...

Էս խելքին ենք, որ էս հալին ենք

Էս խելքին ենք, որ էս հալին ենք

Ընկերություններից մեկը Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու համար, թե քաղաքական ո՞ր ուժին կընտրեին ՀՀ քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը։ Պարզվել է, որ հստակ քաղաքական նախապատվություններ ունի քաղաքացիների միայն 36,8 տոկոսը, իսկ ահա 63,2 տոկոսը կամ չի մասնակցելու ընտրություններին, կամ դժվարացել է պատասխանել, կամ հրաժարվել է պատասխանել, կամ էլ հայտարարել է, որ ոչ մեկին չի ընտրելու։

Առանց որևէ քաղաքական ուժի անուն տալու պարզապես նկատենք, որ ըստ այս հարցման՝ ժողովրդի 16,5 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ այն ուժին, որի իշխանության տարիներին կորցրեցինք Արցախը, ՀՀ տարածքից ավելի քան 200 քկմ օկուպացվեց, և որի լիդերը հայտարարեց, թե իհարկե՝ կարող էր կեսից դադարեցնել պատերազմը, և նույն արդյունքը կունենայինք, բայց՝ առանց հազարավոր զոհերի։ 6,4 տոկոսը պատրաստ է ընտրել այն ուժին, որի լիդերը ժամանակին Հայաստանում հեղաշրջում իրականացրեց՝ մերժելով արժանապատիվ խաղաղության հեռանկարը, հայտարարեց, թե «Ղարաբաղի հարցը լուծված է», 10 տարի շարունակ կարգավորման ուղղությամբ ոչինչ չարեց, միայն ահռելի հարստություն կուտակեց, մի խոսքով՝ մոտեցրեց այն օրը, երբ Ադրբեջանն այնքան հզորացավ, որ կարողացավ ուժով լուծել հարցը։ 5,9 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ մի ուժի, որը հայտնի է միայն նրանով, որ դրա լիդերն ամենավերջին բառերով աջուձախ բոլորին հայհոյում է։ 2,2 տոկոսը պատրաստ է ձայն տալ մի ուժի, որի լիդերը ինչ անում է՝ ասենք թե համապատասխան ժողովրդի համար է անում։ 2,1 տոկոսը կքվեարկի այն ուժի օգտին, որի լիդերը 10 տարի շարունակել է իր նախորդի գործը, հետո ցանկացել է էլի շարունակել, բայց ոչինչ չի ստացվել, սուսուփուս թողել-գնացել է, հետո՝ 2023-ին, Ղարաբաղում հեղաշրջում է կազմակերպել, որի արդյունքում նախագահ դարձածն էլ, մի ամիս չանցած, հրամանագրով լուծարել է ԼՂՀ-ն։ Մնացածը «մանր-մունր» ուժեր են՝ «սկանդինավյան խաղաղապահներով», «Վիլսոնյան Հայաստանով», «Քուռ-Արաքսյան հանրապետությունով» և այլն։ Սա է մեր քաղաքական դաշտի ամփոփ պատկերն ու մեր հասարակության քաղաքական գրագիտության մակարդակը։

Իսկ այդ մակարդակը բարձրացնելը չափազանց բարդ է մի պարզ պատճառով․ գրեթե բոլոր մեդիա-ռեսուրսներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են հենց վերը թվարկված քաղաքական ուժերին։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ եթե հասարակության քաղաքական գրագիտության մակարդակը բարձրանա, բոլոր այդ ուժերը միասին կունենան ոչ թե 35-36, այլ առավելագույնը 2-3 տոկոս վարկանիշ։ Դրա համար էլ գրեթե բոլորին համախմբում է ընդհանուր շահը՝ թույլ չտալ, որ մարդիկ սկսեն սթափ գնահատել իրավիճակը, որպեսզի իրենք շարունակեն մարդկանց ականջներից լապշա կախել։ Հասկանալի է՝ ամեն մեկն իր յուրօրինակ լապշան, բայց դրանից ընդհանուր պատկերը չի փոխվում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ