...

Բանդա ֆենթըզի

Բանդա ֆենթըզի

Եվ այսպես. գործում է առնվազն մեկ կազմակերպված հանցախումբ ինձ հայտնի առնվազն մեկ գործառույթով` հագուստի բրենդային խանութներից գողություն է անում: Հանցախումբը, իր երևելի մասով, մոտ քառասուն անձից է բաղկացած: Հանցախմբի չերևելի մասի մասին տեղյակ եմ` չեմ ասի, կամ տեղյակ չեմ` չեմ ասի: Դուք որոշեցեք` որը:

Բրենդային այդ խանութները ցանկալի է, որ առևտրային խոշոր կենտրոններում լինեն` մոլերում. մարդաշատ է, էլիտար է, ցիվիլ է: Կարող են նաև քաղաքի կենտրոնի փողոցներում լինել. պակաս մարդաշատ է, միմյանցից հեռու են բաշխված խանութները, այդքան էլ էլիտար չէ, այդքան էլ ցիվիլ չէ, բայց յոլա կտանի: Հանցախումբը չի գերադասում այս նախընտրություններից ձեռ քաշել: Չի տեղափոխվի քաղաքի ծայրամաս, չի տեղափոխվի այլ քաղաք: Նույնիսկ Մեգա- ու Ռիո- չի գնա իր սեփական կամքով: Ինքը նպատակով, մուրազով ստեղծված ու ձևավորված բանդա է հենց այս` կենտրոնի, մայրաքաղաքային ենթակառույցների միջավայրի համար: Ու քանի դեռ կարող է և հզոր է քաղաքի կենտրոնում ու կենտրոնի մոլերում` ոչ մի տեղ էլ չի գնա: Թավշյա հեղափոխության արգասիք չէ բանդան: Չբամբասեք: Բանդան ձևավորվել է սկսել մի ինը տարի առաջ, ձևավորված է եղել արդեն վեց տարի առաջ: Էս տեղեկությունը համադրեք քաղաքում մոլերի ստեղծման ու զարգացման պատմության հետ և կտեսնեք սինքրոնությունը: Թավշյա հեղափոխությամբ խթանված է բանդան: Բամբասեք. Նիկոլի «ամունիստով» և ուժայիններ ընտրելու «հանճարեղ» քթածակով: «Ամունիստի»` համաներման դերը գերկարևոր էր երկրում հանցածին իրավիճակը սանձազերծելու համար: Օսիպյանն ու նրա հաջորդները վկա, Սյունիքի մարզպետն էլ` ընթերակա: 

Պատմագիտական-մասնագիտական շատ լուրջ ուսումնասիրություն է պետք հասկանալու համար, թե որ պահին ոչնչանալ սկսեց Վանո Սիրադեղյանի ստեղծած ոստիկանությունը: Ապա նաև` որ պահին լրիվ ոչնչացավ: Դա անհրաժեշտ է, որպեսզի պարզ դառնա, թե որ պահից սկսած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լրիվ բովանդակազրկեցին ոստիկանությունն իր բուն էության ու նպատակի` պետականությունը  հանցաշխարհից սահմանազատելու և հանցաշխարհը վերահսկելու, պատժելու և ոչնչացնելու գործառույթից և ապա` որ պահից լրիվ ոչնչացրին ոստիկանության կմախքը և ենթակառուցվածքը, այն դարձնելով իրենց երկուսին ու օլիգարխիային, ինչպեսև իրենց կազմակերպած մաֆիային սպասարկող պատվազուրկ, կաշառված, ողորմելի գրասենյակ: Ասեմ, որ դա հեշտ գործ չէր` Վանո Սիրադեղյանը ոստիկանությանը վերադարձրել էր նրա պատիվն ու պատվախնդրությունը: Ես չգիտեմ, դա համազգեստի պատիվ կարելի է կոչել, թե ոչ, բայց մարդկային պատիվ ու պատվախնդրություն հաստատ պետք է կոչել: Ես չեմ անդրադառնում աած-ին: Այդ գրասենյակը հրապարակային գործունեություն քիչ և աներևույթ է ծավալում, ուստի նրա տապալման մասին խոսելը փաստարկված չի լինի այնքան էլ: Պարզապես պիտի ասեմ, որ գրասենյակն այդ Սովետից  հետո Վանո չի ունեցել, բայց ունեցել է Շահ-նազարիկ-Գորիկ-Սերժիկ, ու Կուտոյան, ու… Վանեցյան: Ուրեմն… Վերջակետ: Սովետական շրջանի այդ գրասենյակի գերպրոֆեսիոնալ, թոշակի գնացած ղեկավար Յուզբաշյան Մարիուսին փողոցում հենց դրա համար գնդակահարեցին, որ դեգրադացիան անվերապահ լինի: Եվ ուրեմն գրասենյակը հազիվ թե դեգրադացիայի ու պատվազրկման պակաս դրամատիկ փուլեր լինի անցած:

Թե որքանով էին և են երկիրն ու քաղաքը իրականում ապահով, հազիվ թե որևէ մեկը կարող է ասել, բայց որ բավականին ապահով էին, շատերն են պնդում: Շատերը, բանից բան հասկանալով, նաև հաստատում էին, որ բռնապետությունները սովորաբար հենց ապահով էլ լինում են: Եթե խոսքը քաղաքական գործունեության ու ընդդիմադիր լինելու ապահովության մասին չէ:

Ես համոզված եմ, որ Սերժիկն ու Ռոբիկը ժամանակին բարձր են դասել Վանոյի ստեղծած ոստիկանության որակը: Ես համոզված եմ, որ նրանք փորձել են, անկեղծորեն, իրենց վայ-մակարդակի ու վույ-տրամաբանության չափով փորձել են այդ ոստիկանությունը չոչնչացնել, այլ միայն նենգափոխել ու ծառայեցնել իրենց անձնական և հակապետական նպատակին: Դե պարզ է ու հասկանալի, որ չի ստացվել: Որ անբարոյական ու բարոյազուրկ` բովանդակազուրկ կառույցն ի վերջո տապալվելու էր: Ռոբիկն ու Սերժիկը, կարելի է ասել կառույցի հոգեվարքը հնարավորինս երկարաձգել են, ճիշտ այնպես, ինչպես որ նույնն արել են երկրի հետ` հոգեվարք են երկարաձգել, գուցե զարմացած, որ երկրին իրենց առաջարկած «բիզնես տարածքի» մոդելը մեռելածին է և ոչ կենսունակ` չի իմպլեմենտացվում, չի պատվաստվում, ավելին` սպանում է երկիրը: Դե, իսկ  քանի որ սպանում էր և միակ ելքը հիվանդ ու մեռնող մարմնի կյանքը երկարաձգելն էր` այդպես են վարվել: Իր մտքի և կարողության տրամաբանությամբ Նիկոլը հիմա ցավալիորեն նույնն է անում. «բիզնես տարածքի» մոդելին փոխարինելու էր եկել «թավիշը», բայց չափազանց արագորեն պարզվեց, որ այն նույնիսկ մոդել չէ, սոսկ բառ է, զրնգուն ու դատարկ բառ… Ինչևէ, դառնանք մեր ոչխարնե… մեր բանդային:

Բանդան ահա այս միջավայրում և հանգամանքներում առաջացավ: Պիտի ավելացնեմ` առաջացավ նաև ստվերային կարևորագույն մի համակարգի և կարևորագույն մի բիզնեսի` թմրաբիզնեսի հանգամանքում, որ Հայաստանում արագ վերահիմնադրվել էր վերոնշյալ Ռոբի և Սերժի կողմից: Եվ ահա, այս օրվանից մոտ մեկ տասնամյակ առաջ իշխանիկների, ժորիկների, չուժոյիկների, դավիթիկների, գայանների, մարոների, քիսոների կենսազանգվածը, որ սինթետիկ թմրանյութի` «բյուրեղիկների» վաճառքի ցանցային համակարգում և «գաղնալու» համակարգում բառիգ ու գողցող ու սպառող էր` դարձավ բանդայի և մյուս բանդաների կադրերի դարբնոցը և սկսեց մատակարարել… իշխանիկներ, ժորիկներ, չուժոյիկներ, դավիթիկներ,  գայաններ, մարոներ, քիսոներ: Իսկ ոստիկանությունն ու աած-ը ԵՎ ԻՀԱՐԿԵ` ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ դարձան բանդաների գոյությունը կենսապահովող պետական սպասարկուները: Դե… արդարադատության նախարարության և իր ՔԿՀ-ի մասին… առանձին թեմա է` մի օր կխոսենք: Դարձյալ անդրադառնալով սինթետիկ թմրանյութի` «բյուրեղիկների» համակարգին, ասեմ, որ բանդան էդ վառելիքից օգտվում է` նրանց աչքերի պղտոր վառվռունությունը և գործելու լկտիությունը դա են վկայում:

Եվ այսպես, օրը ցերեկով, կամայական օր, ամենակարևորը` ԱՄԵՆ ՕՐ, բանդան հագուստեղենի խանութներում գողություն է կատարում: Այդ մասին ՔԱՋԱՏԵՂՅԱԿ է տվյալ մոլի անվտանգությունը, այս մասին քաջատեղյակ են մոլերի տերերը և բրենդային թալանվող խանութների տերերը: Բանդայի կամ բանդաների գործունեության մասին բրենդային թալանվող խանութների տերերը նամակներ են գրում «Նոր Հայաստանի» ուժային, գործադիր, օրենսդիր ղեկավարներին, զգուշացնում են, որ կթքեն ու կտանեն իրենց խանութները Հայաստանից… ոչ մի արձագանք: Բանդայի անդամներին… ընդդիմացող միակ օղակը բրենդային խանութների և մոլերի  վարձած հսկիչ ծառայության աշխատակիցներն են, որոնք բանդան պարբերաբար դուրս են շպրտում իրենց խանութներից, դիմում ոստիկանություն, վարույթ հարուցում… Հաջորդ առավոտյան նախորդ երեկո դուրս շպրտված իշխանիկները, ժորիկներն ու գայանները դարձյալ խանութներում են: Ոստիկանությունը  ՉԻ ԳՈՐԾՈՒՄ: ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է: ՉԻ ՄԻՋԱՄՏՈՒՄ: Բերման է ենթարկում ու բաց թողնում: ԿԱՇԱՌՎԱԾ Է: 

Բրենդային խանութների և մոլերի հսկիչ ծառայության աշխատակիցները Աստծու ամեն օր իրենց վրա են վերցնում երկրի իրավապահ կաթվածահար համակարգի գործառույթները: Աստծու ամեն օր նրանք կաշառվելու առաջարկից մինչև մահվան սպառնալիք ուղիղ տեքստեր են լսում գյադեքից և նրանց նանարներից: Նույն վիճակում են նույն խանութների աշխատակից-աշխատակցուհիները, որոնց բանդայի գյադեքն ու նանարները ահաբեկում են ամեն օր: Այո, սա աբսուրդ է, այո, սա տեղի է ունենում: Այո, մայրաքաղաքում: Այո, ամեն օր: Ի դեպ ասեմ` համոզված եմ, բանդան զինված է առնվազն դանակներով:

Եթե փոքր-ինչ հետամուտ, քթանցքատեր ու հետևողական մարդ եք, եթե ուզում եք, հենց հիմա կարող եք Ձեր ծանր տեղից ելնել, գնալ այդ խանութները, մի քանի ժամ դիտարկում անել, ծանոթանալ գյադեքի ու իրենց նանարների հետ և նույնիսկ… հարցազրույց վերցնել նրանցից. մոլերը հիմա հրաշալի հանգստի գոտիներ ունեն: Բանդայի անդամները ամեն օր թալանի արանքներում այդ գոտիներում պաղպաղակ են ուտում ու սուրճ են խմում: Ձեզ էլ կհյուրասիրեն: Ի վերջո մարդիկ օրավուր երկու-երեք միլիոն դրամի ապրանք են հանում խանութներից և իրացնում: Իրավունք ունեն շքեղության և իրավունք ունեն իրենց հյուրին հյուրասիրելու: 

Ուստի հետևողականություն և կորով եմ մաղթում խանութների պահակային ծառայությանն ու մեդիա դաշտի հետաքննողներին պետությանս փոխարեն հանցաշխարհը բացահայտելու և ոչնչացնելու իրենց չարչարանքի քառուղիներում:

Իսկ պետության հռետորաբան ղեկավարությանը մաղթում եմ քիչ ճամարտակել և վերջապես սկսել կառավարելը: Իսկ եթե կառավարել չգիտեն և չեն կարողանում, ինչն ըստ իս` ակներև է, թող մի անգամ փորձեն թաքուն-թաքուն, ոչ հրապարակավ  իրենցից խելոք մի քանիսին հարցնել, թե դա ինչպես է արվում: Թող փորձեն մի կամ մի քանի ծաղկով գարուն բերել` Վանո ֆենոմենը գործարկել, թող փորձեն: Ի վերջո, առայժմ արածները եղել է անցած բոլոր իշխանությունների բոլոր ձախողումները մանրամասնորեն կրկնելը, եթե ոչ` կրկնօրինակելը: Թող հիմա էլ Վանո ֆենոմենը` հաջողումը կրկնօրինակեն: Ի վերջո, չէ՞ որ Տոնոյանի, Պապիկյանի, Արշակյանի, ու նույնիսկ Թորոսյանի գոյությունը և նրանց նախարարությունների գործունեությունը ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունում այս պատահական մարդիկ և իրենց պատահական նախարարությունները կարողանում են երկրի կենսունակությունն ու մրցունակությունն ապահովել, ի հեճուկս ՀՀ նույն կառավարության տարտամ ու բթամիտ անգործության:

Հակոբ Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1478 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ