...

Փաշինյանը պետք է ապացուցի

Փաշինյանը պետք է ապացուցի

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունները ցանկություն չունեն հիմնելու ՈՉ-ի ճակատ: Եվ դա նախկինների քարոզչամեքենայի կողմից ներկայացվում է իբրև լուրջ խոչընդոտ հանրաքվեի անցկացման և քաղաքացիների մասնակցության առումով:

Նախ, վերոհիշյալ ընդդիմությունները դրանով ևս մեկ անգամ փաստում են, որ ընտրել են մարգինալացման ճանապարհը: Դրանով նրանք փաստում են, որ հեղափոխությունից երկու տարի անց չունեն խիզախություն դուրս գալու մարդկանց մեջ և պաշտպանելու իրենց գաղափարներն ու մոտեցումները: Դա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ նրանց միակ ռեսուրսը իրենց մեդիաներն են, որտեղ նստած կարող են անել ցանկացած դատողություն, բայց չարժանանալ ժողովրդի հակադարձումներին: Իսկ այդպիսի «ապահով» պայմաններում քաղաքական գործունեություն ծավալելը բերելու է այդ ուժերի էլ ավելի մարգինալացմանը:

Օրինակ, եթե Մարուքյանը համոզված է, որ հանրաքվեի անհրաժեշտություն չկա, ԱԺ-ում դրա շուրջ ծավալեց կենաց-մահու պայքար, ինչո՞ւ չի փորձում դա անել քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ փողոցներում և հրապարակներում: Չի անում մեկ պարզ պատճառով, որ չհայտնվի է՛լ ավելի անհեթեթ վիճակում:

Կա տեսակետ, որ ընդդիմությունը չմասնակցելով քարոզարշավին՝ փորձում է դժվարացնել իշխանության գործը: Քանի որ հռետորաբանության ռադիկալացումը ավելի մեծ հետաքրքրություն կառաջացներ ժողովրդի մոտ և մասնակցության տոկոսն ավելի մեծ կլիներ: Եթե առաջիկա 50 օրերին հանրապետականները, քոչարյանականները և մնացած սաթելիտները անգամ ծպտուն չհանեն, ժողովուրդը գիտի, թե ովքեր են դեմ Հրայր Թովմասյանին տուն ուղարկելուն:

Իշխանությունը ունի մեկ խնդիր: Հնարավորինս արդյունավետ, անկեղծ և հանրամատչելի բացատրել, թե ինչու է խիստ անհրաժեշտ Թովմասյանին ու կոմպանիային շտապ տուն ուղարկելը:

Իշխանությունը նաև չպետք է խորշի և անկեղծ խոստովանի, որ տակտիկական սխալների պատճառով ստիպված է հեղափոխությունը ևս մեկ անգամ դնել փորձության առջև: «Կռուտիտները», կիսաճշմարտությունները, սեփական սխալների չընդունումը միայն կառաջացնեն ժողովրդի ապատիան: Իսկ այդպիսի ճոխություն գործող իշխանությունն իրեն թույլ տալ չի կարող:

Անտեղի պաթոսով, կենացներ հիշեցնող ելույթներով և ոտանավորներով դժվար կլինի համոզել մարդկանց, որ նրանց ներկայությունն ընտրատեղամասերում չափազանց կարևոր է Հայաստանի ապագայի համար: Ներկայումս 2018 թվականի PR տեխնոլոգիաների հասարակ քոփի-փեստը չի կարող տալ նույն արդյունքն, ինչ տվեց երկու տարի առաջ: Ժամանակները փոխվել են, իսկ նախկին իշխանությունները դուրս են եկել շոկային վիճակից: 

Քարոզարշավը կպատասխանի այն հարցին, թե Փաշինյանը նույնքան ուժեղ լիդեր է իշխանություն ունենալիս, որքան ուժեղ էր ընդդիմության լիդեր լինելու ընթացքում:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ