...

Նախկինների խուճապը և ներկաների շանսը

Նախկինների խուճապը և ներկաների շանսը

Մեծ դեպրեսիան է համակել նախկին ռեժիմի ճամբարին: Այսպիսի ցայտնոտ նրանք չէին տեսել 2018 թվականի հոկտեմբերի 2-ից ի վեր, երբ հայտնի դավադրությունը ստիպեց արագացնել գործընթացները, ու արդյունքում նրանք հանձնեցին հերթական բաստիոնը: Հիմա հերթը Սահմանադրական դատարանինն է: Իշխանությունը հակված չէր կոշտ միջոցների, բայց նախկին ռեժիմն իր քայլերով ստիպեց, որ գործող իշխանությունը դիմի ժողովրդի աջակցությանը, իսկ այդ հարթությունում նախկինները պարտված են ի սկզբանե: 

Ռևանշի ուժերը շատ ավելի լավ են տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ հասարակական տրամադրություններ են տիրում: Սոցիալական ցանցերի մոնիթորինգն իրենց մոտ դրված է շատ ավելի լուրջ հիմքերի վրա, քան իշխանության մոտ: Իրենք շատ լավ գիտակցում են, որ որևէ շանս չունեն հանրաքվեի ընթացքում, իսկ հերթական ջախջախումը հարված է հասցնելու խնամքով կառուցված միֆին, թե նախկինները և ներկաները ունեն գրեթե հավասար հասարակական աջակցություն:

Իհարկե, այս ամենը չի ենթադրում, որ իշխանությունը կարող է հանգիստ նստել և սպասել ապրիլի 5-ի արդյունքներին: Սա վերջին մարտն է, և նախկինները ցուցաբերելու են կատաղի դիմադրություն՝ չխորշելով որևէ միջոցից, որը կօգնի իրենց դիմակայելու:

Քարոզարշավի ժամանակ իշխանությունն ունի երկու գլխավոր անելիք:

Առաջին. Հանրամատչելի բացատրել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, թե ինչու է անհրաժեշտ հանրաքվեն: Բացատրել, որ ստատուս-քվոն պահպանելու դեպքում հեղափոխությունը դատապարտված է, քանզի նախկիններն անհամաչափ մեծ լիազորություններ են շնորհել ՍԴ-ին: Բացատրել, որ Հրայր Թովմասյանի վրա առաջնահերթ դրված է լուծել Քոչարյանի և Սարգսյանի անձեռնմխելության խնդիրը, իսկ այնուհետև տորպեդահարել բարեփոխումները: Յուրաքանչյուրին պետք է հասցնել, որ ՍԴ-ի իրական նախագահը Թովմասյանը չէ, այլ Քոչարյանը և Սարգսյանն են նախագահում այդ դատարանում:

Երկրորդ. Անցած երկու տարում իշխանությունն արել է բազմաթիվ սխալներ: Եվ այս քարոզարշավի ժամանակ նախկինները հենց դրանք են թիրախավորելու ու անընդհատ թմբկահարելու: Իշխանությունը պետք է ունենա համարձակություն ընդունելու իր որոշ սխալները, որպեսզի հասարակությունը տեսնի տարբերությունը նախկինների և ներկաների միջև: Նախկինները երբևէ չընդունեցին իրենց որևէ սխալ, անգամ իշխանությունը կորցնելուց հետո: Գործող իշխանությունը հնարավորինս բաց պետք է խոսի սխալների մասին, պարզաբանի դրանց օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը: Քարոզարշավը լավ հնարավորություն է վերաիմաստավորելու անցած երկու տարին և ճիշտ հետևություններ անելու:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2697 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ