն դոլարի չարաշահումներ են հայտնաբերվել: Բա էդպես բան են անում: Բա Վեներան լվանա, որ Նիկոլը հայտարարի: 

Իսկ մի աուդիտորական ընկերություն էլ, պաշտոնական ուսումնասիրություն էր արել ու պարզել, որ ՀԿԵ-ն ֆինանսական բնույթի մի շարք չարաշահումներ է թույլ տվել, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքներում կատարված ներդրումներում՝ 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքներ: Ըստ որում, էս աուդիտորները, կարծես թե ոչ էլ թավշյա ժամանակներում էին դա հայտնաբերել, այլ սերժյա: Այսինքն՝ լավ էլ դուխով աուդիտորներ էին, կամ էլ Սերժին ինչ-որ նկատառումներով սա պետք էր: Այլապես հասկանալի չէ` ինչպես էր, որ աուդիտը նման բաներ էր հայտնաբերում, իսկ մեր աստվածուհի վեներան և նրա գործընկերներն ու վերադասները շարունակում էին լվացքը և չէին կարողանում մաս-մաքուր լվանալ ու լվացվել: Իսպառ: Դե գումարը կար, լվացքը պետք էր անել: ՀԿԵ ՓԲԸ-ն պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքի և շարժակազմի բարելավման համար՝ պայմանագրով սահմանված կարգով և չափերով՝ 122,3 մլրդ դրամ ենթակառուցվածքի և 52,2 մլրդ դրամ շարժակազմի բարելավման համար (ընդհանուրը՝ 174,5 մլրդ դրամ՝ համարժեք 575 մլն ԱՄՆ դոլարին, 2018թ. փոխարժեքով` 360 մլն ԱՄՆ դոլար)…

Քրեական գործն ուրեմն, կա, կա նաև համաձայնագիրը: Փաստ է, որ քրեական գործը չփակված, մենք համաձայնագիր ենք կնքում Ռուսաստանի հետ այն մասին, որ քրեական գործով անցնող չարաշահումների էպիկենտրոնում ամեն ինչ կարգին է և էպիկենտրոնը չեն քանդելու, չեն փլուզելու: Ավելին` իմ տվյալներով միլիարդանոց ներդրումային ծրագիրը գրեթե լիովին ավարտվել էր` փողը պրծել է, համարյա թե ներդրումներն էլ թղթի վրա` տեղի են ունեցել… Եվ ուրեմն` ինչ արձանագրություն, ինչի մասին:

Գուցե Ռուսաստանը խոստացել է գողացած փողի փոխհատուցումը տալ, գուցե Հայաստանը խոստացել է գողացած փողը հալալ անել, իսկ գուցե ոչ ոք էլ ոչինչ չի խոստացել` քաղաքական հարաբերություններում կոնյուկտուրային փոփոխություններ են և ամեն բան իր իներցիայով քարշ է գալիս:

Առայժմ մի բան է «լավ»: Քրեական գործը փակված չէ:

Առայժմ Նիկոլ Փաշինյանից այս հարցում մի բան է պահանջվում` այս գործը չտապալել ու չձևանալ, թե կան ավելի խորը, շրջահայաց և իմաստուն նկատառումներ, քան երկիրդ ու քո դաշնակից երկիրը թալանած միջազգային վեներական բանդան` էս համավարակը, պատի տակ սատկացնելը:

Հակոբ Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ