...

Անհամարժեք պատիժը կլինի կործանարար

Անհամարժեք պատիժը կլինի կործանարար

Երեկ մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը չնախաձեռնեց ՈՉ-ի ճակատի ձևավորում: Սակայն դա չի նշանակում, որ նրանք ակտիվ հակաքարոզչություն չեն ծավալելու: Նրանք պարզապես նման են այն գործարարներին, որոնք զբաղված են կեղծ արտադրանքի թողարկմամբ և չեն գրանցում կազմակերպությունը՝ պատասխանատվություն չկրելու համար: Բայց կարծում ենք, որ հասարակությանը մոլորեցնել չի հաջողվի՝ ՈՉ-ի կամ բոյկոտի հետևում կանգնած են Քոչարյանը և Սարգսյանը: Առաջնահերթ նրանք են շահագրգռված, որ հանրաքվեն տապալվի և իրենք խուսափեն քրեական պատասխանատվությունից: 

Իշխանությունը հենց այս իրողությունը պետք է հասցնի հասարակության ցանկացած անդամին, քանի որ հակառակ կողմը փորձում է համոզել, թե հանրաքվեն անօգուտ միջոցառում է:

Բայց նաև պետք է խոստովանել, որ բացի նախկին ռեժիմի կողմնակիցներից, կան նաև քաղաքացիներ, որոնք, դժգոհ լինելով իշխանության երկու տարվա գործունեությունից, ակամայից դառնում են նախկին ռեժիմի բնական դաշնակիցը:

Շատերն ասում են, որ հանրաքվեն ուշացել է, իշխանությունը չի կատարել անհրաժեշտ մեծածավալ բարեփոխումները և թող հիմա ինքնուրույն դուրս գա իր մեղքով ստեղծված վիճակից: 

Քննադատության մեջ կան առողջ հատիկներ: Այն, ինչ հիմա փորձում է անել իշխանությունը, պետք էր անել 2018 թվականի ամռանը՝ ավելի մեծ մասշտաբով և ավելի հեշտ դա կտրվեր:

Բայց ունենք այն, ինչ ունենք: Պետք է հասկանալ, որ այս պահին իշխանությանը մենակ թողնելով՝ ժողովուրդը ոչ միայն կպատժի կառավարությանը, այլև երկարաժամկետ առումով՝ նաև իրեն: Հանրաքվեի տապալումը երկրաչափական պրոգրեսիայով ուժեղացնելու է ռևանշիստների հնարավորությունները:

Այս իշխանությունը սովորական իշխանություն չէ: Այս իշխանությանը իշխանություն է դարձրել ժողովուրդը՝ երկար տարիներ չունենալով այդպիսի հնարավորություն:

Եկեք իրավիճակը պրոյեկտենք ընտանիքի վրա: Երկար տարիներ չեն ունեցել երեխա, հետո հրաշքով ունենում են: Հիմա երեխան մի բան ճիշտ է անում, մի բան՝ սխալ: Ներկայումս սխալի արդյունքում կանգնել է լուրջ խնդրի առջև: Այո, պետք է բացատրել սխալը, որպեսզի այն չկրկնվի, բայց արդյո՞ք արժի այնպես պատժել, որից նա կարող է երբևէ ոտքի չկանգնել:

Պատիժը պետք է լինի համարժեք սխալին կամ զանցանքին: ՈՉ-ի կամ բոյկոտելու դեպքում մենք նրան զրկում ենք սխալներն ուղղելու հնարավորությունից և շանս տալիս նրա ֆիզիկական գոյությանը սպառնացող տարրերին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ