...

Չախչախի չախմատը

Չախչախի չախմատը

Էս ապերը գերարագ է: Ես համոզված եմ, որ այս պահին ես սա գրեցի` ինքը արդեն իսկ մի քանի բան նախաձեռնեց, մի քանիսը մտածեց, մի քանիսը հենց սա գրելուս հաջորդ օրը որևէ լայֆով, կամ կառավարության ու պառլամենտի որևէ անդամի միջոցով կհրապարակի: Այնպես որ՝ ոչ մեկս, որևէ մեկս չենք հասցնի սրանից-նրան-նրանից-նրան ցայտելով-ցատկոտելով արտացոլենք ու անդրադառնանք… դե իսկ ես` մենակ ու խեղճուկրակս, իմ դանդաղ ու անզոր գրիչով ինչ ասեմ: Հեղինակների որևէ կոլեկտիվ-արտել-համքարություն չի կարող մեկ ու բազմադեմ, հզոր ու իմաստուն այս անձի գերարագությանը համընթաց սինքրոնանալ… Մնամ նոր ցայտ-նոթիդ սպասող, օ՜, ապեր:

Տեսեք. Լուկաշենկոյին շնորհավորեց ու մինչև մենք տարակուսում էինք, բելառուսները ամենաարդյունավետ կերպով ոչ բռնի ու հենց իրոք թավշյա փորձեր էին անում էդ անասունի բռնությունն ու բռնապետությունը տապալելու… Մինչ մենք զայրանում էինք էս տղի անհեռատեսությունն ու տապալումը տեսնելով, իսկ բելառուսներն արդեն հարյուր հազարներով փողոցում էին… մինչ մենք թիմում մեղավորներ էինք փնտրում` արտգործնախարար, մամլո խոսնակ, խորհրդականներ և այլն… մեր գերարագ ապերը շատ արագ խաբար հասցրեց, փաստացի ուղերձ հղեց չնչահավատներիս, թե թիմը կամ նրա մասնակիցները բնավ մեղավոր չեն, այլ ամեն ինչ իր, հենց իր և միայն իր բացառիկ տրամաբանությամբ է եղել. ՀՀ ԱԺ-ից Լուկաշենկոյին սազական երկու ժպտադեմ ու կոստյում-շալվարավոր նոմենկլատուրային երիտասարդ էր ընտրել ապերը և առաքելությամբ ուղարկել Բելառուս` դիտորդության: Առաքելությունն էր սելֆիներ ու կիսասելֆիներ անել զանազան նոմենկլատուրային ինտերյերներում` դրոշների և իրենց տիպի ու կարգի այլ կոստյում-շալվարավորների ֆոնին, այդ ամենը հրապարակել և հարցազրույցներ տալ, թե ընտրությունները Բելառուսում արդար ու ազատ են եղել, թե չնայած դրան` բելառուսական ընդդիմությունը հարձակվել և ընդհարվել է ոստիկանության հետ: Եվ չնայած մեր այդ երկուսը` ԼՀԿ-ՔՊ զույգը այդ հարձակումները և ընդհարումները չեն տեսել, բայց կողքի և կողքի կողքի փողոցներից ձայներ են լսել: Ձայներ: Են։ Լսել: Դիտորդները: Այո: Չախե՞ց ապերը: Չախեց: Ու մենք մինչ ուշքի էինք գալիս իմաստնագույն այս քաղաքական փոքերի մարտավարական ևս մի համաշխարհային մակարդակի հաղթանակ-չախումից, նոր չախում վրա հասավ. ՀՀ ԱԽՔ, ՔՊ-ական Արմենը, որի ձենը գոնե իմ կիսախուլ ականջին երկու տարում երկու անգամ է մի կերպ հասել, ահա այդ Արմենը զորավիգեց ԱԺ վերոնշյալ երկյակին ու դե` տղին, ու ասաց որ… ասաց որ… Լուկաշենկոյին շնորհավորելը մեր հեղափոխության (2018-ի ոչ բռնի, թավշյա… և այլն) կոնցեպտին համահունչ էր: Չախե՞ց ապերը: Չախեց: Չորով: ԱԽՔ ու ՔՊ-ական Արմենը, սակայն, ապոր չախածը բնավ չէր նվաստացնի, կամ նվազեցնի, եթե ասեր, հավելեր, որ ավելին՝ մեր թավշյա կոնցեպտին ներդաշնակ ու միահյուս էր շնորհավորանքը ապոր. քանզի, օրինակ, ոստիկանական դագանակներով երկու և երեքական անգամ բռնաբարված բելառուս աղջիկները, որոնք արգանդի վզիկի պատռվածքներ են ստացել, իսկ դեմքները կապտադեղնավուն է մակարդված արյունից, ապացույցն են այն բանի, որ ասենք ՀՀ առողջապահության նախարար Թորոսյանի պնդումը, թե բոլորը ամեն ինչից պիտի պատվաստում ստանան, բայց հատկապես պիտի պատվաստվեն արգանդի վզիկի պապիլոմավիրուսի դեմ,  իսկ ԲՀ փողոցներում այս ու այնուրեք սպանված հայտնաբերվող մարդիկ, որ օրեր առաջ անհետացել էին, ահա այդ թավշյա ներդաշնակությանը խանգարող տհաճ հանգամանքներ են:

Ահա այսպես: Երկու չախում և այլևս ապորը կարող են ՉԱԽՉԱԽ կոչել: Քանզի ՉԱԽՉԱԽՆ արդեն իսկ բազմակի է նշանակում և հնարավորություն է տալիս և ցայտ ու ցայտկոտումները մեր ապոր և մեր արդեն թեթև կկայունանան այդպիսով: Իսկ  նրա յուրաքանչյուր հաջորդ քայլը` ցայտնոթ, խաղերի ինդուստրիայի ևս մեկ տերմին, որ չախելուն համահավասար մեզ շանս է տալիս մեր ապոր էս ոչ էն է` թղթախաղը, ոչ էն է` շախմատը ինչ-որ կերպ կոչել, ձևակերպել. Չախմատ, որի միանձնյա լիդերի միանձնյա քայլերը ցայտնոթերն են (ցեյտնոտ տերմինի նմանությամբ) … քանի որ համոզված ենք. դրանց դրամատիկ վերջնարդյունքը  մեր ապոր` ՉԱԽՉԱԽԻ չախչախումն է լինելու: Սա արդեն լուրջ: Ու ցավալի: Իսկ մեզ համար կարևոր է, որպեսզի Չախչախն ու իր թիմը չնույնականանան ո՛չ մեր, ո՛չ մեր հեղափոխության, ո՛չ նրա կոնցեպտի հետ: Որ չհամարձակվեն սեփականել հեղափոխությունն ու իր արժեքները: Քանի որ իրենք ուզուրպացնել են փորձում մեր հեղափոխությունը ու վարկաբեկում են մեզ: Սա էլ լուրջ: Շատ լուրջ:

Քանի որ ես չեմ կարող նույնականանալ նաև քեֆերի ու հարսանիքների ժամանակ 40 թե 60 քեֆչի սահմանափակում ԱԺ-կառավարություն քննարկման և նրա ՔՊ անդամների ու ԼՀԿ անդամների ու ԱԺ-ի ողջ կազմի հետ ու Ավինյանի հետ, այն դեպքում, երբ գրադարաններն ու թանգարանները 20-ից ավելի մարդկանց կուտակման դեպքում ենթակա են պատժամիջոցների: Դե հիմա պատկերացրեք` հարսանիքում կամ էլիտար դանսփոլում քրտնած, հարբած, դիմակները չանեքից կախ 40 քեֆչու կամ հիփսթըր երիտասարդի և նրանց սոցիալական տարածությունը, որի վրա նրանք բոլորը խնչած կունենան բոլոր իմաստներով և, ասենք, Ազգային կամ Իսահակյանի անվան գրադարանի 23 դիմակավոր և մտավորական ընթերցող, որոնց ՀՀ փառապանծ կարմիր բերետավորները բռնացնում են մի դահլիճում պոեզիայի ցերեկույթ անելիս: Ու գիտե՞ք ինչու է այդպես: Որովհետև գրականության իբր սիրահար ու ինքն էլ գրող մեր ապերն ու թիմը իրենց էն քեֆի սեղանին ու դանսփոլում են նույնականացնում, բայց ոչ գրադարանում, կամ թատրոնում: Եվ բնականաբար ավելի լիբերալ ու օր առաջ թույլ տրված պիտի լինեն խոզի չալաղաջ կծելու և կայֆը բյուրեղիկով ներծծելու պայմանները, քան էն «սութի բաների»:

Իսկ ՉԱԽՉԱԽ ապոր վիճակը հոռի է: Վերջին լայֆերը` շարվեշարան վկա: Սասնա ծռերի դատն ու դատավճիռը՝ վկա: Եվ Քրիստոսի երկրորդ գալստյանը սպասելով` դրան հարիր երկիր կառուցելու կոչը : Տիրոջ գալստյան ժամկետների անհստակ և հարափոփոխ լինելը «ԱՆՄԻՋԱՊԵՍ»-ի և «ԵՐԲ ՍԻՐՏԴ ՏԱ»-ի տարօրինակ ու լայն տիրույթ է ստեղծում երկրի կառուցման տեմպերի համար: Եվ հաստատ էդ կառուցմանն են ուղղված Ամուլսարն ու Ֆիրդուսն ու Երևանի կենտրոնում այլանդակ կառուցապատման նոր թույլտվությունները: Ռոբական օրենքով` վաթսունհինգ պլյուս ֆորմատով դպրոցի տնօրենների կադրային ջարդը և տգետների նշանակումները: Աշոտ Բլեյանը՝ վկա: Ալեն Սիմոնյանի զանգերով արված կադրային նշանակումները (նույնիսկ որոշ բանկերում ու վարկային կազմակերպություններում) ու հայտարարությունները վովա գասպարյանների ու արթուր վանեցյանների մասին: Արայիկ Հարությունյանի տարտամ մտքերը բուհերում ու դպրոցներում դասերը սկսելու և դիմորդների ընդունվել-չընդունվելու մասին… Մի խոսքով: Տիրոջ գալստյանը չգիտեմ, բայց այսպես ու այսպիսով գավառամիտ մի ապոկալիպսիսի հաստատ ականատես ենք լինելու… 

Ուստի հորդորում եմ մեր ապորը` Չախչախին հեղափոխության հետ չնույնացնել, այլ ձեր մեջ և ձեր միջև փնտրել այն գեղեցիկն ու արժեքավորը, այն բարձրն ու անտապալելին, որ հեղափոխությունն այս երկրում սահմանել է: Ահա այդպես` փնտրել-գտնել ու առաջ գնալ: Մաքրվելով դավաճաններից, մաքրագործվելով ինքներդ ձեր մեջ և ամենայն ՍԻՐՈՎ թույլ չտալով, որ ռոբիկները, էձիկներն ու սերժիկները` գլիսսերով լինեն, ավանակին նստած, թե ջրերի վրայով քայլելիս` Տիրոջ կամ թեկուզ Չախչախ ապոր անունից գան:

Հակոբ Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ