...

Առաջ հաղթանակն էինք խեղաթյուրում, հիմա՝ պարտությունը

Առաջ հաղթանակն էինք խեղաթյուրում, հիմա՝ պարտությունը

Օրեր առաջ ինչ-որ պրոֆեսոր հրապարակավ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց, որ նա 1994-ին հայկական ուժերին թույլ չի տվել գրավել Եվլախը։ Իրականում այդ պրոֆեսորն անկախ իրենից շատ մեծ ծառայություն մատուցեց հասարակությանը, որովհետև իր անձնական օրինակով ցույց տվեց, թե ինչու ենք այսօր հայտնվել այս վիճակում։

Բանն այն է, որ մինչև հիմա էլ մեր հասարակությունը ճշմարտացի պատկերացում չունի արցախյան առաջին պատերազմի մասին։ Տարիներ շարունակ հանրային գիտակցության մեջ ինչ-որ միֆեր են սերմանվել, որոնց համաձայն այդ պատերազմում 3 միլիոնանոց Հայաստանը 7 միլիոնանոց Ադրբեջանին հաղթել է բացառապես «մեր հերոսների անկոտրում ոգու», «նախնյաց արմատների հզոր կանչի», մի խոսքով՝ «հայու գենի» շնորհիվ։ Ընդ որում՝ այնպես է ներկայացվել, թե մեր հերոս տղաների առջև թշնամին ոչխարի պես փախչում էր, դիմադրություն չկար (հետաքրքիր է՝ բա այդ դեպքում հայկական կողմի 11 հազար զոհերը որտեղի՞ց), մի խոսքով՝ հաղթելը խաղուպար էր, եթե ուզեինք՝ հեշտությամբ Բաքու էլ կհասնեինք։

Իրականում արցախյան առաջին պատերազմում մենք հաղթել ենք շատ մեծ դժվարությամբ, ուժերի գերլարումով և ահավոր զրկանքների գնով։ Բայց հետևողական քարոզչության արդյունքում շատերը մինչև հիմա էլ այդ զրկանքները պատերազմի հետ չեն կապում։ Չէ, ի՞նչ պատերազմ, ադրբեջանցիները հենց այնպես, «հավեսի համար» էին շրջափակել Հայաստանը, գործարանները չէին աշխատում ոչ թե այն պատճառով, որ ոչ հումք կարող էին բերել, ոչ արտադրանքն արտահանել, այլ որովհետև հանցավոր իշխանություններն ուզում էին «ստանոկները որպես մետալալոմ ծախել», էներգետիկ ճգնաժամի պատճառը ոչ թե շրջափակումն էր, այլ այն, որ հանցավոր իշխանությունները հոսանքը «զեմլյա էին տալիս», իսկ բուն պատերազմում ոչ մի պրոբլեմ չկար՝ մերոնք «մի քանի «Նիվով» ռայոններ էին վեկալում»։ Այդ քարոզչությունը շարունակվում էր նաև հետագայում, երբ ժողովուրդը կերակրվում էր «Կիլդիմ» մուլտերով ու որսորդական հրացանով թշնամական ԱԹՍ խոցող տղաների կերպարներով։ Նպատակը հասկանալի էր՝ եթե մենք առյուծներ ենք, իսկ նրանք՝ ոչխարներ, ուրեմն էլ ի՞նչ փոխզիջում, նման բան ասողը դավաճան է, և վերջ։ Մինչդեռ արցախյան առաջին պատերազմի իրական պատկերը և ուժերի ռեալ հարաբերակցությունը պատկերացնելը մարդկանց կստիպեր ավելի սթափ մոտենալ պատերազմի և խաղաղության երկընտրանքին։

Ի դեպ՝ մոտավորապես նույնը հիմա Ադրբեջանում է տեղի ունենում։ Հիմա էլ նրանց է թվում, թե հայկական բանակ չկա, իրենց զինվորներն առյուծներ են ու ինչքան ուզեն՝ առաջ կգան։ Բա եթե այդպես է՝ այդ 3 հազար (միայն պաշտոնական տվյալներով) զոհերը որտեղի՞ց, չլինի՞ շքերթով ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ Շուշի հասնելու ճանապարհին ուրախությունից ինֆարկտ են ստացել։ Հիմա էլ Ադրբեջանում են բողոքի ձայներ լսվում, թե ինչո՞ւ «մեր ասլաններին թույլ չեք տալիս ազատագրել Զանգեզուրն ու Բասարգեչարը», որովհետև հիմա էլ այնտե՛ղ չի գտնվում մեկը, որ վեր կենա ու սնապարծությունը մի կողմ դնելով անկեղծորեն ասի՝ գիտե՞ք, ճիշտն ասած՝ մի երկու փորձ արեցինք ու մռութներիս կերանք, էս պահին էսքանն էինք կարող։

Մեծ հաշվով՝ պրոբլեմն այն է, որ որևէ հասարակություն չի կարող խելամիտ որոշումներ ընդունել, եթե խեղաթյուրված է այն ինֆորմացիոն բազան, որի հիման վրա պիտի կայացվեն այդ որոշումները։ Մեր դեպքում այդ բազան խեղաթյուրվել է տասնամյակներ շարունակ, և, ի դեպ, հիմա էլ է խեղաթյուրվում, բայց՝ հակառակ նշանով։ Հիմա էլ իշխանությունները շատ վարպետորեն ժողովրդին ներշնչում են, թե արդեն վերջ, բանակ չունենք ու անգամ մեր սահմանները չենք կարող ինքնուրույն պաշտպանել, հետևաբար՝ ինչ խայտառակ փաստաթուղթ ստորագրենք, պիտի ըմբռնումով մոտենաք։ Բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3159 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ